5/10/15.Օսկանյան-Գյուլ, ՀԱԷԿ, Սարգսյանը՝ Ադրբեջանի ֆիասկոյի մասին - Mediamax.am

exclusive
9506 դիտում

5/10/15.Օսկանյան-Գյուլ, ՀԱԷԿ, Սարգսյանը՝ Ադրբեջանի ֆիասկոյի մասին


Հյուգ Մինգարելին
Հյուգ Մինգարելին

Լուսանկարը` Unian

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը 2013թ. հունիսի 5-ին
Սերժ Սարգսյանը 2013թ. հունիսի 5-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Վանո Մերաբիշվիլին
Վանո Մերաբիշվիլին

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-10

 

ԵՄ-ն՝ ՀԱԷԿ-ի մասին

 

Հունիսի 4-ին Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ընդհանուր գրասենյակի տնօրեն Հյուգ Մինգարելին Երեւանում ասել էր, որ ԵՄ-ն Հայկական ատոմակայանի անվտանգ փակումն ապահովելու նպատակով պատրաստ է տրամադրել 100 մլն եվրո: Մինգարելին ընդգծել էր, որ ԵՄ-ն շարունակում է պնդել ՀԱԷԿ-ի շուտափույթ փակման անհրաժեշտության մասին եւ մտադիր է առաջիկայում այդ նպատակն իրագործելուն նվիրված դոնորների կոնֆերանս կազմակերպել:

Հյուգ Մինգարելին Հյուգ Մինգարելին

Լուսանկարը` Unian

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ի պատասխան հայտարարել էր, որ Երեւանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ատոմակայանը պետք է գործի այնքան, մինչեւ Հայաստանը չապահովվի էներգիայի այլընտրանքային աղբյուրներով:

 

Օսկանյան-Գյուլ

 

Հունիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Մադրիդում հանդիպում էր ունեցել թուրք պաշտոնակից Աբդուլա Գյուլի հետ:

 

Օսկանյանի եւ Գյուլի հանդիպումը առաջին էր Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության հաղթանակից եւ նոր թուրքական կառավարության ձեւավորումից հետո:

 

Հանդիպման ավարտին նախարարները հայտարարեցին հարաբերությունների կարգավորման կարեւորության մասին եւ պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-10

 

Սարգսյանի եւ Ալիեւի առաջին հանդիպումը

 

Հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը:

 

Հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ այն «դրական եւ կառուցողական էր»:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

«Նախագահները ծանոթացել են միմյանց մոտեցումներին եւ հանձնարարություններ տվել արտաքին գործերի նախարարներին` շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ»,- ասել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

 

Նորից ՀԱԷԿ-ի մասին

 

Հունիսի 6-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, որ մինչեւ չկառուցվի ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը, գործող ռեակտորի փակման մասին խոսք լինել չի կարող:

 

Նախարարն ասել էր, որ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2012 թվականին՝ օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ:

 

2018 թվականի ապրիլին՝ իր հրաժարականից մի քանի օր առաջ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունեց, որ նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը սառեցվել է:

 

Մերաբիշվիլին՝ Հայաստանի մասին

 

Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ասել էր, որ միջազգային հանրությունը Հայաստանին ավելի «լիբերալ» է վերաբերում, քանի որ Երեւանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Վանո Մերաբիշվիլին Վանո Մերաբիշվիլին

Լուսանկարը` REUTERS

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարդ են, քանի որ մենք ուզում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ միեւնույն պատճառով ՆԱՏՕ-ում մեզ նայում են խոշորացույցով: Եթե համեմատենք եզրակացությունները, թե ինչպես են անցել նախագահական ընտրությունները Հայաստանում ու Վրաստանում եւ կարդանք, թե ինչպես են գնահատել դրանք արեւմտյան դիտորդները, ապա Երեւանում հանրահավաք ցրելու գնահատականն ավելի մեղմ էր, քան Թբիլիսիում: Եվ դա միայն այն պատճառով, որ Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին եւ վերաբերմունքը նրանց հանդեպ ավելի լիբերալ է»,- ասել էր Վանո Մերաբիշվիլին հունիսի 9-ին «Կոմերսանտ Վլաստ» ամսագրում հրապարակված հարցազրույցում:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-10

 

Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանի անխուսափելի ֆիասկոյի մասին

 

Հունիսի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը եւ դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար»:

 

Ելույթ ունենալով Ազգային անվտանգության խորհրդի նիստում, երկրի ղեկավարը համոզմունք էր հայտնել, որ  3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան:

Սերժ Սարգսյանը 2013թ. հունիսի 5-ին Սերժ Սարգսյանը 2013թ. հունիսի 5-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը նկատել էր, որ փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն 2-3 տարուց են սպասում:

 

«Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով»,- ասում էր Սերժ Սարգսյանը:

 

Երեք տարի անց պետք է տեղի ունենար Ապրիլյան պատերազմը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին