5/10/15. «Անպատրաստ» Մերզլյակովն ու «անկեղծ» Գլազեւը - Mediamax.am

exclusive
8993 դիտում

5/10/15. «Անպատրաստ» Մերզլյակովն ու «անկեղծ» Գլազեւը


Իգոր Լեւիտինը
Իգոր Լեւիտինը
Սերգեյ Գլազեւն ու Վլադիմիր Պուտինը
Սերգեյ Գլազեւն ու Վլադիմիր Պուտինը
Յուրի Մերզլյակովը
Յուրի Մերզլյակովը

Լուսանկարը` Postimees/Scanpix


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08-14

 

 «Միջնորդները դեռ պատրաստ չեն»

 

Հոկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ասել էր, որ «դեռեւս վաղ է խոսել այն մասին, որ տարածաշրջան նախատեսվող այցի ընթացքում միջնորդները կողմերին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթավորված առաջարկներ»:

 

«Մենք դեռ քննարկելու եւ մանրամասնելու ենք դրանք: Խոսքը գնում է ամենանախնական գաղափարների մասին, որոնք վերաբերվում են նույնիսկ ոչ թե կարգավորմանը, այլ խաղաղ գործընթացի վերսկսմանը»,- ասել էր ռուսաստանցի համանախագահը:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ կմնան 2001 թվականին Փարիզում եւ Քի Վեսթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, Յուրի Մերզլյակովն ասել էր.

Յուրի Մերզլյակովը Յուրի Մերզլյակովը

Լուսանկարը` Postimees/Scanpix

«Մենք ելնում ենք այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակի վրա` երկու երկրների նախագահների միջեւ: Այլ պայմանավորվածությունների մասին ես ոչինչ չգիտեմ: Մենք ելնում ենք այն կետից, որի վրա կանգ էին առել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համարյա մեկ տարի առաջ կայացած իրենց վերջին հանդիպման ժամանակ»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08-14

 

«Հաջողությամբ չեն պսակվել»

 

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը բանակցություններ էր վարել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ` Կարս-Գյումրի երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ, որոնք, սակայն, հաջողությամբ չեն պսակվել:

 

Լեւիտինը RBC Daily-ին տված հարցազրույցում ասել էր, որ բանակցություններն անցկացվում էին Կարս-Ախալքալաք-Բաքու նոր երկաթուղի կառուցելու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ծրագրի համատեքստում:

Իգոր Լեւիտինը Իգոր Լեւիտինը

 

«Թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հետ նախնական բանակցությունների ընթացքում մենք ասում էինք, որ նոր ճյուղի շինարարությունը լրացուցիչ միջոցներ կպահանջի: Մենք ճյուղ ունենք, եւ այն կարելի է բացել երրորդ կողմի` Հայաստանի միջոցով, որը պատրաստ է մասնակցել բոլոր հարցերի կարգավորմանը»,- ասել էր Իգոր Լեւիտինը:

 

Ռուսաստանցի նախարարն ասել էր, որ «այդ առաջարկը չընդունվեց. Ադրբեջանը հաստատեց, որ մասնակցելու է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային գծի շինարարությանը»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08-14

 

«Հայաստանի նախագահը ժամանակին հետ կանգնեց»

 

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւն հայտարարել էր, որ «Հայաստանի նախագահը ժամանակին հետ կանգնեց եւ կարգի հրավիրեց իր կառավարությունը»:

 

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում Գլազեւը ասել էր, որ «Հայաստանին գրեթե խցկել են կոնվեյերի մեջ, բայց մեր փորձագետների օգնությամբ մենք օգնեցինք հայ գործընկերներին վերլուծել Եվրամիության հետ համաձայնագրի տեքստը»:

Սերգեյ Գլազեւն ու Վլադիմիր Պուտինը Սերգեյ Գլազեւն ու Վլադիմիր Պուտինը

 

«Չի կարելի միաժամանակ ասոցացվել Եվրամիության հետ եւ Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական տարածքի համաձայնագիր ստորագրել: Հայաստանի կառավարությունը խճճվել էր այդ ընտրության մեջ: Նրանք էլ էին կարծում, որ կարելի է միաժամանակ ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիր եւ, օրինակ, լինել ՀԱՊԿ-ի կազմում: Իսկ այնտեղ կա նաեւ քաղաքական մաս, որտեղ գրված է, որ ԵՄ-ի հետ ասոցացված կողմը պարտավորվում է հետեւել եվրոպական քաղաքականությանը եւ ԵՄ հովանու ներքո մասնակցել տարածարջանային հակամարտությունների կարգավորմանը: Եվ այդ ժամանակ նախագահը, որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, հարց է տալիս. «Ինչպե՞ս են նրանք ԵՄ հովանու ներքո մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»: Հետաքրքիր հարց է: Երբ սկսում են նման պարզ հարցեր տալ, ակնհայտ է դառնում, որ Ասոցացման համաձայնագրի նախագիծը զրկում է երկիրն ինքնիշխանությունից, անկախությունից եւ նրան վերածում է Եվրամիության գաղութի»,- ասել էր Գլազեւը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին