5/10/15. «Անշնորհակալ» Ադրբեջանը, Տեր-Պետրոսյան vs Քոչարյան - Mediamax.am

exclusive
11108 դիտում

5/10/15. «Անշնորհակալ» Ադրբեջանը, Տեր-Պետրոսյան vs Քոչարյան


Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Զոհրաբ Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-10

 

«Անշնորհակալ» Ադրբեջանը

 

Ելույթ ունենալով Պորտոյում ընթացող ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «հսկայական ճկունություն եւ խոհեմություն են ցուցաբերել` առաջ տանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»:

 

«Միջնորդները ոչ մի օգնություն չեն ստացել Ադրբեջանից, որը սկանդալային եւ անշնորհակալ կերպով մերժում է բոլոր նախաձեռնությունները, եթե դրանք չեն համապատասխանում Բաքվի մաքսիմալիստական ճարտասանությանը»,- ասել էր Օսկանյանը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-10

 

«Հաճոյախոսությունների» փոխանակումը

 

Դեկտեմբերի 6-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը «հաճոյախոսություններ» փոխանակեցին. մոսկովյան «Կոմերսանտ» թերթում հրապարակվել էր ՀՀ նախկին նախագահի հարցազրույցը, իսկ «Գոլոս Արմենիի» թերթում՝ գործող նախագահի պատասխանները ընթերցողների հարցերին:

 

«Միանգամից ասեմ, ես ամբիցիաներ չունեմ: Ես ոչինչ չեմ ստանա նոր նախագահությունից: Հակառակը` կկորցնեմ ազատությունս: Իսկ համբերությունից ինձ հանեց պետությունը, որը ստեղծել են ձեզ հայտնի երկու անձինք: Դա վերեւից ներքեւ կոռումպացված ռեժիմ է: Կլեպտոկրատիա, որտեղ ամեն ինչ ենթարկվում է հանցագործ աշխարհի օրենքներին: Երկրի ամբողջական թալանում: Արտաքին եւ ներքին քաղաքականության նմանակում, որն ունի մեկ նպատակ` անձնական հարստացում: Նրանք մի մոդել են ստեղծել, որտեղ իշխանության հավասարակշռության մասին անգամ ակնարկ չկա: Կա հստակ կառուցված բուրգ»,- հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Եւս 5-10 տարի, եւ դա աղետ կլիներ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, ԼՂ հարցի կարգավորման, Հայաստանի շրջափակման: Նույնիսկ ժողովրդագրական հարցերում, քանի որ արտագաղթը միայն կավելանա: Դա էլ ուղղորդեց իմ քայլը: Ես պատրաստ եմ դառնալ գործիք, որը թույլ կտա ազատվել այս իշխանությունից: Իսկ դրանից հետո կհեռանամ ու ժողովրդին հնարավորություն կտամ ընտրել նոր նախագահ»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: 

 

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ գիտակցաբար չէր տալիս Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) եւ նախկին իշխանությունների գործունեության քաղաքական գնահատականը:

 

«Ես իսկապես խուսափել եմ այդ գնահատականներից, սակայն բացատրել եմ իմ դիրքորոշումը` չեմ ցանկացել շարունակել խորհրդային ավանդույթը, երբ ամեն նոր ղեկավար սկսում էր նախորդ ղեկավարման քննադատությունից: Ես կարծում էի, որ հարկավոր է ցույց տալ արդյունք, եւ ժողովուրդը` տեսնելով տարբերությունը, կտա իր գնահատականը: ՀՀՇ-ական եւ ոչ մի գործիչ հալածանքների չի ենթարկվել: Հակառակ դեպքում նրանց կեսը մինչ այժմ նստած կլիներ խոշոր հափշտակումների համար: Վանո Սիրադեղյանը գտնվում է հետախուզման մեջ` սպանությունների կազմակերպման համար: Ես խուսափել եմ այդ թեմայից 9 տարի, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն իրենք չսադրեցին այս բանավեճերը: Այսօր ես բաց ասում եմ, որ ՀՀՇ-ն չարաշահել է ժողովրդի վստահությունը: ՀՀՇ-ն քանդեց երկրի տնտեսությունը` Հայաստանը դարձնելով աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: ՀՀՇ-ն իշխանության եկավ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա եւ դավաճանեց այն: ՀՀՇ-ին խորթ է ազգային գաղափարախոսությունը, նա պատրաստ է մոռանալ Ցեղասպանությունն ու Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդը»,- ասել էր ՀՀ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը բոլոր բանակցությունները վարվում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում: Օգտագործվում էր դե-յուրե Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո` հարաբերական անկախ կարգավիճակի բանաձեւը: Փաստորեն` լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Դա պարտվողական դիրքորոշում էր, որի վերացման համար ես շատ տարիներ եմ ծախսել: Հիմա բանակցային գործընթացի հիմքում ինքնորոշման սկզբունքն է»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-10

 

Հայաստանը վերահաստատում է պատրաստակամությունը

 

ՀՀ ԱԳ փոխնախարար, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրյուսելում մասնակցել էր Արեւելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը:

Զոհրաբ Մնացականյանը Զոհրաբ Մնացականյանը

 

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել էր մինչեւ 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտելու Հայաստանի պատրաստակամությունը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին