50 գլոբալ հայերը` Ալեքսանդր Սիմոնյան - Mediamax.am

exclusive
20792 դիտում

50 գլոբալ հայերը` Ալեքսանդր Սիմոնյան

Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է շարքի հերթական հերոսին՝ ֆիզիկոս Ալեքսանդր Սիմոնյանին, ով Աուբորնի համալսարանի պրոֆեսոր է եւ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Ալեքսանդր Սիմոնյանը
Ալեքսանդր Սիմոնյանը

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

ԵՐՖԻ-ի Ռադիացիոն բիոֆիզիկայի լաբորատորիայի կազմը:
ԵՐՖԻ-ի Ռադիացիոն բիոֆիզիկայի լաբորատորիայի կազմը:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

Ալեքսանդր Սիմոնյանը ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանի հետ:
Ալեքսանդր Սիմոնյանը ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանի հետ:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

Ալեքսանդր Սիմոնյանը «50 Գլոբալ հայեր»-ի հերոսներից մեկի՝ Գուրգեն Խաչատրյանի հետ, 2005թ.:
Ալեքսանդր Սիմոնյանը «50 Գլոբալ հայեր»-ի հերոսներից մեկի՝ Գուրգեն Խաչատրյանի հետ, 2005թ.:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

Ալեքսանդր Սիմոնյանը թոռների՝ Վերայի եւ Միքայելի հետ:
Ալեքսանդր Սիմոնյանը թոռների՝ Վերայի եւ Միքայելի հետ:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

Ալեքսանդր Սիմոնյանը ընտանիքի հետ:
Ալեքսանդր Սիմոնյանը ընտանիքի հետ:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

ՀՀ ԳԱԱ նախագահ հանձնում է Ալեքսանդր Սիմոնյանին ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմը:
ՀՀ ԳԱԱ նախագահ հանձնում է Ալեքսանդր Սիմոնյանին ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմը:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է շարքի հերթական հերոսին՝ ֆիզիկոս Ալեքսանդր Սիմոնյանին, ով Աուբորնի համալսարանի պրոֆեսոր է եւ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

 

Ալեքսանդր Սիմոնյանը ֆիզիկոս է: Ծնվել եւ մեծացել է Երեւանում: Ավարտելով Երեւանի Կամոյի անվան թիվ 76 դպրոցը, 1963թ. ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Համալսարանը ավարտելուց հետո, աշխատանքի է անցել Ֆիզիկայի ինստիտուտում: 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հրավիրվել է Իտալիա՝ Ջենովայի համալսարան (1993-1994 թթ). Նույն տարիներին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: 1994թ. հրավեր է ստացել ԱՄՆ-ի Տեխասի համալսարանից եւ 7 տարի աշխատել է այնտեղ: 2003 թ. ի վեր աշխատում եւ դասավանդում է Աուբորնի համալսարանում, որտեղ արժանացել է պրոֆեսորի կոչման: 2011թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

 

Ճիշտ չի լինի ասել, որ դպրոցում լավ էի սովորում: Իմ բախտը բերեց այնքանով, որ հանդիպեցի մի դասատուի, որը «վզիցս այնպես բռնեց, որ ստիպված էի սովորել»: Մարգարիտա Իլյինիչնա Սարգսյանը մեր մաթեմատիկայի դասատուն էր, եւ ես իրեն շատ եմ պարտական: Նա մեծ ազդեցություն ունեցավ մեր դասարանի աշակերտների մեծամասնության վրա: Ֆիզիկայով սկսեցի հետաքրքրվել 8-րդ դասարանում: Սկսեցի կարդալ, հետո տարվեցի եւ վերջապես՝ «սիրահարվեցի» այդ առարկային: Այդ ժամանակ վոլեյբոլ էի խաղում Հայաստանի հավաքականի կազմում: Հիշում եմ, որ մեր թիմի անդամների հետ անընդհատ վիճում էինք` նրանք փորձում էին համոզել ինձ, որ սպորտը ֆիզիկայից լավ զբաղմունք է: Սպորտը սիրելով, ես, այնուամենայնիվ, հակառակն էի պնդում:

 

Երբ 1963 թվականին ընդունվեցի համալսարան, առաջին կուրսից նախատեսում էի դառնալ միջուկային ֆիզիկոս եւ մինչեւ 4-րդ կուրսի ավարտը շարժվում էի այդ ուղղությամբ: Ամենասկզբից սերտորեն համագործակցում էի Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի հետ: 4-րդ կուրսում հանդիպեցի մի դասախոսի, ով սկսեց բիոֆիզիկա առարկան դասավանդել, ու ես փոխեցի միտքս՝ խորանալով այդ ոլորտի մեջ: Սկսեցի աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի բիոֆիզիկայի լաբորատորիայում, որի ստեղծողն ու ղեկավարը Ծովակ Ավագյանն էր: Հենց նա է դրել բիոֆիզիկայի հիմքերը Հայաստանում:

 

ԵՐՖԻ-ի Ռադիացիոն բիոֆիզիկայի լաբորատորիայի կազմը:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

 

Հայաստանի Ֆիզիկայի ինստիտուտը խորհրդային ժամանակ հզորագույն կառույց էր: Մեր նորաստեղծ լաբորատորիան ուներ տարբեր ուղղություններ՝ մեմբրանային բիոֆիզիկա, ռադիացիոն գենետիկա եւ այլն: Ես սկսեցի աշխատել մեմբրանային բիոֆիզիկայի գծով, իսկ 1973 թվականին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս:

 

Մոտ 6-7 տարի աշխատելով այդ ուղղությամբ, Ալեքսանդր Սիմոնյանը հանկարծ մի հոդված կարդաց ֆերմենտային էլեկտրոդների մասին: Ալեքսանդրի խոստովանությամբ, այդ հոդվածը կրկին հեղափոխեց իրեն:

 

Ալեքսանդր Սիմոնյանը ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանի հետ:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

 

Իմ ընտրած ուղղությամբ Սովետական Միությունում, բացի մեր Ֆիզիկայի ինստիտուտից, զբաղվում էին միայն Վիլնյուսում: Այնպես որ, մենք «ընկեր-մրցակից» էինք, քանի որ աշխատում էինք նույն ուղղությամբ, բայց տարբեր կերպ: Մեզ մոտ մի փոքր խումբ ձեւավորվեց, եւ մենք կարողացանք բավականին մեծ հաջողությունների հասնել: Ստեղծեցինք մի սարքավորում՝ Multiferm ֆերմենտային անալիզատորը: Ստանում էինք բավականին մեծ թվով գիտական պատվերներ: «Բիոսենսոր» կոոպերատիվը ստեղծեցինք, որի միջոցով եւ զբաղվում էինք Multiferm-ի մշակմամբ եւ արտադրությամբ: Ստացվող գումարները ներդնում էինք հետագա զարգացման մեջ: Բայց, ինչպես գիտեք, 1991 թվականին Սովետական Միության փլուզվեց, ամեն ինչ քանդվեց եւ մենք մնացինք կոտրված տաշտակի առջեւ:

 

Այդ ժամանակ Ալեքսանդրը հրավեր ստացավ Իտալիայից՝ Ջենովայի համալսարանից:

 

Իտալիայում աշխատեցի մոտ մեկ տարի: Վերադառնալով Հայաստան, մի ծանոթ ամերիկացի պրոֆեսորից հրավեր ստացա մեկնել կոնֆերանսի Տեխասի գյուղատնտեսության ու մեխանիկայի համալսարան (The Agricultural and Mechanical University of Texas): Հրավերը բավականին հետաքրքիր էր: Պրոֆեսորը գրում էր, որ գիտի Հայաստանի վիժակի մասին եւ պատրաստ է հոգալ իմ ճանապարհածախսը, եւ առաջարկում էր 3 ամիս իմ տանը ապրել ու աշխատել: Համաձայնվեցի ու 1994թ. մայիսին, ինչպես այն ժամանակ մտածում էի, մի քանի ամսով մեկնեցի Միացյալ Նահանգներ: Այդ մի քանի ամիսը շարունակվում է մինչ այսօր…

 

Մի քանի ամիս անց սկսվեց ակտիվ ու հետաքրքիր աշխատանքը: Այդպես 8 տարի շարունակ աշխատեցի Տեխասի համալսարանի բիոքիմիայի, բիոֆիզիկայի ու քիմիական ինժեներիայի դեպարտամենտում: Այնտեղ զբաղվում էինք քիմիական զենքի ու պեստիցիդների դետեկցիայով:

 

Ալեքսանդր Սիմոնյանը գերմանացի հռչակավոր բիոքիմիկոս Ֆրիդեր Շելերի հետ, 2005թ.:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

 

2003թ. հունվարին Ալեքսանդրը առաջարկ ստացավ Աուբորնի համալսարանից (Mechanical Engineering faculty of Auburn University), որտեղ նրան հնարավորություն տվեցին ե՛ւ շարունակել ուսումնասիրությունները, ե՛ւ դասավանդել: Նա համաձայնվեց ու տեղափոխվեց Ալաբամա նահանգ:

 

Գլխավոր դժվարությունը կայանում էր նրանում, որ, ժամանելով ԱՄՆ, ես լեզվին գրեթե չէի տիրապետում եւ անգլերեն դասավանդելը բավականին բարդ էր:

 

2008թ. մրցույթով անցա ԱՄՆ-ի Ազգային գիտությունների հիմնադրամ (National Science Foundation): Այնտեղ մեծ թվով գրանտեր էին տրամադրում: Ես մի տարի պայքարեցի, որպեսզի բացվի բիոսենսորային ոլորտի ծրագիր: Ի վերջո, հաջողվեց այն բացել եւ մինչեւ 2012 աշունը՝ ժամկետի ավարտը, ես այդ ծրագրի ղեկավարն էի:

 

Ալեքսանդր Սիմոնյանը «50 Գլոբալ հայեր»-ի հերոսներից մեկի՝ Գուրգեն Խաչատրյանի հետ, 2005թ.:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

 

Ալեքսանդրի երեխաները չգնացին իր ճանապարհով, չնայած որդին եւս ավարտեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, սակայն հետագայում փոխեց իր ուղղությունը:

 

Ռուբենը համալսարանի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ տեղի ունեցավ 1988թ. երկրաշարժը: Նա ընդգրկվեց «Սպիտակ» ջոկատը եւ 5 տարի այնտեղ աշխատեց: Հետագայում նա Իտալիայում աշխատեց, ԱՄՆ-ում ստացավ MBA-ի դիպլոմ ու Մոսկվայում իր բիզնեսը ստեղծեց: Հիմա իր ընկերությունը հայտնի Sanitelle գելի արտադրությամբ է զբաղված:

 

Աղջիկս` Մարինան, ավարտել է ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետը, հետագայում նույնպես MBA-ի դիպլոմն է ստացել եւ այսօր աշխատում է ամերիկյան խոշոր ընկերությունում:

 

Ալեքսանդր Սիմոնյանը թոռների՝ Վերայի եւ Միքայելի հետ:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

 

Օգնել է արդյո՞ք Ալեքսանդրին իր սովետական «բեքգրաունդը» թե՞ հակառակը՝ խանգարել:

 

Իհարկե, օգնել է: Սովետական համակարգից մենք փորձում էինք լավը վերցնել, գաղափարախոսությունը մեզ չէր վերաբերում: Ֆիզիկայի ինստիտուտն այնքան հզոր էր, որ մենք ռայկոմի աշխատողների հետ գործ չունեինք: Գիտությունը եւ կրթությունը շատ բարձր մակարդակի վրա էին: Ինչպես մի առիթով ասել է ընկերներիցս մեկը, «եթե մարդու մեջ մի գրամ խելք կա, Ամերիկայում նա դատապարտված է հաջողության»: Դա մի կողմից ճիշտ է, բայց, մյուս կողմից, հաջողության հասնելու համար պետք է բավականին մեծ ծավալի աշխատանք կատարել:

 

Աուբորնը` փոքր համալսարանական քաղաք է: Այստեղ բացի աշխատանքից այլ զբաղմունք գտնելը բարդ գործ է: Ես շատ եմ սիրում երաժշտությունը, այնպես որ ազատ ժամանակ կա՛մ նվագում եմ, կա՛մ գիրք կարդում: Երբ հնարավորություն ունենում եմ, շփվում եմ թոռնիկներիս հետ: Որոշել ենք, որ իրենք պետք է սովորեն հայերեն ու ռուսերեն: Ժամանակս բավականին սուղ է: Հաճախ դասախոսություններով հանդես եմ գալիս տարբեր քաղաքներում: Մարտի 3-ին, օրինակ (հարցազրույցը տեղի է ունեցել փետրվարի վերջում – խմբ.), մեկնում եմ կոնֆերանսի Իտալիա, կփորձեմ վերականգնել իտալերենի գիտելիքներս:

 

Ալեքսանդր Սիմոնյանը բազմաթիվ միությունների անդամ է, մասնավորապես՝ Ամերիկյան քիմիական ընկերության (The American Chemical Society), Մաքուր եւ կիրառական քիմիայի Միջազգային Միության (IUPAC) եւ այլն: Նա նաեւ Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ է, Հայաստանի բիոֆիզիկայի ասոցիացիայի նախագահության անդամ է: 2011թ. ընտրվել է Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ:

 

ՀՀ ԳԱԱ նախագահ հանձնում է Ալեքսանդր Սիմոնյանին ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմը:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

 

Հայաստանի Ֆիզիկայի ինստիտուտի հետ հնարավորության սահմաններում փորձում եմ կապերս պահպանել: Ամեն տարի գալիս եմ Երեւան, եղբայրներս ու բարեկամությունս այնտեղ են: Այնպես որ, իմ սիրտը Հայաստանում է:

 

Խորհրդային ժամանակաշրջանում մենք շատ մեծ արդյունքներ էինք ցույց տալիս  միջուկային ու արագացուցչային ֆիզիկայի ասպարեզում, այսօր, կարծում եմ, ֆինանսական տեսանկյունից մեծ հնարավորություններ չունեցող Հայաստանն ի վիճակի չէ այդպիսի ծախսատար ոլորտներ զարգացնել: Այսօրվա պայմաններում, պահպանելով մարդկանց գիտելիքները նշված ասպարեզներում (դա կարեւոր է ռազմավարության տեսանկյունից), մենք պետք է փորձենք զարգացնել այնպիսի ոլորտներ, որոնք մեծ ֆինանսական միջոցներ չեն պահանջում: Այդպիսի ոլորտների զարգացումը կարող է լավ հնարավորություն ստեղծել մեր երիտասարդներին համար իրականացնել իրենց ծրագրերը հայրենիքում եւ միաժամանակ զգալի տնտեսական օգուտ կբերի:

 

Բացառիկ բնական նյութերի գրեթե անսպառ առկայությունը` ժամանակակից նանոտեխնոլոգիաների հետ մեկտեղ, կարող է ամուր հիմք հանդիսանալ նյութերի ինժինիրինգի (Materials Engineering) համար:

 

Ալեքսանդր Սիմոնյանը ընտանիքի հետ:

Լուսանկարը` Ա.Սիմոնյանի արխիվից:

 

Մենք ունեինք ու դեռեւս պահպանում ենք ուժեղ կենսատեխնոլոգիական արդյունաբերություն: Միկրոկենսաբանության հետ մեկտեղ այն կարող է հնարավորություն տալ մշակել ու արտադրել անհրաժեշտ ապրանքների մեծ քանակ, ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար: Փոքր քիմիան հաջողությամբ պահպանվել է եւ այժմ եզակի ապրանքներ է արտահանում համաշխարհային շուկա: Շատ լավ օրինակ է Երեւանի Կիրառական քիմիայի ինստիտուտը, որը սինթեզում է աշխարհում նախադեպը չունեցող միավորներ: Այլ հեռանկարային բնագավառ կարող է հանդիսանալ կենսատեխնոլոգիական աղբի վերամշակումը, ինչը կմաքրի բնական միջավայրը եւ էներգիա կարտադրի: Ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանն ուներ հիանալի ծրագիր, որը կարելի է վերակենդանացնել:

 

Ալեքսանդր Սիմոնյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին