5/10/15. ՆԱՏՕ-ի կանխատեսումը, Քոչարյան-Ալիեւ, Օսկանյանը ՄԱԿ-ում - Mediamax.am

exclusive
10300 դիտում

5/10/15. ՆԱՏՕ-ի կանխատեսումը, Քոչարյան-Ալիեւ, Օսկանյանը ՄԱԿ-ում


Իլյա Կլեբանովը եւ Էդուարդ Շեւարդնաձեն
Իլյա Կլեբանովը եւ Էդուարդ Շեւարդնաձեն

Լուսանկարը` REUTERS

Հեյդար Ալիեւը
Հեյդար Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

Ջորջ Ռոբերտսոնը
Ջորջ Ռոբերտսոնը

Լուսանկարը` REUTERS

Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Photolure


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը գործարկում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնելու իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-8

 

Իրականացած կանխատեսումը նոր անկայունության վերաբերյալ

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը հայտարարել էր հոկտեմբերի 3-ին, որ առաջիկա տարիներին Կովկասում դժվար թե հաջողվի խուսափել անկայունության նոր դրսեւորումներից եւ ցնցումներից:

Ջորջ Ռոբերտսոնը Ջորջ Ռոբերտսոնը

Լուսանկարը` REUTERS

«Կովկասը, Կենտրոնական Ասիան, Հյուսիսային Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը առաջարկում են անկայունության պոտենցիալ կոկտեյլ: Բոլոր այս տարածաշրջանները վերապրում են քաղաքական եւ տնտեսական փորձություններ: Համոզված եմ, որ ի վերջո այս փոփոխությունները դուրս կբերեն նրանց ճիշտ ուղու վրա: Սակայն միայն կույր լավատեսը կարող է խոսել այն մասին, որ այդ փոփոխությունները կընթանան առանց լուրջ ցնցումների», - ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

Ինչպես ցույց տվեց ժամանակը, Լորդ Ռոբերտսոնը միանգամայն ճիշտ էր:

 

Ալիեւն ու Քոչարյանը գոհ են հանդիպումից

 

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էին, որ բավարարված են հանդիպմամբ, որը կայացել էր հոկտեմբերի 6-ին Քիշնեւում, ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:

 

«Չեմ կարող ուրախացնել վերջնական որոշումներով, բայց պետք է ասեմ, որ շահագրգիռ երկխոսությունը շարունակվում է եւ կա խնդրի լուծումը գտնելու անկեղծ ցանկություն», - ասել էր Հայաստանի նախագահը:

Հեյդար Ալիեւը Հեյդար Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

«Հակամարտությունը ձգձգված է, դժվար եւ բարդ: Այն հնարավոր չէ լուծել միանգամից, սակայն այս հանդիպումները, այնուամենայնիվ, թույլ են տալիս մեզ քննարկել որոշ տարրեր եւ շարժվել առաջ: Ես կարծում եմ, որ դրանք պետք է շարունակվեն», - ասել էր Հեյդար Ալիեւը:

 

«Ինտենսիվ բանակցություններ»

 

Հոկտեմբերի 7-ին ելույթ ունենալով Ռուսաստանի Հայերի Միության կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանսում ՌԴ գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Թբիլիսին «ինտենսիվ բանակցություններ» են վարում Աբխազիայի տարածքով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ:

Իլյա Կլեբանովը եւ Էդուարդ Շեւարդնաձեն Իլյա Կլեբանովը եւ Էդուարդ Շեւարդնաձեն

Լուսանկարը` REUTERS

Կլեբանովն ասում էր, որ Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ տեղի են ունենում տարեկան 4-5 անգամ, իսկ այս հարցի լուծումը «կախված է Վրաստանի ղեկավարության քաղաքական որոշումից»:

 

15 տարվա ընթացքում Աբխազիայի երկաթուղու հնարավոր վերաբացման շուրջ խոսակցություններ եղել են բազմիցս, սակայն, ըստ երեւույթին, բոլորն էլ հասկանում են, որ այս հարցը դեռ երկար ժամանակ կմնա չլուծված:

 

Խաղաղ գործընթացի «ինվենտարիզացիան»

 

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը առաջարկել էր անցկացնել ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացի «ինվենտարիզացիա»:

 

Շուգարյանը հայտարարել էր, որ դա կարելի է անել, անցկացնելով փակ կոնֆերանս, որին կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի հիմնական մասնակիցները: Հայաստանի ԱԳ փոխնախարարի կարծիքով, նման կոնֆերանսը թույլ կտար անհրաժեշտ հետեւություններ անել ղարաբաղյան հարցի լուծման հետագա մեթոդաբանության կառուցման համար:

 

Շուգարյանը նշում էր, որ «բանակցային գործընթացի միակ իրական նվաճումը» 1994 թվականին  կնքված զինադադարն է: Կարգավորման ուղղությամբ մնացած քայլերը Հայաստանի ԱԳ փոխնախարարն անվանել էր «տակտիկական մտավոր վարժանքներ, որոնք ունեն ավելի շատ տեսական, քան կիրառական նշանակություն»:

 

Շուգարյանը նաեւ արտահայտվել էր միջնորդների դերի վերագնահատման օգտին: «Միջնորդների դերում հանդես են գալիս երկրներ, որոնք տարածաշրջանում հետապնդում շատ դեպքերում միմյանց հակասող շահեր» - ասում էր դիվանագետը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-8

 

Օսկանյանը դեմ է անկախության եւ անվտանգության «քվոտաներին»

 

Ելույթ ունենալով հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի նիստում, Վարդան Օսկանյանն ասել էր. «Մենք ուշադիր հետեւում ենք Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ միջազգային հանրության հստակ եւ կոշտ հայտարարություններ ենք լսում այն մասին, որ Կոսովոն չի կարող նախադեպ հանդիսանալ այլ հակամարտությունների համար»:

 

«Մենք մտադիր չենք օգտագործել Կոսովոն որպես նախադեպ մեր հակամարտության համար: Դա կհակասեր մեր դիրքորոշմանն այն մասին, որ բոլոր հակամարտությունները տարբերվում են: Միեւնույն ժամանակ, մենք չեն հասկանում եւ չենք ընդունում հակառակ տրամաբանությունը. եթե Կոսովոյին անկախություն շնորհվի, մյուս ժողովուրդներին չի հաջողվի ինքնորոշման հասնել: Ոչ ոք չպետք է մեզ ասի ազատության եւ անվտանգության քվոտաների առկայության մասին», - ընդգծել էր Վարդան Օսկանյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-8

 

Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից

 

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրան որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Վարդան Օսկանյանը Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Photolure

Միջնորդությունը բավարարելուն կողմ քվեարկեցին 64 պատգամավոր, դեմ՝ 6, 1 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Բարգավաճ Հայաստան, ՀՅԴ, ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:

 

Վարդան Օսկանյանը հերքում էր փողերի լվացման մեղադրանքները եւ պնդում, որ իրավապահ մարմինները քաղաքական պատվեր են կատարում:

 

Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց 2013 թվականի հուլիսին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին