5/10/15. Մադրիդյան սկզբունքների 10-ամյակը - Mediamax.am

exclusive
9944 դիտում

5/10/15. Մադրիդյան սկզբունքների 10-ամյակը


Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Քուշները 2007 թվականին
Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Քուշները 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ժոզե Մանուել Բարոզուն
Ժոզե Մանուել Բարոզուն
Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort 2003 զորավարժության բացմանը
Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort 2003 զորավարժության բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3

 

Դեսպանություն, որը չի եղել եւ չկա

 

Քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Իսրայել այցելած ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանություն բացելու հնարավորությունը:

 

Անցած 15 տարիների ընթացքում դեսպանությունը այդպես էլ չբացվեց: ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում՝ հրեական պետության կողմից Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելուն պես:

 

«Հաճույքով համագործակցել Թուրքիայի հետ»

 

Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կոչ էր արել ավելի հանգիստ վերաբերվել թուրք զինվորականների հնարավոր մասնակցությանը  Cooperative Best Effort-2003 զորավարժություններին:

 

Մեկնաբանելով այն հայտարարությունները, որ հայ եւ թուրք զինվորները չեն կարող հանդես գալ որպես դաշնակիցներ, ինչպես դա ենթադրում են Cooperative Best Effort զորավարժությունները, Սերժ Սարգսյանը ասել էր.

Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort 2003 զորավարժության բացմանը Սերժ Սարգսյանը Cooperative Best Effort 2003 զորավարժության բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Եկեք պատկերացնենք, որ տարածաշրջանում, Աստված մի արասցե, հայտնվի ռազմականացված ահաբեկչական խմբավորում, որը կսպառնա ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային: Ի՞նչ անել նման իրավիճակում: Անձամբ ես այդ դեպքում հաճույքով կհամագործակցեմ Թուրքիայի հետ»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3

 

Մադրիդյան սկզբունքները

 

Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Քուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բըրնսը Մադրիդում հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եւ ներկայացրել նրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկների ընդլայնված փաթեթը:

 

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին Լավրովը, Քուշները եւ Բըրնսը ընդունել էին համատեղ հայտարարություն, որում ասված էր, որ կողմերին ներկայացվել են  «հակամարտության խաղաղ կարգավորման արդար եւ հավասարակշռված հիմնական սկզբունքները»:

Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Քուշները 2007 թվականին Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Քուշները 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Կողմերին փոխանցված` հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում դիտարկվում է որպես առավել կենսունակ հիմք ապագա կարգավորման համար: Հակամարտության կողմերին առաջարկվել է ավարտել բանակցությունների ներկայիս փուլը հիմնական սկզբունքների ընդունմամբ եւ անհապաղ անցնել նոր փուլին` համապարփակ խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը: Բացի այդ, նրանց նաեւ խնդրել ենք չխոչընդոտել ԵԱՀԿ-ի կողմից շփման գծի դիտարկումների վերսկսմանը, շարունակել վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել հնարավոր բոլոր բնագավառներում, նախապատրաստել բնակչությանը խաղաղությանն ու անմիջապես դադարեցնել հանդես գալ հայտարարություններով, որոնք ենթադրում են, թե պատերազմը կարող է հակամարտության լուծման միջոց դառնալ», - ասվում էր հայտարարության մեջ:

 

Մադրիդում կայացած բրիֆինգի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր հանդիպման կարեւորության մասին:

 

«Այս քայլը ես համարում եմ հատկապես կարեւոր, քանի որ մինչ օրս ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն առաջին անգամ հավաքվել են մեկ փաստաթղթում: Մենք կարծում ենք, որ այն լրացուցիչ քայլերը, որոնք կողմերը դեռ պետք է կատարեն լիակատար կարգավորման հասնելու համար, զգալիորեն կհեշտանան տվյալ փաստաթղթի առկայությամբ»,- նշել էր ռուսաստանցի նախարարը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3

 

Սահակաշվիլին եւ Բարոզուն՝ Երեւանում

 

Նոյեմբերի 30-ին Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:

Ժոզե Մանուել Բարոզուն Ժոզե Մանուել Բարոզուն

 

Գագաթաժողովին մասնակցեցին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին