Տիգրան Բադալյանի «Գրավիտացիան» եւ «Աստղային պատերազմները» - Mediamax.am

exclusive
7830 դիտում

Տիգրան Բադալյանի «Գրավիտացիան» եւ «Աստղային պատերազմները»


Տիգրան Բադալյանը կնոջ հետ
Տիգրան Բադալյանը կնոջ հետ

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

Կադր Gravity ֆիլմից
Կադր Gravity ֆիլմից

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

Կադր Star Wars.The Force Awakens ֆիլմից
Կադր Star Wars.The Force Awakens ֆիլմից

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

Կադր Warcraft ֆիլմից
Կադր Warcraft ֆիլմից

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

Տիգրան Բադալյանը
Տիգրան Բադալյանը

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

Տիգրան Բադալյանը կնոջ եւ դստեր հետ
Տիգրան Բադալյանը կնոջ եւ դստեր հետ

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից


Շատերս կյանքում գոնե մեկ անգամ հոլիվուդյան ֆիլմերի վերջում լուսագրերի մեջ հայի անուն-ազգանուն ենք փնտրել, հաճախ բնազդաբար` ենթադրելով, որ հայերն ամենուր են: Հայեր Հոլիվուդում եղել են կինոյի զարգացման գրեթե բոլոր փուլերում, կան նաեւ այսօր: Մեդիամաքսը իր 50 Գլոբալ հայերը խորագրի շրջանակում որոշել է ներկայացնել նաեւ համաշխարհային ֆիլմերի վիզուալ էֆեկտների վրա աշխատող հայ երիտասարդներին: Շարքի երրորդ հերոսը digital compositor Տիգրան Բադալյանն է:

 

***

 

Տիգրան Բադալյանը համակարգչային գրաֆիկայով սկսել է զբաղվել 2003 թվականից։ Տարբեր հայկական կազմակերպություններում աշխատելուց հետո 2012-ին տեղափոխվել է Լոնդոն, աշխատել վիզուալ էֆեկտների արտադրությամբ զբաղվող հեղինակավոր Framestore ընկերությունում, այնուհետեւ հրավեր ստացել ու տեղափոխվել Սինգապուր։ Այժմ Տիգրանը աշխատում է կինոարտադրության մեջ վիզուալ էֆեկտները առաջին անգամ ներդրած Industrial Light and Magic ամերիկյան ընկերության Սինգապուրի գրասենյակում: Նրա մասնագիտացումը digital compositing-ն է, այլ կերպ ասած՝ արտադրության տարբեր փուլերում ստեղծված վիզուալ էֆեկտների՝ հերոսների, միջավայրի, լուսավորության, դետալների համադրումը եւ վերջնական տեսարանի ստացումը։

 

- Տիգրան, 2003-ին Հայաստանում շատ չէին համակարգչային գրաֆիկայով զբաղվող մարդիկ, ինչպե՞ս սկսեցիր զբաղվել այն ժամանակների համար դեռ քիչ հայտնի մասնագիտությամբ։ 

 

-Համալսարանում էի սովորում, ընկերներիցս մեկը ասաց, թե ինչ է առհասարակ համակարգչային գրաֆիկան։ Հետաքրքրություն առաջացավ, ցանկացա ուսումնասիրել, իմանալ ինչ է դա։ Հայաստանում նորմալ ինտերնետ չկար, այժմյան չափանիշներով բավականին դանդաղ dial-up կապ էր, գնում էինք «Մաքս Փաուեր» ինտերնետ ակումբ, ինչ-որ պարզունակ վիդեո-դասեր էինք ներբեռնում, սովորում։ Մեկ տարի որպես հոբբի զբաղվում էի, սովորում։

Տիգրան Բադալյանը Տիգրան Բադալյանը

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

2004-ին ընդունվեցի «Նոր ալիք» հեռուստաընկերություն, որը զբաղվում էր ժամանցային, երաժշտական հեռուստահաղորդումների արտադրությամբ։ Այդ տարիներին որեւէ կոնկրետ ուղղվածություն համակարգչային գրաֆիկայի մեջ չունեի, զբաղվում էի հաղորդումների շապիկների, գովազդների, երաժշտական հոլովակների անիմացիոն ձեւավորմամբ։

 

-Աշխատել ես նաեւ «Տրիադա Ստուդիո»-ում, որը վիզուալ էֆեկտներով զբաղվող ամենահայտնի ընկերություններից մեկն է Հայաստանում։  

 

 -Այո, 2009-ին տեղափոխվեցի «Տրիադա Ստուդիո», որտեղ աշխատեցի երեք տարուց ավելի։ Այդ տարիներին տասնյակ նախագծեր ենք արել մեր թիմով, գովազդային հոլովակներից մինչեւ ֆիլմերի առանձին տեսարանների վիզուալ էֆեկտներ։ «Տրիադայում» աշխատում էի նաեւ on-set, այսինքն, ինքս մասնակցում էի այն նկարահանումներին, որոնք հետո պետք էր լրացնել համակարգչային գրաֆիկայով։ Աշխատում էինք թե՛ հայկական, թե արտասահմանյան շուկաների համար։

 

«Տրիադան» լավ դպրոց էր, որտեղ որպես մասնագետ շատերն են կայացել ու հետո աշխատել համաշխարհային տարբեր հեղինակավոր ընկերություններում։

 

Շեվրոլե Սպարկ ավտոմեքենայի անիմացիոն գովազդային հոլովակը

Աղբյուրը՝ Triada Studio

 

-Ե՞րբ եկավ քո ժամանակը աշխատելու վիզուալ էֆեկտների արտադրությամբ համաշխարհային ամենահեղինակավոր ընկերություններում։

 

-2012-ին մեկնեցի Լոնդոն, աշխատանքի հրավեր էի ստացել բրիտանական Framestore ընկերությունից, որը մասնագիտացած է գեղարվեստական ֆիլմերի, գովազդային հոլովակների, տեսահոլովակների եւ անիմացիոն ֆիլմերի համար վիզուալ էֆեկտների արտադրության մեջ:

Կադր Gravity ֆիլմից Կադր Gravity ֆիլմից

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

Մի քանի ֆիլմերի վրա աշխատեցի, որոնցից ամենանշանակալին ինձ համար մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի Gravity («Գրավիտացիա») ֆիլմ էր, որը 2014-ին յոթ «Օսկար» շահեց, այդ թվում՝ վիզուալ էֆեկտների լավագույն կիրառման համար։ Սա առաջին մեծ նախագիծն էր, որտեղ աշխատեցի որպես digital compositor: Ֆիլմը գրեթե ամբողջությամբ կազմված էր վիզուալ էֆեկտներից, գործողությունները տեղի էին ունենում տիեզերքում։

 

-Վստահաբար դիտել ես «Օսկար» մրցանակաբաշխությունը, ինչպիսի՞ն էին զգացողություններդ, երբ ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակը ստացավ մի ֆիլմ, որի վրա աշխատել էիր։

 

-Երբ ֆիլմի անձնակազմը ստանում էր ոսկե արձանիկը, այդ պահին հիշում էի այն «արյունն ու քրտինքը» որ թափել էինք երկար ամիսների ընթացքում, մեծ փորձառություն էր ինձ համար։ Gravity-ն այն ֆիլմերից է, որի համար իրոք հպարտ եմ։

 

Gravity ֆիլմը «Օսկար» է ստանում  վիզուալ էֆեկտների լավագույն կիրառման համար

 

Այսօր ֆիլմի գրաֆիկան կարող է լավը լինել, բայց ժապավենի սյուժեն իմաստ չունենա։ Gravity-ն փայլում էր թե՛ իր գրաֆիկայով, թե՛ իմաստային առումով բավական հզոր էր։ Հզոր էր նաեւ Gravity-ի օպերատորական աշխատանքը, գլխավոր օպերատորը աշխարհահռչակ Էմանուել Լյուբեցկին էր, ում նկարած ֆիլմերը բազմիցս «Օսկարի» են արժանացել։

 

- Քո ներկայիս աշխատավայրը աշխարհահռչակ Ջորջ Լուկասի հիմնած Industrial Light and Magic-ն է (ILM)։ Ի՞նչ ասել է աշխատել մի ընկերությունում, որը վիզուալ էֆեկտների արտադրության 40-ամյա փորձ ունի։

 

- Framestore-ում աշխատելուց հետո 2015-ին տարբեր տեղերից աշխատանքի առաջարկներ ստացա, այդ թվում՝ ILM-ից։ Ընտրեցի վերջինը, քանի որ համակարգչային գրաֆիկան հենց այստեղ է ծնվել։ Այստեղ աշխատում են համակարգչային գրաֆիկայի վետերանները, մարդիկ, ովքեր փայլաթիթեղով (ֆոլգա) ու պենոպլաստով վիզուալ էֆեկտներ էին ստանում, երբ դեռ չկային այսօրվա համակարգիչները։ ILM-ի Սինգապուրի գրասենյակում որպես digital compositor 7 ֆիլմի վրա եմ աշխատել, մեկն էլ այս պահին ընթացքի մեջ է (Տիգրան Բադալյանի մասնակցությամբ ստեղծված բոլոր ֆիլմերին կարող եք ծանոթանալ այստեղ):

 

Այդ ֆիլմերից կառանձնացնեմ երկուսը, որոնք առավել հայտնի դարձան միջազգային վարձույթում։

 

Warcraft-ը համանուն խաղի էկրանավորումն էր, որը լույս տեսավ 2016-ին։ Այս ֆիլմը ուներ շատ տեսարաններ, որոնք ստեղծված էին բացառապես համակարգչային գրաֆիկայի օգնությամբ, բացի այդ՝ շատ էին նաեւ հերոսները, կային այնպիսինները ամբողջությամբ համակարգչով էին ստեղծված։

Կադր Warcraft ֆիլմից Կադր Warcraft ֆիլմից

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

2015-ին մեծ էկրան բարձրացավ լեգենդար Star Wars-ի հերթական մասը՝ Star Wars.The Force Awakens-ը, որը ֆիլմի վերածնունդն էր 2008-ից հետո։ Մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ աշխատեցի Star Wars-ի վրա, քանի որ կուլտային ֆիլմ էր ու ինքս էլ նախկին բոլոր մասերը տեսել էի։

Կադր Star Wars.The Force Awakens ֆիլմից Կադր Star Wars.The Force Awakens ֆիլմից

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

Ֆիլմում օգտագործել էին նաեւ 70-ականներին՝ առաջին մասի նկարահանման ժամանակ կիրառված տեխնիկական միջոցներ, որոնք փոխանցում էին ֆիլմի ոգին ու նոստալգիկ հիշողություններ արթնացնում։ 

 

Star Wars.The Force Awakens ֆիլմի պաշտոնական թրեյլերը 

 

-Ինչով է առանձնանում ֆիլմերի վրա աշխատելը այլ կոմերցիոն նախագծերից։

 

- Մի քանի տարի ֆիլմերի վրա աշխատելով պրոֆեսիոնալ նոր մակարդակի ես հասնում, որից հետո չես ցանկանում վերադառնալ գովազդներ կամ հոլովակներ պատրաստելուն։

 

Ֆիլմի վիզուալ էֆեկտները, ի տարբերություն գովազդային նախագծերի կամ երաժշտական հոլովակների, առանձնանում են իրենց բարձր որակով: Պետք է ուշադիր լինես նույնիսկ ամենափոքր դետալներին, քանի որ ֆիլմը դիտում են նախեւառաջ մեծ էկրանին, ու դիտոողը ամեն մի վրիպում միանգամից նկատում է։ Առաջին մարտահրավերը ինձ համար հենց դա էր՝ գիտակցել, թե ինչ որակի պատկեր ու արտադրանք են վերջում ինձնից պահանջելու։

Տիգրան Բադալյանը կնոջ եւ դստեր հետ Տիգրան Բադալյանը կնոջ եւ դստեր հետ

Լուսանկարը` Տիգրան Բադալյանի արխիվից

-Աշխատել ես եւ Հայաստանում, եւ արտասահմանյան ընկերություններում, ի՞նչ հիմնական տարբերություններ կան աշխատանքի ընթացքում։

 

- Հայաստանում մենք պրոֆեսիոնալիզմի պակաս ունենք։ Գրեթե բոլորը ինքնուս են, նույն ոլորտի մեջ զբաղված են միանգամից մի քանի մասնագիտացումներով, ինչը հաճախ խանգարում է պրոֆեսիոնալ զբաղվել հիմնական աշխատանքով։

 

Արտասահմանյան ընկերություններում, որտեղ աշխատել եմ, ամեն մեկն ունի իր գործը, դրա փայլուն մասնագետն է, ինչն էլ որակյալ արտադրանք է ապահովում։ Մեծ ֆիլմերի համակարգչային գրաֆիկայի վրա աշխատելիս դա ցայտուն երեւում է, քանի որ ամեն տեսարանի վրա մի քանի մասնագիտական թիմ է աշխատում։

 

Տիգրան Բադալյանի հետ զրուցել է Սուրեն Ստեփանյանը

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին