50 գլոբալ հայերը` Անահիտ Երեմյան - Mediamax.am

exclusive
18806 դիտում

50 գլոբալ հայերը` Անահիտ Երեմյան

Անահիտ Երեմյանը աշխատում է Սթենֆորդի համալսարանի արագացուցչային կենտրոնում: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Boeing ընկերությունում:

Աահիտ Երեմյանը Արագածի հյուսիսային գագաթին
Աահիտ Երեմյանը Արագածի հյուսիսային գագաթին

Լուսանկարը` Ա. Երեմյանի արխիվից

Աահիտ Երեմյանը Սարդարապատում
Աահիտ Երեմյանը Սարդարապատում

Լուսանկարը` Ա. Երեմյանի արխիվից

Աահիտ Երեմյանը հեծանվային արշավի մասնակիցների հետ Ստեփանակերտում
Աահիտ Երեմյանը հեծանվային արշավի մասնակիցների հետ Ստեփանակերտում

Լուսանկարը` Ա. Երեմյանի արխիվից


Անահիտ Երեմյանը աշխատում է Սթենֆորդի համալսարանի արագացուցչային կենտրոնում: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Boeing ընկերությունում:

 

Ծնողներս հայրենադարձներ են: Մայրիկիս ընտանիքը Հայաստան էր եկել 1948թ. ԱՄՆ-ից, իսկ հայրիկիս ընտանիքը` 1946 թ. Բեյրութից: Սակայն մայրս միշտ ցանկանում էր վերադառնալ Ամերիկա: Երբ 60-ականներին խորհրդային «դռները» մի փոքր բացվեցին, մեր ընտանիքը դիմեց Միացյալ Նահանգներ մեկնելու թույլտվություն ստանալու համար: 1968թ.-ին թույլտվություն ստացանք եւ մեկնեցինք Ֆիլադելֆիա, որտեղ մայրս բարեկամներ ուներ: Այդ ժամանակ 14 տարեկան էի: Մեզ հետ մի մեծ գրադարան վերցրեցինք` Րաֆֆու հատորները, «Մխիթար Սպարապետը», «Վարդանանքը», շատ այլ գրքեր: Ապրում էինք Ֆիլադելֆիայի արվարձանում: Այնտեղ ավարտեցի դպրոցն ու համալսարանը:

 

Անահիտի հետ հանդիպեցինք այս ամռանը` Երեւանում: Մինչ այդ շփվել էինք միայն էլեկտրոնային փոստով, ընդ որում` անգլերեն լեզվով: Գիտեի, որ նա մի քանի տասնամյակ է, ինչ ապրում է Ամերիկայում ու պայմանավորված ժամին մոտենալով Անահիտի տանը, ակնկալում էի հանդիպել ամերիկահայ մի կնոջ: Սակայն երբ մոտակա խանութից դուրս եկավ Անահիտը ու մոտեցավ ինձ, թվաց, որ նա երբեք չի հեռացել Երեւանից` նրա մեջ ամեն ինչ երեւանյան էր. հագուստը, խոսելը, շարժուձեւը: Խանութից միրգ ու քաղցրավենիք էր գնել` ինձ հյուրասիրելու համար:

 

Իմ մտածելակերպում արմատացած է` որտեղ էլ  գտնվեմ, պետք է այդ վայրի հետ համերաշխ լինեմ: Ինչպես Սուրբ Գրքում գրում է Պողոս Առաքյալը` «Հռոմում պետք է հռոմեացիների նման  լինել…»: Երբ գնացինք ԱՄՆ, փորձում էի ամերիկացու նման վարվել: Անգամ ուշադրություն էի դարձնում այնպիսի մանրուքներին, թե ինչպես են համադասարանցիներս թուղթը պոկում տետրից: Ուշադրություն էի դարձնում իմ ակցենտին, որ բառերիս շեշտադրությունը ամերիկյան լիներ: Ուր էլ լինեմ, փորձում եմ տեղացու նման լինել: Հայաստանում դա հեշտ է ստացվում: Երբ առաջին անգամ Հայաստան վերադարձա 1999 թվականին, մեր հարեւանի փոքրիկին տանում էի պաղպաղակ հյուրասիրելու: Պաղպաղակ վաճառողն էլ մի օր ասաց` «ես էլ գիտեի, դուք տեղացի չեք»:

 

Անահիտը կրթությունը ստացել է Ֆիլադելֆիայի Դրեքսել համալսարանի (Drexel University, Philadelphia) ֆիզիկայի ֆակուլտետում:

 

Մի յուրահատուկ ծրագիր էր գործում համալսարանում` 4 տարի սովորելու փոխարեն ուսանողները սովորում էին 5 տարի. այդ տարիների ընթացքում 6 ամիս հաճախում էին համալսարան, մնացած 6 ամիսը`աշխատում: Ուսանողներին նրանց ընտրած մասնագիտությամբ աշխատանքի հնարավորությունը տրամադրում էր համալսարանը: Ճիշտ է, աշխատանքով չէր ապահովում, սակայն խոստանում էր մի քանի հարցազրույցներ կազմակերպել: Մեկ հարցազրույց անցա եւ լաբորատորիաներից մեկում աշխատելու հրավեր ստացա: Այնտեղ մասնագիտական տարբեր բաժիններ ուսումնասիրեցի: Նախավերջին 6 ամիսների ընթացքում արագացուցչի վրա էի աշխատում: Առաջարկեցին ավարտելուց հետո աշխատել իրենց մոտ, ես էլ հաճույքով համաձայնեցի: Փաստորեն, առաջին կուրսի հարցազրույցից հետո այլեւս երբեք աշխատանք չեմ փնտրել:

 

Վաշինգտոնից հետո Անահիտը ավելի քան 10 տարի աշխատեց ամերիկյան տնտեսության հսկաներից մեկի` Boeing-ի համար:

 

Մի օր Boeing ընկերությունից այցելու ունեցանք: Այդ ընկերությունն էլ մասնիկների արագացուցիչ ուներ եւ համագործակցում էր մեր լաբորատորիայի հետ: Այդ օրը տնօրենս ժողով ուներ, եւ խնդրեց ինձ այցելուին մոտ երկու ժամ զբաղեցնել: Այդ ընթացքում նա ինձ հարցրեց, արդյո՞ք չեմ ցանկանա Boeing-ում աշխատել: Իսկ ես Ամերիկայի Արեւմտյան ափում երբեք չէի եղել: Մտածեցի, որ կարելի է գնալ հարցազրույցի: Սիեթլում Ռայնիեր լեռ կա` այն, կարծես, Արարատի պատճենը լինի: Այնտեղ միշտ ամպամած է լինում, բայց այդ օրը, կարծես` իմ բախտից, արեւոտ էր: Երբ այդ սարը տեսա, շատ ուզեցի այնտեղ աշխատել: Հետո խորհրդակցեցի տնօրենիս հետ: Նա ասաց, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

 

Ռայնիեր լեռը

Լուսանկարը` Լինդա Աարոն

 

Boeing ընկերության արագացուցիչների վրա աշխատեցի 11 տարի: Հետո հրավեր ստացա Սթենֆորդից: Այդ ժամանակահատվածում ես մասնագիտացել էի արագացուցիչների նախագծման ուղղությամբ: Սթենֆորդի մեծ արագացուցիչների (3 կմ երկարությամբ) առաջին մասը չէին կարողանում աշխատեցնել, ինձ հրավիրեցին այդ ուղղությամբ աշխատելու: Այստեղ էլ աշխատում եմ արդեն 22 տարի:

 

CERN-ում (Ատոմային հետազոտությունների եվրոպական կենտրոն) աշխատել եմ որպես հրավիրված գիտնական: Իմ բուն աշխատանքը Սթենֆորդի գծային արագացուցիչների կենտրոնում էր, որը ազգային լաբորատորիա է (National Lab): Այդպիսի 10 լաբորատորիա կա ԱՄՆ-ում: Այդ ժամանակ մենք համագործակցում էինք նաեւ CERN-ի, Բարձր էներգիայի արագացման հետազոտությունների ճապոնական կենտրոնի (The High Energy Accelerator Research Organization, KEK) հետ:

 

Աշխատելով ժամանակակից գիտության ամենահեղինակավոր կենտրոններում ու լավ գիտակցելով դրանց հնարավորություններն ու ներուժը, Անահիտը միեւնույն է վստահ է, որ հայկական գիտությունն ապագա ունի, եթե համապատասխան ուշադրության արժանանա իշխանությունների կողմից:

 

Հայաստանը շատ դժվարություններ ունի` փոքր երկիր է, դժվար հարեւաններ ունի, սահմանները փակ են: Բայց, անգամ այդ պայմաններում պետբյուջեի 5-10%-ը պետք է հատկացվի գիտությանը: Գիտությունն է հնարավորություններ ստեղծում բիզնեսի համար: Երբ գիտնականներն ԱՄՆ-ում ջանքեր էին թափում, չէին մտածում, որ արդյունքում կստեղծվի Սիլիկոնե հովիտը: Հենց գիտության շնորհիվ է, որ ԱՄՆ-ն կարողացավ աշխարհում առաջինը լինել:

 

1999 թվականին Անահիտը որոշեց հայրիկին ուղեկցել Հայաստան: Ասում է, որ այդ ժամանակ, կարծես, վերածնվեց որպես հայ: Դրանից հետո տարվա մեջ առնվազն երկու անգամ գալիս է Հայաստան:

 

Աահիտ Երեմյանը Սարդարապատում

Լուսանկարը` Ա. Երեմյանի արխիվից

Առաջին անգամ Արագած բարձրանալիս Քարի լճի մոտ Ֆիզիկայի ինստիտուտի ճառագայթային բաժնի շենքերն աչքովս ընկան, ուղեկցողին հարցրեցի, թե ի՞նչ շենքեր են, ասաց` Ֆիզիկայի ինստիտուտին են պատկանում: Որոշեցի այցելել նրանց: Այդ օրը պրոֆեսոր Աշոտ Չիլինգարյանն այնտեղ էր: Նա ցույց տվեց բոլոր սարքավորումները եւ պատմեց, թե ինչ է զարգացումներ կան Հայաստանում եւ աշխարհում: Շատ զարմացած էի. ինձանից լավ գիտեր, թե տիեզերական ճառագայթների վերաբերյալ ինչ հետազոտություններ են կատարվում Սթենֆորդում: Երբ նայում էի նրանց հին համակարգիչներին, մտածում էի, որ հնարավոր չէ դրանցով ինչ-որ գործ անել: Բայց նրանք աշխարհի հետ գրեթե հավասար առաջ էին շարժվում, այն էլ` գրեթե զրոյական բյուջեով: Աշխատում էին գրեթե առանց աշխատավարձի, նրանց օգնում էին գյուղացիները` իրենց արտերից մրգեր եւ բանջարեղեն էին բերում: Զարմացել էի, որ նրանք համաձայն են ոչնչի դիմաց աշխատել, որպեսզի գործը հետ չմնա: Շատ տպավորված եւ ոգեւորված էի:

 

Կոնֆերանսներից մեկի ժամանակ ծանոթացա մի շարք օտարերկրացի մասնագետների հետ, ովքեր հետաքրքրված են նմանատիպ նախագծերով: Նախորդ անգամ Հայաստան գալիս Աշոտ Չիլինգարյանին տեղեկացրեցի, որ հետաքրքրություն կա կանադացի գիտնականների կողմից: Արդեն 13 տարի ուժերիս ներածի չափով փորձում եմ օգտակար լինել: Գիտեմ, որ եթե Աշոտ Չիլինգարյանին հնարավորություններ են տրվում, նա դրանք բազմապատկում է: Այս կայքի միջոցով բոլոր ցանկացողները կարող են օգնել Ֆիզիկայի ինստիտուտի ճառագայթային բաժնին` http://www.crdfriends.org:

 

Անահիտն ասում է, որ իրեն մեծ գիտնական չի համարում:

 

Արագացուցչի գիտնականներն իրենց համարում են «գիտնականի ստրուկ»: Մենք ֆիզիկայի օրենքներով նախագծում ենք արագացուցիչներ` ըստ այն ֆիզիկոսների պայմանների, ովքեր ուզում են նոր բաներ բացահայտել: Օրինակ, ուզում են հասկանալ ինչ-որ նոր մասնիկ գոյություն ունի, թե՞ ոչ, ինչպիսի լիցքեր ունի: Մենք էլ նոր մեքենաներ ենք նախագծում: Ճիշտ է, շատ դժվար պայմաններ են ստեղծվում, որ երբեմն չես պատկերացնում` ինչպե՞ս վարվել, սակայն ինձ բացահայտող գիտնական չեմ համարում:

 

Գիտնականները նաեւ վերլուծաբաններ են, կարողանում կապեր գտնել եւ եզրակացություններ անել: Այդպիսին ինձ կարող եմ համարել: Դա ոչ միայն ֆիզիկայի կամ քիմիայի օրենքների հետ է կապված: Դա կապված է կյանքի, ապրելու օրենքների հետ: Զրուցում եմ տարբեր մարդկանց հետ`տաքսու վարորդի, գիտնականի, լրագրողի, գյուղացու եւ պատկերացում կազմում, թե Հայաստանն ի՞նչ ուղղությամբ է զարգանում:

Անահիտը եւ Սթենֆորդի համալսարանի հայ ուսանողները 2003 թվականից ի վեր ծրագիր ունեն, որը կոչվում է «Գործիր Հայաստանի համար»:

 

Ծրագրի շնորհիվ  հինգ սահմանամերձ գյուղեր եւ մեկ գյուղ Արագածի վրա օգնություն են ստանում, օրինակ, դպրոցական դասագրքեր, գրենական պիտույքներ:

 

Ադրբեջանի հետ սահմանին մի մոռացված գյուղ կա` Աղբրաձորը: Գյուղում փոքրիկ դպրոց կա, որի տնօրենը Գինեվարդ Ղուկասյանն է` չափազանց կրթված մի կին, որը հեշտությամբ կարող էր աշխատանք գտնել Երեւանում: Սակայն նա որոշել է մնալ հայրենի գյուղում իր ընտանիքի հետ եւ կրթել երեխաներին: Անցյալ տարի Սանտա Բարբարայի համալսարանի ուսանող Նանոր Բալաբանյանը Աղբրաձորի դպրոցին համակարգիչներ եւ ինտերնետի սարքավորումներ նվիրեց: Նանորի նախաձեռնությունը կոչվում է The Hidden Road Initiative, սա էլ իրենց կայքն է.

http://www.hiddenroadinitiative.com:

 

Այս ամռանը Անահիտն ու իր ընկերները հեծանվային արշավ կազմակերպեցին Հայաստանում եւ Արցախում:

 

Արշավը Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժնի գործունեության համար էր: 3 տարի առաջ ծանոթացա Վաչե Սողոմոնյանի հետ` նա նման արշավներ է կազմակերպում գյուղացիներին օգնելու նպատակով, 10 տարի է, ինչ այդ գործով է զբաղվում: Նա էլ ինձ առաջարկեց արշավ կազմակերպել գիտնականների համար: Չորս հոգով եկանք ԱՄՆ-ից, եւ որոշեցինք ընդգրկել նաեւ հայ հեծանվորդներին: Ուզում էինք ուշադրություն գրավել, այս արշավով ասել, որ Հայաստանի գիտնականները կարեւոր են եւ նրանց պետք է օգնել:

 

Աահիտ Երեմյանը հեծանվային արշավի մասնակիցների հետ Ստեփանակերտում

Լուսանկարը` Ա. Երեմյանի արխիվից

 

Անահիտն ասում է, որ իր կյանքում առաջնային տեղ են զբաղեցնում իր ծնողները ու եղբոր ընտանիքը:

 

Ծնողներս մեծ զոհողությունների են գնացել, որպեսզի ես ու եղբայրս հաջողությունների հասնենք: Նրանք կորցրել ողջ ունեցվածքը: Պապիկներս եւ տատիկներս առաջին անգամ ամեն ինչ կորցրեցին ջարդի ժամանակ, երկրորդ անգամ` հայրենիք վերադառնալիս: Ստալինյան ռեժիմի ժամանակ կորցրել են ամեն ինչ, եւ սկսել են իրենց կյանքը զրոյից: Սակայն հետո ստիպված եղան դա անել երրորդ անգամ` ԱՄՆ մեկնելիս: Վաճառել էինք մեր ողջ ունեցվածքը, սակայն խորհրդային իշխանությունները թույլ չէին տալիս շատ գումար վերցնել: Հայաստանից ԱՄՆ մեկնեցինք ընդամենը 500 դոլարով:

 

Տատիկս միշտ ասում էր`ամեն ինչ կարող են խլել քեզանից, բացի գիտելիքից: Երբեք չպետք է մերժել գիտելիքը, նույնիսկ եթե այն այդ պահին այն անպիտան է թվում: Նա ասում էր` «սովորիր, դիր գրպանդ, մի օր պետք կգա»: Այդ խոսքերը միշտ ինձ ուժ են տվել: Նույնիսկ, երբ ինչ-որ բան սխալ է ընթացել իմ կյանքում, ասել եմ` կարեւորն այն է, որ ինչ-որ բան սովորեցի եւ դասեր քաղեցի: Ապրել եմ այս կարգախոսով, հիմա էլ պատեհ առիթի դեպքում նույնը սովորեցնում եմ եղբորս երեխաներին:

 

Անահիտ Երեմյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին