5/10/15: Քրիստոնյաները դեմ են Պատին, «երրորդ սկզբունքը» - Mediamax.am

exclusive
6016 դիտում

5/10/15: Քրիստոնյաները դեմ են Պատին, «երրորդ սկզբունքը»


Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պատրիարք Թորգոմ Մանուկյանն ու Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը
Պատրիարք Թորգոմ Մանուկյանն ու Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ: 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2

 

Ընդդեմ պատի

 

Օգոստոսի 30-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկյանն իր ստորագրությունն էր դրել Սուրբ Հողում գործող բոլոր քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների հայտարարության տակ՝ ընդդեմ Իսրայելը եւ պաղեստինյան տարածքները բաժանող պատի շինարարության:

 

Քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները հատուկ մտահոգություն էին հայտնել Բեթղեհեմում պատի շինարարության նախագծերի կապակցությամբ, «որը Հիսուս Քրիստոսի ծննդավայրն է հանդիսանում»: 

 

Պատրիարք Թորգոմ Մանուկյանն ու Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը Պատրիարք Թորգոմ Մանուկյանն ու Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը

Լուսանկարը` REUTERS

 

Հայտարարության հեղինակները նշել էին, որ պատի շինարարությունը «կարող է կործանիչ հետեւանքներ ունենալ քրիստոնեական համայնքի համար, հանգեցնել վերջինիս մեկուսացմանը եւ տեղաշարժվելու ազատության սահմանափակմանը»:

 

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2

 

Առանց այլընտրանքի եւ սակարկումների

 

Սեպտեմբերի 2-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ասել էր, որ  Լեռնային Ղարաբաղի անկախությունը «այլընտրանք չունի եւ սակարկության ենթակա չէ»

 

«Մենք պարտավոր ենք իրականություն դարձնել մեր նահատակների նվիրական երազանքը` հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ սերունդներին թողնել հզոր ու անկախ, խաղաղ ու բարգավաճ հայրենիք: Վստահ եղեք, դա ժամանակի հարց է»,- ասել էր Արցախի նախագահը:

 

«Երրորդ սկզբունքը»

 

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ սառեցված հակամարտությունների լուծումը կարող է բարդացնել մնացած խնդիրների կարգավորման գործընթացը, այդ թվում նաեւ` ղարաբաղյանը:

 

«Մի կողմից, սառեցված հակամարտությունները մեկը մյուսի հետեւից լուծում են ստանում: Մյուս կողմից, այդ լուծումները չեն նշանակում, որ մնացած հակամարտությունների լուծումն ավելի դյուրին է դառնում: Ավելին, ես չեմ բացառում, որ Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունների լուծումը կարող է ավելի բարդացնել մնացած խնդիրների կարգավորման գործընթացը, այդ թվում նաեւ` ղարաբաղյանը»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

 

Նա նշել էր, որ չնայած երկու հիմնական` տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման մասին սկզբունքների առկայությանը, «իրականում գործում է երրորդ` քաղաքական նպատակահարմարության սկզբունքը»:

 

«Ելնելով իրենց նպատակներից, գերտերությունները կարող են առաջնահերթությունը տալ տարածքային ամբողջականության սկզբունքին, մյուս դեպքում` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին»,- ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին