3032 դիտում

Անի Աբգարյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Սիրելի  Մարգարիտ, ինձ իրավունք եմ վերապահում Ձեզ հետ զրուցելու մի մարդու անունից, ով  այլևս ֆիզիկապես մեր կողքին չէ. նա մեկն էր այս մոլորակի վրա ապրող այն միլիարդավորներից, ով ապրած կյանքի ամեն մի օրը ծառայեցրեց ուրիշներին փրկելու, ապրեցնելու, նրանց ցավն ամոքելու, սպառված հավատը վերընձյուղելու գործին, նա  հասարակ կին էր, սիրասուն մայր, մարդասեր բժիշկ, պատասխանատու աշխարհաքաղաքացի, նրա անունն էր  Բժիշկ Լիզա։

Այո, նրան հենց այդպես էին ճանաչում։ Ցավոք ես այդ մարդու մասին իմացա  միայն այն ժամանակ, երբ վերջինս Սիրիա ուղևորվող ինքնաթիռի կործանման պատճառով կնքեց իր մահկանացուն։ Նա այնտեղ էր մեկնում հերթական բարեգործության համար։ Մի առիթով  նույնիսկ ասել էր․ «Մենք հնարավոր է և չվերադառնանք»։ Մարդու և բնության արարիչն  այնքան սեր ու գութ էր  շռայլել  նրան, որ  կբավականացներ մի քանի մարդկային կյանքերի։

Իրապես,  հրեշտակներն ի վերջո  երկինք են բարձրանում, գուցե այլևս անզոր են լինում տանելու այն ամբողջ ցավն ու կսկիծը, որին բախվում են ամեն ժամ՝  կործանվող  ճակատագրեր  փրկելուց։

Աստծո պարգևած  ամեն մի գարուն, որն իմ փոքրիկ քաղաքն առվակների կանչով ու թռչունների սահքով է լցնում, ես մտովի տեղափոխվում եմ այն բոլոր վայրերն, ուր կանաչ մարգագետիններին անպաշտպան կանանց ու մանուկների արյունն է թափվում, միայն այն բանի համար, որ մաշկի այս կամ այն գույնն ունեն, պատկանում են ուրիշ ռասսայի, կամ, որ «հանդգնել» են ուղղակի ծնվել մոլորակի այդ հատվածում։ Ես ամեն օր աղոթում եմ, որ բոլոր մանուկներն իրենց բաժին կապույտ երկինքն ունենան, այն երկինքը, որտեղից հիմա մեզ է նայում բժիշկ Լիզան։ Մարդկային այս տեսակով է երկրագունդը մաքրագործվում։

Օսկար Շինդլերն ասել էր․«Նա, ով մեկ կյանք է փրկում, փրկում է ամբողջ աշխարհը», և ափսոսում էր այն բոլոր բաց թողնված հնարավորությունների համար, որոնք նրան կօգնեին ևս մեկ մարդկային կյանք փրկելու։ Ես համոզված եմ, որ Դուք և բոլոր նրանք, ովքեր սեփական արյունից այն կողմ են դիտարկում մարդկային կյանքերը, որոնց համար անապատային  լեշակերների ճիրաններից առևանգված ամեն մի մանուկ մի փրկված մոլորակ է, ում սիրո և անձնազոհության շնորհիվ աշխարհն առավել մարդակերպ է դառնում, ահա  հանուն այդ բոլոր մարդկանց արժե լինել այս մոլորակի քաղաքացին ու բնակիչը, մշակն ու գիտնականը։

Դուք Ձեր ճանապարհին հանդիպած փուշն ու տատասկը սեր և գթություն եք դարձնում, որն այսօր այնքան շատ է մեզ պակասում։

Սիրելի Մարգարիտ, գուցե իմ երկիրն այնքան էլ օրինակելի չէ մարդկային քաղաքակրթական բազմապիսի չափորոշիչների առումով, բայց որպես ցեղասպանություն վերապրած ազգի զավակ, հավատացնում եմ, մենք գիտենք շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր տարաբնույթ յաթաղաններից փրկեցին  իմ  աշխարհասփյուռ հայրենակիցներին, նրանցից ոմանք  հետո մարդասիրության դեսպաններ  դարձան ամբողջ աշխարհում,  հատիկ առ հատիկ հիշում  ենք  նրանց, ովքեր վտանգելով իրենց զավակներին՝  ֆիզիկական գոյության հնար տվեցին անտուն հայ մանուկների։ Տարիներ անց՝ հանձին այդ երեխաների, աշխարհն ունեցավ Շառլ Ազնավուր, ում  սիրո կոչն անտարբեր չի թողնում ոչ մեկին։ Շառլի և փրկված հազարավոր այլ տաղանդավոր  մարդկանց անունից, անձամբ իմ  անունից խոնարհվում եմ առաջին աշխարհամարտի տարիներին երկիր մոլորակի վրա ապրող այն բոլոր Մարգարիտների, Բժիշկ Լիզաների և մյուսների առաջ, ովքեր մեր օրերում էլ իրական լույսի և հավատի կրողներն են։ Աստված այս մարդկանց մի ուրիշ լույսի ու հավատի խմորով է հունցել, օժտել՝ մարդու նկատմամբ մարդ լինելու  բարձր շնորհքով։

Վստահ եմ՝ Բժիշկ  Լիզան իր եթերային հեռվից այսօր էլ ասում է Ձեզ․ «Լսում ես, Մարգարիտ, դու մենակ չես, ես քեզ հետ եմ  և դու նաև իմ  կիսատ գործի շարունակողը պիտի լինես։ Իմ անավարտ թռիչքն ամենևին էլ վերջը չէ, այլ շարունակությունն  այն անծայր, ափեափ բարության, որ հորդում է քո դեմքից» ։

Սիրելի  Մարգարիտ, այնքան կցանկանայի հանդիպել ու երկար զրուցել Ձեզ հետ։ Դուք երևի ինձ կասեիք, որ Լիզան այն երկրային մարգարիտն էր, որի մարմինը Տերն ուղարկեց ծովի հատակ՝ աշխարհի ջրերն իբրև մեռոն մաքրագործելու համար, իսկ հոգին երկնքում պիտի հավերժ ճախրի։

Մարգարիտ, քո հրաբորբ Բուրունդիում և իմ արևավառ Հայաստանում մենք գուցե և չհանդիպենք, բայց իմ մտքերում և իմ տողերում մենք պիտի հանդիպեինք, որովհետև ինձ ու իմ աշխարհին պակասում էր Ձեր Սերը։ Բոլոր մարդկանց մեջ փնտրելու եմ Ձեզ․․․

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am