Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-16
«Կարեւոր քայլ»
Սեպտեմբերի 10-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերն ողջունել էին Հայաստանի Ազգային Ժողովի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության մասին, որը ենթադրում է մահապատժի լիակատար վերացում:
Վալտեր Շվիմերը եւ Պիտեր Շիդերը համատեղ հայտարարությունում նշել են, որ «այդ կարեւոր քայլը մոտեցրեց Եվրոպային մահապատժի լիակատար վերացմանը»:
Տեր-Պետրոսյանի փակ դասախոսությունը
Սեպտեմբերի 13 «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացրել էր, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին առնչվող փակ դասախոսություն է կարդացել Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների խմբին, որոնք տարածաշրջանում էին ճանաչողական այցով:
«Զարմանալի է, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում լռել է, բավարարել է Սթենֆորդի շրջանավարտների խնդրանքը», - գրում էր թերթը:
«Հարավային Կովկասը՝ ԵՄ շահերի ուղեծրում»
«Հայաստանը ցանկանում է, որպեսզի Եվրոպական Միությունը մշակի եւ հնչեցնի իր դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ», - սեպտեմբերի 15-ին հայտարարել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասն ընդգրկվի Եվրոպական Միության անմիջական հետաքրքրությունների շրջանակում», - հայտարարել էր Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների նպատակն է մոտեցնել երկիրը Եվրոպական Միության չափանիշներին:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ եվրոպական ինտեգրման գործընթացը շատ ավելի արդյունավետ կդառնա Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ջանքերի համաձայնեցման դեպքում: Նրա խոսքերով, եվրաինտեգրման ջանքերի համադրումը կհանգեցնի Հարավային Կովկասի ներդրումային գրավչության աճին:
Մասնավորապես, նշել էր Ռոբերտ Քոչարյանը, «ներդրողները կսկսեն ընկալել մեր տարածաշրջանը որպես ընդհանուր տնտեսական տարածք»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-16
Բրայզան Ստեփանակերտում մեկնաբանում է Ռուսաստանի գործողությունները
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտում մեկնաբանել էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից։ Նա նշել էր, որ դա անօրինական քայլ էր միջազգային իրավունքի տեսակետից:
«Եթե Մոսկվան կարծում է, որ հակամարտությունները լուծված են, ապա սխալվում է», - ասել էր դիվանագետը: Նա ընդգծել էր, որ հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, ռազմական լուծում չունեն, ինչը երեւում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակով:
ICC-ին չի ներգրավվելու
Սեպտեմբերի 16-ին Միջազգային քրեական դատարանի (ICC) պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլյա Ֆլետչերն ասել էր, որ դատարանը չի քննարկելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու հայաստանյան ընդդիմության նախաձեռնությունը:
«Հայաստանը Հռոմի համաձայնագրի մասնակից պետություն չէ, հետեւաբար մեր իրավասությունը Հայաստանի վրա չի տարածվում», - ասել էր Նիկոլյա Ֆլետչերը, մեկնաբանելով ընդդիմության կազմակերպած ստորագրահավաքը` Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Թորոսյանի հրաժարականը
Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր խորհրդարանի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին: Նա լքել էր նաեւ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը (ՀՀԿ):
Լուսանկարը` Ֆոտոլուր
Ավելի վաղ ՀՀԿ գործադիր մարմինը որոշում էր կայացրել ԱԺ խոսնակի պաշտոնում Տիգրան Թորոսյանի գտնվելու աննպատակահարմարության մասին եւ այդ պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի՝ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-16
Ֆյուլեն Երեւանում
Հայ գործընկերները վստահեցրել են Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որ «Հայաստանի վրա որեւէ ճնշում չի գործադրվել»:
Այդ մասին հանձնակատարն ասել էր սեպտեմբերի 13-ին Երեւանում՝ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին`մեկնաբանելով պնդումներն այն մասին, որ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը` Ռուսաստանի ճնշման ներքո:
«Միթե՞ ես այդ հավաստիացումները հարցականի տակ դնելու իրավունք ունեմ», - նշել էր Շտեֆան Ֆյուլեն:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Ֆյուլեն նաեւ ասել էր, որ Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ նոյեմբերին կայանալիք գագաթաժողովում: Նա ընդգծել էր, որ Ասոցացման համաձայնագիրը երկու մասից բաղկացած միասնական փաստաթուղթ է, որը բանակցվել է հայ գործընկերների հետ ամբողջության մեջ եւ հնարավոր չէ մի մասն տարանջատել մյուսից:
«Ես Հայաստան եմ եկել շատ պարզ մտքերով, որպեսզի լսեմ եւ հասկանամ մեր հայ գործընկերների մտադրությունները, ցանկությունները եւ նախընտրությունները: Եթե իրենք ցանկանան ձեւավորել մի իրավական շրջանակ, որը մեզ ավելի առաջ կտանի, քան գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, մենք շատ ուրախ կլինենք աշխատել այդ գործընթացի շրջանակներում», - ասել էր հանձնակատարը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: