Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-24
Մաթեւոսյանի մահը
Դեկտեմբերի 19-ին 67 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող Հրանտ Մաթեւոսյանը:
Գեղամյանի համոզմունքը
Դեկտեմբերի 23-ին «Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը համոզմունք էր հայտնել, որ հաղթանակ է տոնելու 2003 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում: Գեղամյանը հայտարարել էր, որ կհաղթի ընտրությունների առաջին իսկ փուլում եւ կձեւավորի «ազգային համաձայնության կառավարություն»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-24
Հայաստանը կողմ է, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը դեկտեմբերի 19-ին ասել էր, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի՝ Եվրոպական Միությանը անդամակցելուն: Նա հույս էր հայտնել, որ «հենց եվրաինտեգրման հարթության մեջ հնարավոր կլինի գտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման բանալիները»:
Լուսանկարը` Ֆոտոլուր
«Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին մեզ թույլ կտա ունենալ կանխատեսելի հարեւան, որը հավատարիմ է եվրոպական արժեհամակարգին»,- ասել էր Տիգրան Թորոսյանը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-24
Սարգսյանի եւ Ալիեւի հեռակա «երկխոսությունը»
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ «հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում»:
Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
«Ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: Իմ խոսքերի հաստատումը վախկոտ եւ փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձեւավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում հայտարարել էր, որ «էթնիկ հանդուրժողականությունը դարձել է ադրբեջանական հասարակության օրինակելի նորմը»:
Հրիսթեայի նախազգուշացումը
Դեկտեմբերի 20-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասել էր.
Լուսանկարը` Ֆոտոլուր
«Հայաստանն ունի իր ինքնիշխան իրավունքը որոշելու, թե ինչպես է տեսնում իր հետագա զարգացման ճանապարհը: Նա կա՛մ պետք է համագործակցի ԵՄ հետ, կա՛մ արդեն մասնակցի Եվրասիական ծրագրերին: Չենք կարող միաժամանակ տնտեսական եւ առեւտրային համագործակցություն զարգացնել երկու տարբեր կառույցների հետ: Գնդակը հիմա ձեր դաշտում է»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: