50 գլոբալ հայերը. Յուլիա Պետրոսյան Բոյլ - Mediamax.am

exclusive
23292 դիտում

50 գլոբալ հայերը. Յուլիա Պետրոսյան Բոյլ

Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին՝ Յուլիա Պետրոսյան Բոյլին:

Յուլիա Պետրոսյան Բոյլը:
Յուլիա Պետրոսյան Բոյլը:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Յուլիա Պետրոսյան Բոյլը եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն:
Յուլիա Պետրոսյան Բոյլը եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Յուլիա Պետրոսյան Բոյլը NGM ամսագրի շնորհանդեսին Կիեւում` համադասարանցի Ռոբերտ Չաղալյանի հետ:
Յուլիա Պետրոսյան Բոյլը NGM ամսագրի շնորհանդեսին Կիեւում` համադասարանցի Ռոբերտ Չաղալյանի հետ:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Յուլիա Պետրոսյան Բոյլը NGM ամսագրի շնորհանդեսին Եգիպտոսում:
Յուլիա Պետրոսյան Բոյլը NGM ամսագրի շնորհանդեսին Եգիպտոսում:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Յուլիա Պետրոսյան Բոյլը NGM ամսագրի շնորհանդեսին Հնդկաստանում:
Յուլիա Պետրոսյան Բոյլը NGM ամսագրի շնորհանդեսին Հնդկաստանում:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Յուլիա Պետրոսյան Բոյլը Մոնղոլիայում NGM ամսագրի շնորհանդեսին նվիրված հեռուստահաղորդման հյուր:
Յուլիա Պետրոսյան Բոյլը Մոնղոլիայում NGM ամսագրի շնորհանդեսին նվիրված հեռուստահաղորդման հյուր:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Յուլիա Պետրոսյան Բոյլը Մոսկվայի գործընկերների հետ:
Յուլիա Պետրոսյան Բոյլը Մոսկվայի գործընկերների հետ:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Յուլիա Պետրոսյան Բոյլը գործընկերների հետ:
Յուլիա Պետրոսյան Բոյլը գործընկերների հետ:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին՝  Յուլիա Պետրոսյան Բոյլին:

 

Դեռ դպրոցում Յուլիային հետաքրքրում էին հումանիտար առարկաները, ինչը եւ պատճառ հանդիսացավ, որպեսզի նա տեղափոխվի պատմության եւ գրականության մասնագիտացված դասարան: Իհարկե, այդ ժամանակ Յուլիան հազիվ թե ենթադրեր, որ 2 տասնամյակ հետո աշխատելու է Վաշինգտոնում եւ ղեկավարելու է աշխարհի ամենահեղինակավոր մեդիա-կորպորացիաներից մեկի՝ National Geographic-ի արտասահմանյան հրատարակությունները:

 

Երեւանի Պուշկինի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի երկրագրության ֆակուլտետ: Իմ մասնագիտացումն ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան էին: Իրականում ցանկանում էի ընդունվել Երեւանի պետական համալսարանի իսպաներեն լեզվի ֆակուլտետ, բայց մի քանի միավոր քիչ հավաքեցի: Ցուցակում երկրորդը Բրյուսովի ինստիտուտն էր, ուր, անկեղծ ասած, չէի ցանկանում ընդունվել, քանի որ այն ժամանակ առկա էր կարծրատիպ, որ այն «ազնվաբարո աղջնակների ինստիտուտ» է, ուր աղջիկներն ընդունվում են միայն երկրպագու գտնելու համար: Բայց այսօր հասկանում եմ, որ հենց ստացածս մասնագիտությունն ինձ թույլ տվեց զբաղվել այն ամենով, ինչը անում եմ ուսումն ավարտելուց հետո:

 

Յուլիա Պետրոսյան Բոյլը եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

 

1994-1995 (3-րդ կուրս) ուսումնական տարին Յուլիան անցկացրեց Ամերիկայում՝ ուսանողների փոխանակման ծրագրով կրթաթոշակ ստանալով Freedom Support Act-ի շրջանակներում: Վերադառնալով Ամերիկայից՝ նա փողոցում պատահաբար հանդիպեց իր դպրոցական ուսուցիչ Մարկ Գրիգորյանին: Իմանալով, որ Յուլիան աշխատանք է փնտրում, Մարկը նույն օրը նրան տարավ իր ընկերոջ՝ հրաշալի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի մոտ, ով ստեղծել եւ ղեկավարում էր Patker լուսանկարչական գործակալությունը: Ռուբենը Հայաստանի լավագույն լուսանկարիչներից մեկն էր, իսկ Ղարաբաղյան պատերազմի նրա լուսանկարները դասական դարձան դեռեւս հեղինակի կենդանության օրոք… 

 

Ռուբենի մոտ աշխատեցի մեկ տարի, այդ ընթացքում համագործակցում էի նաեւ Macmillan հրատարակչության հետ, որը ծրագրում էր համատեղ ձեռնարկություն բացել Հայաստանում: Հրատարակչին օգնում էի Հայաստանում անհրաժեշտ կապեր հաստատել, թարգմանչի դեր էի կատարում գործնական հանդիպումների ընթացքում: Մեկ տարի անց ինձ աշխատանք առաջարկեցին Macmillan Armenia-ի նորաստեղծ հրատարակչությունում, եւ ես որոշեցի տեղափոխվել: Չեմ թաքցնի, որ Ռուբենն ու Մարկը, մեղմ ասած, հիասթափված էին իմ որոշումից:

 

Ինձ շատ հաճելի էր աշխատել Ռուբիկի հետ եւ ամեն օր տեսնել նրա լուսանկարները (հիմնականում զբաղվում էի լուսանկարները արեւմտյան գործակալություններին փոխանցելով եւ թարգմանություններով): Նշեմ, որ 1995 թվականին էլեկտրոնային փոստով բարձր որակի մեկ լուսանկար ուղարկելը, ասենք, Magnum ամերիկյան գործակալություն, կարող էր տեւել մի քանի ժամ: Էլ չեմ ասում, որ կապը հաճախ ընդհատվում էր, եւ ստիպված պետք էր ամեն ինչ նորից սկսել: Բայց ինձ դուր էր գալիս ապրել շրջապատված Ռուբիկի արվեստով, շփվել նրա ընկերների հետ:  

 

Macmillan Armenia տեղափոխվելու որոշումս պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ ինձ առաջարկեցին շատ ավելի բարձր աշխատավարձ, այլեւ այն հանգամանքով, որ ինձ շատ հետաքրքրեց հրատարակչական գործը:

 

Macmillan Armenia-ում Յուլիան աշխատեց շուրջ մեկ տարի, որից հետո ԱՄՆ-ում Edmund Muskie Fellowship ծրագրով սովորելու հայտ ներկայացրեց: Մինչ փաստաթղթերն ուսումնասիրվում են, նա որոշեց հրաժարվել ԱՄՆ մեկնելու մտքից, նույնիսկ եթե կրթաթոշակ ստանա, քանի որ նրան շատ էր հրապուրում աշխատանքը Macmillan Armenia-ում: Ամենավերջին պահին Յուլիայի եղբայրը նրան համոզեց փոխել որոշումը և, այնուամենայնիվ, մեկնել ԱՄՆ:  

 

Յուլիա Պետրոսյան Բոյլը Մոսկվայի գործընկերների հետ:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Ամերիկայից վերադառնալուց հետո շուրջ մեկ տարի շարունակեցի աշխատել Macmillan Armenia-ում, որից հետո աշխատանքի անցա Երեւանում Բրիտանական խորհրդի նորաստեղծ գրասենյակ, որտեղ առաջին հաստիքային աշխատակիցներից մեկն էի:

 

Ամերիկայում Յուլիան ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ Էրիկ Բոյլի հետ: Ծանոթության առիթ հանդիսացավ այն, որ Էրիկը գրեթե կատարյալ խոսում էր ռուսերեն, եւ Յուլիան սկզբում մտածեց, թե նա նախկին ԽՍՀՄ-ից է: Հետո պարզվեց, որ Էրիկը երկու տարի որպես կամավոր աշխատել է Ղրղըզստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսում, եւ հենց այնտեղ է կատարելագործել ռուսերենի իր իմացությունը: Բրիտանական խորհրդում աշխատելուց հետո Յուլիան ու Էրիկը մեկնեցին Ղազախստան: Ալմա-Աթայում Յուլիան համակարգում էր USAID-ի՝ առողջապահական մարմինների համար ուսումնական ծրագրերի կազմակերպման աշխատանքը:  

 

Ալմա-Աթայում գտնվող գրասենյակը համակարգում էր ծրագրի աշխատանքը Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում: Օրինակ, մենք զբաղվում էինք կանանց վերարտադրողական առողջության կազմակերպման ծրագրի իրականացմամբ, եւ ես աշխատում էի Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի առողջապահական մարմինների հետ: 

 

Ղազախստանից հետո երկու տարի ապրում էինք Կիեւում, որտեղ կրկին վերադարձա հրատարակչական գործին: Այնտեղ մի ամսագիր կար, որի ուղղվածությունը ես փոխեցի՝ դարձնելով շաբաթաթերթ Կիեւի գործարար կանանց համար: 

 

Յուլիա Պետրոսյան Բոյլը NGM ամսագրի շնորհանդեսին Կիեւում` համադասարանցի Ռոբերտ Չաղալյանի հետ:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

 

Երբ տեղափոխվեցինք Ամերիկա, աշխատանքի առաջարկ չունեի, բայց 2 ամիս անց Կիեւի գործընկերս խորհուրդ տվեց դիմել National Geographic. այնտեղ արտերկրում National Geographic Traveler-ի արտոնագրման մենեջերի թափուր աշխատատեղ էր բացվել:

 

Սկսեցի զբաղվել Traveler-ի օտարերկրյա հրատարակիչների որոնմամբ, եւ 1.5 մեկուկես տարվա աշխատանքի ընթացքում Traveler-ի օտարալեզու ամսագրերի թիվը 6-ից հասավ 15-ի: Գնահատելով այդ արդյունքները՝ ինձ հանձնարարեցին լիցենզավորել նաեւ գլխավոր ամսագիրը՝ National Geographic Magazine-ը:

 

Ներկայումս պատասխանատու եմ National Geographic Magazine-ի ընդհանուր թվով 39 օտարալեզու ամսագրերի, National Geographic Traveler-ի 17 ամսագրերի եւ National Geographic Kids-ի 18 ամսագրերի համար, ինչպես նաեւ գրքերի արտասահմանյան հրատարակումների՝ ինչպես տպագիր, այնպես էլ թվային:

 

Յուլիա Պետրոսյան Բոյլը Մոնղոլիայում NGM ամսագրի շնորհանդեսին նվիրված հեռուստահաղորդման հյուր:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

 

2013թ. փետրվարից Յուլիա Պետրոսյան Բոյլը զբաղեցնում է National Geographic-ի արտասահմանյան հրատարակությունների եւ բիզնեսի զարգացման գծով ավագ փոխնախագահի պաշտոնը (Senior Vice President, International Publishing and Business Development): Յուլիայի թիմը բաղկացած է 19 աշխատակցից: Նրա բաժինը զբաղվում է նաեւ ընկերության արտասահմանյան ծրագրերով՝ կապված թվային մեդիայի հետ (National Geographic-ի կայքէջերն ու պորտալները, շարժական հավելվածները): 

 

2012թ. մենք National Geographic Magazine ամսագրեր թողարկեցինք 4 երկրներում՝ Մոնղոլիա, Վրաստան, Լատվիա եւ Իրան: Իրանական նախագծի ուղղությամբ աշխատում էինք ավելի քան 5 տարի: Ամսագրի գործարկումն Իրանում մենք մեծ նվաճում ենք համարում: Այս տարի National Geographic Magazine ամսագիր թողարկվեց Ուկրաինայում. մեկնել էի Կիեւ՝ մասնակցելու բացման արարողությանը: Մեր հաջորդ «թիրախը» Վիետնամն է:

 

Patker գործակալությունում աշխատելուց տարիներ անց Յուլիան վերսկսեց համագործակցությունը Ռուբեն Մանգասարյանի հետ. նրանք նախաձեռնեցին Հայաստանում National Geographic Traveler ամսագրի հրատարակման նախագիծը: Ցավոք, լույս տեսավ ամսագրի ընդամենը մի քանի համար. հայաստանյան շուկայում դժվար էր ապահովել դրա վաճառքը: Յուլիան եւ Ռուբենը փնտրում էին ֆինանսավորման այլընտրանքային ուղիներ, սակայն այդ որոնումների ամենաթեժ պահին Ռուբենը մահացավ…

 

Երկու երեխա ունենք՝ Ռոբերտը (11 տարեկան) եւ Նիկան (8 տարեկան): Ռոբերտը մեր ընտանիքի միակ անդամն է, ով ծնվել է Երեւանում (ժպտում է): Բանն այն է, որ մայրս ծննդով Մոսկվայից է, եւ չնայած ծնողներս ապրել են Երեւանում, ես ծնվել եմ Մոսկվայում, եւ ինձ Երեւան են բերել, երբ ընդամենը 2 շաբաթական էի: Նիկան ծնվել է Կիեւում: Էրիկն աշխատում է մասնավոր ընկերությունում, որն իրականացնում է շրջակա միջավայրի պաշտպանության կառավարական ծրագրեր տարբեր երկրներում, հիմնականում՝ Արեւելյան Աֆրիկայում: Մայրս Երեւանից տեղափոխվել է մեզ մոտ՝ Վաշինգտոն եւ «ղեկավարում է» մեր ընտանիքը:

 

Յուլիա Պետրոսյան Բոյլը գործընկերների հետ:

Լուսանկարը` Յ. Պետրոսյան Բոյլի արխիվից:

Ես շատ կապված եմ հայրենիքիս հետ եւ փորձում եմ հետեւել Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Ինձ համարում եմ Հայաստանի 100-տոկոսանոց մասնիկը: Անընդհատ ցանկանում եմ Հայաստան այցելել, բայց աշխատանքիս բերումով չեմ կարող հաճախ լինել հայրենիքում: Հայաստանում հարազատներ գրեթե չունեմ, փոխարենը ունեմ շատ լավ մտերիմ ընկերներ եւ բազմաթիվ անկրկնելի հիշողություններ: Այնպես որ, մտքերով ես Հայաստանից անբաժան եմ: 

 

Յուլիա Պետրոսյան Բոյլի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին