5/10/15. «Մարտի 1-ը», Թանգյանի եւ Սարգսյանի նամակագրությունը - Mediamax.am

exclusive
9402 դիտում

5/10/15. «Մարտի 1-ը», Թանգյանի եւ Սարգսյանի նամակագրությունը


Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին
Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

2008թ. մարտի 2-ի առավոտյան Երեւանում
2008թ. մարտի 2-ի առավոտյան Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականին
Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Թանգյանը եւ Սերժ Սարգսյանը Թումո կենտրոնի բացմանը
Սերժ Թանգյանը եւ Սերժ Սարգսյանը Թումո կենտրոնի բացմանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաքը
Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաքը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականին
Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին
Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վալտեր Շվիմերը
Վալտեր Շվիմերը

Լուսանկարը` Եվրոպայի Խորհուրդ


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ՄԱՐՏԻ 4

 

Չի համոզելու

 

Փետրվարի 26-ին ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքել էր նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների՝ «զանգվածային ձերբակալությունների» մասին հայտարարությունները:

 

Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ ընդդիմության հանրահավաքների շարքային մասնակիցները պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվել են հասարակական կարգը խախտած եւ խուլիգանական արարքներ գործած անձինք:

Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մեկնաբանելով նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի հայտարարությունները այն մասին, որ իրենց թեկնածուն կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին միայն մի շարք պայմանների կատարման, այդ թվում՝ առաջին փուլի ձայների վերահաշվարկի դեպքում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «չի պատրաստվում համոզել որեւէ մեկին մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին»:

 

Կոչեր՝ Ստրասբուրգից

 

Փետրվարի 26-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պիտեր Շիդերը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմադիր ուժերին ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին «հանգստացնել քաղաքական մթնոլորտը» եւ հանդես էր եկել «երկրորդ փուլն ազատ եւ արդար» անցկացնելու օգտին:

 

«Մենք լրջորեն մտահոգված ենք այն թերություններով եւ խախտումներով, որոնց մասին ընտրությունների առաջին փուլից հետո հաղորդել են միջազգային դիտորդները: Եթե Հայաստանն ուզում է ապրել Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած իր ժողովրդավարական պարտավորություններին համապատասխան, ընտրությունների երկրորդ փուլում այդ խախտումները չպետք է կրկնվեն»,- հայտարարել էր ԵԽԽՎ նախագահը:

Վալտեր Շվիմերը Վալտեր Շվիմերը

Լուսանկարը` Եվրոպայի Խորհուրդ

Մարտի 4-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ էր արել «հիշել, որ երկիրը կարիք ունի ազատ ընտրությունների, որոնք արդար եւ լեգիտիմ կճանաչվեն բոլոր մասնակիցների կողմից»:

 

«Առաջին փուլում եւ նրանից հետո տեղ գտած միջադեպերի կրկնությունը կնշանակի, որ այս ընտրությունները կորուսյալ կլինեն բոլորի համար` անկախ արդյունքներից»,- ասել էր Շվիմերը: Նա ափսոսանք էր հայտնել այն կապակցությամբ, որ «ընտրությունների առաջին փուլում Հայաստանը բաց է թողել անցյալի ընտրական պրակտիկայից հրաժարվելու եւ ոչ միայն իր ընտրողների, այլեւ եվրոպական հասարակական կարծիքի վստահությունը շահելու հնարավորությունը»:

 

Բանավեճ չի լինելու

 

ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց մասնակցել մարտի 3-ին նախատեսված հեռուստաբանավեճից գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ինչպես հայտնել էր Դեմիրճյանի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը, իրենց թեկնածուն պատրաստակամություն էր հայտնել մասնակցել ուղիղ եթերում հեռուստաբանավեճին Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Հանրային հեռուստաընկերության եւ հինգ մասնավոր հեռուստաընկերությունների կողմից առաջարկվող բանավեճի ձեւաչափը ենթադրում է երկու թեկնածուների «համատեղ մամուլի ասուլիս»:

 

Բուշի եւ Ալիեւի «չափազանց ջերմ» հանդիպումը

 

Սպիտակ Տան մամուլի խոսնակ Արի Ֆլաշերը ասել էր, որ փետրվարի 26-ին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ եւ Ադրբեջանի նախագահներ Ջորջ Բուշի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումն անցել է «չափազանց ջերմ մթնոլորտում»: Նա հայտնել էր, որ Բուշը երախտագիտություն էր հայտնել Ադրբեջանի նախագահին «ահաբեկչության դեմ պատերազմում ցուցաբերած ամուր աջակցության համար»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ՄԱՐՏԻ 4

 

«Նա խելագար չէ»

 

Փետրվարի 26-ին ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրանքներով էր հանդես եկել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ փետրվարի 19-ի ընտրություններում երկրի ղեկավար ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին:

 

Ռուսական «Գազետա» թերթին տված հարցազրույցում մեկնաբանելով ուժային սցենարով իրադարձությունների հնարավոր զարգացումը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր.

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ, երազում են այն մասին, որ մենք գնանք այն ճանապարհով, որը դուք ի նկատի ունեք: Այդպիսի բան չի լինի: Եվ դա պետք էլ չէ: Մենք կստեղծենք այնպիսի իրավիճակ, երբ ուժի կիրառումը իրենց կողմից խենթություն կլինի: Նրանք հիմար կամ խելագար չեն: Նրանք էլ են հաշվարկում: Ինչի՞ն է պետք Ռոբերտ Քոչարյանին իր վրա արյուն վերցնել: Նրա վրա առանց դրա էլ այն բավական է: Նա հեռացող նախագահ է: Նա արդեն մտածում է պատմության մասին: Եվ հանկարծ, իր ղեկավարման վերջին ամսին, այդպիսի բան անել, ոչ` նա խելագար չէ»:

 

««Մերոնքականներ-ձերոնքականներ» չկան»

 

Փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանը համագործակցության կոչով դիմեց նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին:

 

«Եկեք համագործակցենք՝ ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում: Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ:

Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաքը Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաքը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նա նշել էր, որ «այսօր մենք ականատեսն ենք հասարակության բաժանման ու տրոհման, ականատեսն ենք, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին»:

 

«Ինձ համար այսօր չկա «մերոնքական-ձերոնքականի» խնդիր, չկա իշխանության ու ընդդիմության խնդիր: Այսօր կա Հայաստանի խնդիրը: Այդ պատճառով, ես կոչ եմ անում բոլորին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց գաղափարախոսական մոտեցումներից, հաղթահարել մեր ժողովրդի միջև մտցված այս արհեստական բաժանումը»,- ասում էր Սերժ Սարգսյանը:

 

«Ես հորդորում եմ ձեզ չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ` մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են: Համոզված եմ, նրանց հրապարակ է բերել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությունը, սակայն, ավաղ, նրանց արդեն թույլ չեն տալիս նկատել, թե ինչպես են ակամա դարձել մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը: Ես գիտեմ, թե դուք որքան եք վրդովվել այս օրերին, հետևելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես գիտեմ, որքան շատ են այսօր մարդիկ, որ պատրաստ են փողոց դուրս գալ, պաշտպանելու իրենց տված քվեն: Ես այդ ամենը շատ լավ գիտեմ: Բայց ես խնդրում եմ ձեզ զսպել հույզերը. թե խոսք ունեք ասելու, ապա խնդրում եմ միայն իրականությունը տեսնելու հորդորներ թող լինեն դրանք, եթե գործողություններ եք ուզում ձեռնարկել, ապա թող որ դրանք լինեն բարիքի ու հանդուրժողականության քայլեր: Խնդրում եմ, միշտ ու անընդհատ հիշեք, մյուս հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

 

«Պետությունը չի կարող անընդհատ հանդուրժել»

 

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 26-ին հայտարարել էր, որ «պետությունը չի կարող անընդհատ հանդուրժել օրենքի խախտումները»: Նա այսպես էր մեկնաբանել էր այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողակիցները 6 օր չարտոնված ցույցեր եւ քայլերթեր են անցկացնում Երեւանի կենտրոնում:

 

«Ոստիկանությունը վաղուց պետք է միջոցներ ձեռնարկեր, սակայն  դա չի արել մի պատճառով. ես կոչ եմ արել իրավապահ մարմինների աշխատակիցներին ցուցաբերել համբերություն, հույս ունենալով, որ մարդիկ ինքնուրույն խելքի կգան: Կարծում եմ, 6 օրը բավարար ժամկետ է ուշքի գալու համար: Մենք մի փոքր էլ կհամբերենք, սակայն հետագա դանդաղեցումը կարող է հասարակության շրջանում իրավապահ մարմինների նկատմամբ անվստահություն սերմանել: Մենք ունենք այդ ուժը, սակայն հասկանում ենք, որ հրապարակում հավաքվածների շրջանում քիչ չեն մոլորեցված մարդիկ»,- ասել էր ՀՀ նախագահը:

 

Աշխատանք՝ նամակների բաժնում

 

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 26-ին ասել էր, որ պատրաստ է Լեւոն Տեր-Պետրոսյանին աշխատանքի ընդունել նախագահի աշխատակազմի նամակների բաժնում:

 

«Եթե նրան դուր է գալիս այդ շենքը, ես պատրաստ եմ աշխատանքի ընդունել նրան նամակների բաժնում: Թող նստի ու կարդա, թե ինչեր են գրում մարդիկ իր կառավարման տարիների մասին»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

Արթուր Բաղդասարյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար

 

Փետրվարի 29-ին ստորագրվեց համաձայնագիր այն մասին, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կկազմի: 

 

Արթուր Բաղդասարյանը զբաղեցրեց ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականին Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ես ուրախ եմ, որ Արթուր Բաղդասարյանն արձագանքել է երկիրը համատեղ ջանքերով կառավարելու մեր առաջարկին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

«Մենք արժանապատվորեն սեղմում ենք մեզ մեկնված ձեռքն ու վստահ ենք, որ սրանով սկսվում է ազնիվ եւ բարենպաստ գործընթաց` ի պատիվ հայրենիքի»,- մեկնաբանել էր Արթուր Բաղդասարյանը:

 

Մարտի 1-ը

 

Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ուժերն «մաքրեցին» Ազատության հրապարակը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ցրելով իր կողմնակիցների հանրահավաքը, «Հայաստանի իշխանությունները մարտահրավեր են նետել ոչ միայն իրենց ժողովրդին, այլեւ միջազգային հանրությանը»:

 

Մարի 1-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը Երեւանում արտակարգ դրություն հայտարարեց: Մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ եղան, որոնց զոհ դարձավ 10 մարդ:

 

«Մարտի 1-ը» դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը:

2008թ. մարտի 2-ի առավոտյան Երեւանում 2008թ. մարտի 2-ի առավոտյան Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարտի 3-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին` ասելով է, որ Երեւանի անկարգությունների կազմակերպիչները «կպատասխանեն օրենքի, պատմության ու սերունդների առաջ»:

 

«Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց: Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե՛ ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե՛ մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում: Հարյուրավոր քաղաքացիներ են տուժել արմատական ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետևանքով»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ 26-ՄԱՐՏԻ 4

 

Թանգյանի նամակը Սարգսյանին

 

Փետրվարի 26-ին հրապարակվեց ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` փետրվարի 18-ին կայացած ընտրությունների առնչությամբ:

Սերժ Թանգյանը եւ Սերժ Սարգսյանը Թումո կենտրոնի բացմանը Սերժ Թանգյանը եւ Սերժ Սարգսյանը Թումո կենտրոնի բացմանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նամակում, մասնավորապես, ասված էր.

 

«Շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե` ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների հաղորդումներին կեղծիքների մասին` անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ` արդյո՞ք ստացել եք ձայների մեծամասնությունը, թե ոչ: Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չե՞, որ Դուք, Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞ ոչ: Անձամբ ես կվրդովվեի նման պարագայում:

Եթե ես ուզենայի առաջնորդել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը: Այլապես ես կտիրանայի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր, կամ որևէ այլ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացել է, եւ նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան»:

 

Սարգսյանի պատասխանը  Թանգյանին

 

Նույն օրը, փետրվարի 26-ին, Սերժ Սարգսյանը պատասխանեց Թանգյանի նամակին: Պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչեւ ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երեւանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար»:

 

Ադրբեջանը դժգոհ է Սպիտակ տան «անտարբերությունից»

 

Փետրվարի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը ասել էր, որ «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ Սպիտակ տան «ընդհանուր հայտարարությունը» այդ հարցի շուրջ ԱՄՆ-ի հստակ դիրքորոշման բացակայության վկայությունն է: 

 

«Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն անտարբեր է մնում մարդկության դեմ կատարված հանցանքի նկատմամբ»,- ասել էր Աբդուլաեւը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին