5/10/15. Դիվերսիա Աղդամում, visa-free ԵՄ-ի համար, Հենոյի վերելքը - Mediamax.am

exclusive
10420 դիտում

5/10/15. Դիվերսիա Աղդամում, visa-free ԵՄ-ի համար, Հենոյի վերելքը


Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. հունվարի 11-ի մամուլի ասուլիսում
Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. հունվարի 11-ի մամուլի ասուլիսում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Շտեֆան Ֆյուլեն
Շտեֆան Ֆյուլեն

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-14

 

Դիվերսիա

 

Հունվարի 8-ին Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել էր ներթափանցել Արցախի տարածք:

 

Մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները անհրաժեշտ միջոցներ էին ձեռնարկել խմբի վնասազերծման համար: Գործողությունների արդյունքում ադրբեջանական զինծառայողներից մեկը վիրավորվել էր եւ գերի վերցվել:

 

Հիասթափություն

 

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 10-ին Երեւանում հայտարարել էր, որ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների կողմից Բաքվում՝ Հայաստանի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարությունները «ստվեր են գցում երկկողմ հարաբերությունների կարգավորման հույսի վրա, որն ի հայտ էր եկել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդների հնչեցրած բավականին մեղմ հայտարարությունների մեջ»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-14

 

OMX-ի մուտքը

 

Հունվարի 7-ին շվեդական OMX բորսային օպերատորը դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի (Armex) եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերը:

 

Դրանից կես տարի առաջ՝ 2007 թվականի հունվարի 6-ին, OMX Group-ի փոխնախագահ Հենրի Բերգսթրոմը Երեւանում հայտարարել էր Հայաստանի կապիտալի շուկայում «հեղափոխության» անհրաժեշտության մասին: Նա նշում էր, որ ներկայումս Հայաստանի կապիտալի շուկան գտնվում է վերակենդանացման վիճակում, «երբ դժվար է շնչել եւ սնվել, իսկ սիրտը վատ վիճակում է»: Սակայն, ընդգծել էր նա, «առկա է շուկայի մասնակիցների կամքը եւ պատրաստակամությունը` աջակցելու վերակենդանացման գործընթացին»:

 

Ցավոք, անցած 10 տարիների ընթացքում Հայաստանի կապիտալի շուկայում «հեղափոխություն» այդպես էլ տեղի չունեցավ:

 

Տեր-Պետրոսյանի հայտարարությունները

 

ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 11-ին Երեւանում հայտարարել էր, որ «արդեն հաղթել է» փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. հունվարի 11-ի մամուլի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. հունվարի 11-ի մամուլի ասուլիսում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը լրագրողների հետ նրա առաջին մամուլի ասուլիսն էր 10 տարվա ընթացքում:

 

Տեր-Պետրոսյանն ասել էր, որ իրեն պատասխանատու է համարում այն բանի համար, որ ժամանակին Հայաստան հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: «Փաստն այն է, որ եթե ես նրանց չհրավիրեի, այսօր նրանք մեր գլխին նստած չէին լինի»,- ասել էր նա:

 

Նա նշել էր, որ չունի որեւէ անձնական ամբիցիաներ` «ես ինքնաբավ մարդ եմ, եւ եղել եմ այդպիսին նաեւ մինչեւ 1988 թվականը, երբ զբաղվում էի գիտությամբ եւ միջազգային ճանաչում ունեցող մասնագետ էի»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-14

 

Բարի գալուստ, ԵՄ քաղաքացիներ

 

Հունվարի 10-ին ուժի մեջ մտավ ՀՀ կառավարության որոշումը, որի համաձայն ԵՄ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի:

Շտեֆան Ֆյուլեն Շտեֆան Ֆյուլեն

 

Նույն օրը Բրյուսելում կայացավ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը, որի ժամանակ եվրոպացի պաշտոնյան իր երախտագիտությունը հայտնեց ընդունած որոշման համար:

 

Հենոյի վերելքը

 

Հունվարի 10-ին ռուսական «Սպորտ էքսպրես» թերթը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել էր հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստ:

 

«Ես ինձ աստղ չեմ համարում եւ դեռ երկար ճանապարհ ունեմ մեծերին հասնելու համար. Նրանց մակարդակին հասնելու համար պետք է շատ աշխատել», - «Սպորտ Էքսպրեսի»-ին տված հետ հարցազրույցում ասել է Հենրիխ Մխիթարյանը:

 

Ֆուտբոլիստը խոստովանել էր, որ վերջերս ավելի վստահ է մոտենում գոլային պահերի իրականացմանը: Պատասխանելով նման վստահության հասնելու գաղտնիքների մասին հարցին` Հենրիխ Մխիթարյանն ասել էր.

Հենրիխ Մխիթարյանը Հենրիխ Մխիթարյանը

 

«Միայն ճիշտ աշխատանք պարապմունքների ժամանակ: Ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ մոտեցում գործին: Սեփական փորձից հասկացա, որ բարձր մակարդակի ֆուտբոլում մանրուքներ չկան: Ինչպես ես հանգստացել, ինչ ես կերել, ինչպես ես քնել` ամեն ինչ ազդում է խաղի վրա: Արդյունքում հետեւյալ շղթան է ստացվում. ավելի լավ պատրաստվեցիր - ավելի լավ խաղացիր - ավելացրեցիր վստահությունդ - ավելի շատ գնդակ խփեցիր - ցանկություն առաջացավ էլ ավելի լավ պատրաստվել»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին