5/10/15.Սոլանայի հույսերը, նոր քաղաքապետը, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ - Mediamax.am

exclusive
6139 դիտում

5/10/15.Սոլանայի հույսերը, նոր քաղաքապետը, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ


Դեւիդ Կրամերը
Դեւիդ Կրամերը

Լուսանկարը` REUTERS

Խավիեր Սոլանան, Վլադիմիր Պուտինը եւ Սիլվիո Բեռլուսկոնին
Խավիեր Սոլանան, Վլադիմիր Պուտինը եւ Սիլվիո Բեռլուսկոնին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին
Սերժ Սարգսյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ռոբերտ Քոչարյանն ու Երվանդ Զախարյանը
Ռոբերտ Քոչարյանն ու Երվանդ Զախարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ՀՈՒԼԻՍԻ 1

 

Սոլանայի չիրականացած հույսերը

 

Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հունիսի 25-ին կասկած էր հայտնել Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ի հայտ գալու հնարավորության վերաբերյալ:

 

«Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ նոր եւ կառուցողական հարաբերությունները նշանակում են, որ մենք կարող ենք հերքել բոլոր խոսակցությունները «նոր բաժանարար գծերի» մասին` ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ որեւէ այլ տարածաշրջանում»,- ասել էր Սոլանան Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:

Խավիեր Սոլանան, Վլադիմիր Պուտինը եւ Սիլվիո Բեռլուսկոնին Խավիեր Սոլանան, Վլադիմիր Պուտինը եւ Սիլվիո Բեռլուսկոնին

Լուսանկարը` REUTERS

«Տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը եւ բարեկեցությունը կախված են ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող դերակատարների գործողություններից եւ դիրքորոշումներից»,- ասել էր Խավիեր Սոլանան:

 

Երվանդ Զախարյանը՝ Երեւանի քաղաքապետ

 

Հուլիսի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Երվանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետ նշանակելու մասին:

 

Նախկինում Երվանդ Զախարյանը զբաղեցնում էր կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի պաշտոնը:

Ռոբերտ Քոչարյանն ու Երվանդ Զախարյանը Ռոբերտ Քոչարյանն ու Երվանդ Զախարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երեւանի քաղաքապետի պաշտոնից ազատված Ռոբերտ Նազարյանը նշանակվեց ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ՀՈՒԼԻՍԻ 1

 

Կրամերը «նորմալ» չի համարում

 

ԱՄՆ-ը հույս ունի, որ «հայաստանյան ընդդիմությունն այլեւս խնդիրներ չի ունենա հանրահավաքների անցկացման համար արտոնություն ստանալու հարցում», հունիսի 25-ին Երեւանում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով օգնական Դեւիդ Կրամերը:

Դեւիդ Կրամերը Դեւիդ Կրամերը

Լուսանկարը` REUTERS

Ամերիկացի դիվանագետն ասել էր, որ «նորմալ» չի համարում այն իրավիճակը, երբ «պետք է 40 անգամ դիմել Երեւանի քաղաքապետարանին` հանրահավաք անցկացնելու արտոնություն ստանալու համար»:

 

«Մենք Հայաստանի ղեկավարությանն առաջարկել ենք հրաժարվել մամուլի ու հանրահավաքների ազատության սահմանափակման բոլոր դրսեւորումներից եւ մարտի դեպքերի լուրջ հետազոտություն անցկացնել»,- ասել էր Դեւիդ Կրամերը:

 

Ո՞վ է «դավաճանը»

 

ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հունիսի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին «դավաճան» էր անվանել:

 

Արման Մուսինյանն ասել էր, որ «Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ նախագահի աթոռը զբաղեցնող անձը կասկածի տակ է առել 1915թ. Հայոց եղեռնի փաստը»: Մուսինյանն այս մասին ասել էր, մեկնաբանելով հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արված նախագահի այս հայտարարությունը.

 

«Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց»:

 

Հունիսի 26-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը «տարօրինակ» էր անվանել այն փաստը, որ «Ցեղասպանության խնդիրը փորձում են շահարկել մարդիկ, ովքեր ժամանակին արել են ամեն ինչ, որպեսզի մեր ազգի այդ ողբերգական էջը մոռացության մատնվի»:

 

ՀԱՊԿ զորավարժությունն ավելի կարեւոր է, քան «ՆԱՏՕ-ի շաբաթը»

 

Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ շրջանակներում կայանալիք «Ռուբեժ-2008» զորավարժությունները Երեւանի համար ավելի կարեւոր են, քան «ՆԱՏՕ-ի շաբաթվա» անցկացումը:

 

ՀՀ նախագահն այդ մասին ասել էր «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում` պատասխանելով ակնարկին այն մասին, որ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան պաշտոնական այցի առաջին օրը Հայաստանում մեկնարկել էր «ՆԱՏՕ-ի շաբաթը»:

 

«Այդ միջոցառումը ճանաչողական բնույթ ունի եւ որն անց է կացվում ոչ առաջին անգամ: Երեւանում, ինչպես եւ Մոսկվայում, գործում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն: Եվ մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները դաշինքի հետ` անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում: Կարծում եմ, որ դա մեր Զինված ուժերին անհրաժեշտ փորձ կտա: Բայց մենք միշտ ասել ենք եւ հիմա էլ ենք ասում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության  օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու կետ չկա»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ՀՈՒԼԻՍԻ 1

 

Հակասություններ չկան

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ եւ չունենք որեւէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի»:

 

ՀՀ նախագահն այդ մասին ասել էր հունիսի 25-ին Վարշավայում` Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Սերժ Սարգսյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին Սերժ Սարգսյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք եւ մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց արձանագրած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին