5/10/15. «Առանց բարդույթների», ԱԳՆ vs Բրայզա, հոդված Post-ում - Mediamax.am

exclusive
10445 դիտում

5/10/15. «Առանց բարդույթների», ԱԳՆ vs Բրայզա, հոդված Post-ում


Գրետա Սարգսյանը
Գրետա Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը 2008թ. մարտին
Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը 2008թ. մարտին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Մեթյու Բրայզան 2008թ. մարտին
Սերժ Սարգսյանը եւ Մեթյու Բրայզան 2008թ. մարտին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-18

 

«Չեմ լինի կոմպլեքսավորված նախագահ»

 

«Ես երբեք չեմ եղել եւ չեմ լինի կոմպլեքսավորված նախագահ»,-  մարտի 12-ին Երեւանում հայտարարել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

Ելույթ ունենալով ճեպազրույցում, նա ասել էր, որ չի ցանկանում «շաղկապել ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդների գնահատականների միջեւ եղած տարբերությունն աշխարհաքաղաքական շահերի միջեւ տարբերության հետ»:

 

«Կան բաներ, որոնք վերաբերում են շատ մեծ քաղաքականությանը, եւ որոնց մասին ավելի լավ է լռել: Դա ավելի օգտակար է երկրի համար: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ մենք ասելիք չունենք»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

Սարգսյանի ձերբակալությունը

 

Մարտի 17-ին ձերբակալվել էր ձեռնարկատեր Արմեն Սարգսյանը՝ 1999 թվականի հոկտեմբերին խորհրդարանի շենքում ահաբեկիչների կողմից սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը: Գլխավոր դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար:

 

Նույն օրը ձեռնարկատիրոջ մայրը՝ Գրետա Սարգսյանը, նստացույց սկսեց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:

 

«Մենք կշարունակենք նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություններն ազատ չեն արձակել Արմենին, ինչպես նաեւ ընդդիմության բոլոր ակտիվիստներին, որոնք ձերբակալվել էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ»,- ասել էր Գրետա Սարգսյանը:

Գրետա Սարգսյանը Գրետա Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Արմենի ձերբակալությունը որակում եմ որպես իմ երրորդ որդի Արամի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ, քանի որ այսօր նա ընդդիմության առաջնորդներից մեկն է»,- ասել էր Գրետա Սարգսյանը: Ըստ նրա, Արմեն Սարգսյանի ձերբակալությունը «1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության շարունակությունն է»:

 

Հայաստանի ընդդիմադիր ուժերի կողմից մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ստեղծված «Արդարություն» նախընտրական դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված էր. «Ձերբակալելով Արմեն Սարգսյանին, իշխանությունները հերթական երաշխիքը տվեցին հոկտեմբերի 27-ի  1999 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչությունն իրականացրած ոճրագործներին»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-18

 

Գրեթե պատժամիջոցներ

 

Մարտի 12-ին հանդես գալով Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի Հատկացումների կոմիտեի լսումներին, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցրել են Հայաստանի աջակցության մի շարք ծրագրեր` հանրապետությունում մտցված արտակարգ դրության պատճառով:

 

Հիշեցնելով, որ ԱՄՆ-ն Հայաստանին աջակցում է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, պետքարտուղարը զգուշացրել էր, որ դրա իրագործումը եւս կարող է տուժել արտակարգ դրության պատճառով: 

 

ՀՀ ԱԳՆ-ն «ապշած է»

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «ապշած» է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի կամայական հայտարարություններից, մարտի 12-ին ասել էր ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների` մարտի 1-2 մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններին արձագանքը «կոպիտ էր եւ դաժան»: Նա նաեւ ասել էր, որ ԱՄՆ հիասթափված է ՀՀ ընդդիմության առաջնորդների ձերբակալություններով:

Սերժ Սարգսյանը եւ Մեթյու Բրայզան 2008թ. մարտին Սերժ Սարգսյանը եւ Մեթյու Բրայզան 2008թ. մարտին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը կարող է նման կամայական հայտարարություններ անել»,- ասել էր Տիգրան Բալայանը:

 

«Մենք մեզ մեղավոր ենք զգում կատարվածի համար»

 

ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին հայտարարել էր, որ իրեն մեղավոր է զգում մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի համար:

 

Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավի ընթացքում նման զարգացումները բազմիցս կանխատեսվել էին, սակայն «մեզ չհաջողվեց կանխել դրանք, այդ իսկ պատճառով մենք մեզ մեղավոր ենք զգում կատարվածի համար»:

 

Կառավարության ղեկավարը նշել էր, որ «այսօր յուրաքանչյուրի մեղավորության աստիճանը որոշելու ժամանակը չէ, այլ հարկավոր է մտածել զանգվածային անկարգությունների հետեւանքները վերացնելու մասին»:

 

Միաժամանակ, ասել էր Սարգսյանը, կան մարդիկ, որոնց ուրախացնում է ստեղծված իրավիճակը: «Կան տեղեկություններ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 2-ին իր հեռախոսազրույցներում խոստովանել էր, որ երբեք այդքան հանգիստ չէր քնել»,- ասել էր նորընտիր նախագահը:

 

«Առաջ շարժվելով Հայաստանում»

 

Մարտի 17-ին Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը The Washington Post թերթում հրապարակել էին «Առաջ շարժվելով Հայաստանում» (Moving Forward in Armenia) համատեղ հոդվածը:

 

Հոդվածում նրանք նշել էին, որ «մենք հակառակորդներ էինք նախագահական ընտրություններում, սակայն միավորվեցինք ճգնաժամին վերջ դնելու եւ Հայաստանը ճիշտ ուղու վրա վերադարձնելու մեր ցանկության մեջ»:

Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը 2008թ. մարտին Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը 2008թ. մարտին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մեր առաջնահերթությունը թափանցիկ կառավարությունն է, մենք ունենք հստակ օրակարգ, որը կներկայացնենք: Մենք կպայքարենք կոռուպցիայի դեմ: Մենք չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ շատ աշխատանք ունենք: Չնայած վերջին իրադարձություններին, մեր երկիրը շարունակում է առաջ շարժվել: Միջազգային հանրությունը կշահի Հայաստանում կայուն, թափանցիկ եւ ընտրված կառավարությանն աջակցելուց»,- գրում էին Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-18

 

Հայցերը մերժվել են

 

Մարտի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերը, ովքեր վիճարկում էին ընտրությունների պաշտոնական արդյունքները:

 

Դատարանը որոշել էր ուժի մեջ թողել Հայաստանի ԿԸՀ որոշումը, որի համաձայն  փետրվարի 18-ին կայացած ընտրություններում նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին