11122 դիտում

Միշա Թադեւոսյան. Սայիդա Ֆաթիմային, որ «Տիգրաններ» այլևս չլինեն…



Որ «Տիգրաններ» այլևս չլինեն…

Ամիսներ առաջ էր, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան:

Նրա անունը Տիգրան էր. 14 տարեկան էր, իր կամքից անկախ հայտնվել էր մի հաստատությունում, որն այդ ժամանակ պարբերաբար այցելում էի նաև ես:

Տիգրանը «որբ» էր: Հայրը լքել էր ընտանիքը դեռևս այն ժամանակ, երբ նա անգամ «պապա» բառը չէր արտասանել, իսկ ավագ քույրն ու մայրը փորձում էին ամենատարբեր ձևերով պահպանել իրենց գոյությունը՝ զոհաբերելով մարմինը, հոգին... Տիգրանին:

Ընկերներ չուներ՝ չէր էլ ունեցել, դպրոց երբեք չէր հաճախել, ու, հավանաբար, երբեք էլ չի հաճախի:

Երբ առաջին անգամ հանդիպեցինք, շատ ուրախացավ. գտել էր իրեն հասակակից մեկին, ով կարող էր պատասխանել իր բոլոր հարցերին:  Մինչ օրս հիշում եմ նրա միամիտ, սակայն այնքան անկեղծ հարցերը. հիշում եմ ու ժպտում, ժպտում ու ցավում, որ չկարողացա օգնել նրան…

Հաստատությունում հայտնվել էր մի պարզ պատճառով՝ մայրն ամուսնացել էր, տան «նոր տղամարդը» որոշել էր «ազատվել» Տիգրանից:

Տիգրանը մեր «խիղճն» է. առավոտյան արթնացող ու գիշերը ննջող խիղճը:

Իմ ընկերները գիտեն, որ ես համառ ու կոպիտ բնավորություն ունեմ, բայց երբ պառկում եմ քնելու, Տիգրանի հայացքն է՝ դեմքին թեթևակի ժպիտ ու ցավ աչքերում, որ տեսնում էի ամեն անգամ նրան հանդիպելիս:

Ես իսկապես ուզում էի օգնել նրան, բայց «Վարդին դասախոսություն չէին կարդում, թե նա ոնց պետքա բացվի. նա դա անում էր ինքնուրույն, սեփական ուժերով»:

Իսկ Տիգրանը կարող էր. գրել, կարդալ չգիտեր, անգամ ձեռքի մատները չէր կարողանում հաշվել… դա ինձ համար մեծ հարված էր՝ տեսնել «խորտակված ճակատագիր»:

14 տարեկան ու ոչինչ… ես այդ տարիքում Դանթե եմ կարդացել.. Ես..ու Տիգրանը:

Ես ոչ մեկին չեմ մեղադրում՝ ոչ նրա ծնողներին, ոչ հասարակությանը. Տիգրանը մեր «խիղճն» է:

Այցելություններից մեկի ժամանակ խնդրեց առանձնանալ. այլայլված էր, բառեր չգտնելու պատճառով չէր հասկանում պահանջմունը…Սիրահարվել էր:

Նրան դուրս գրեցին՝ չկարողանալով օգնել՝ թողնելով նրան բախտի քմահաճույքին: Չէին կարողանում պահել. նա «վտանգ» էր մյուսների համար:

Սիրում էր խաղալ, վազվզել. սիրում էր ամեն ինչ ու միառժամանակ ոչինչ: Մանկական չարաճճիություններ էր անում. նրա մեջ դեռ ապրում էր այդ «մանուկը»՝ չնայած նրան, որ բազմիցս ենթարկվել էր ինչպես սեռական, այնպես էլ հոգեբանական բռնությունների:

Նրա մեջ պայքար էր՝ մանկան ու մեծահասակի պայքար:  Մանուկն ուզում էր վայելել իրեն բաժին ընկած մանկությունը, իսկ մեծահասակը համառում էր՝ կյանքին «չնայել վարդագույն ակնոցներով»:

Վերջին հանդիպման ժամանակ ոչինչ չէր խոսում. իմացել էր, որ իրեն դուրս են գրում:

Աչքերից հասկանում էի, որ չէր ցանկանում վերադառնալ այդ կյանքին.  մանուկը ճնշված էր, իսկ մեծահասակը սառեցնում էր ամեն զգացում՝ պատրաստվելով մեր անտարբերության նոր փորձություններին. սառեցնում էր Տիգրանի այդքան ջերմ սիրտը. սիրտ, որը փրկության կարիք ուներ:

Երեխան, ով  մեր անտարբերության զոհն էր, այսօր «վտանգ» էր դարձել մյուսների համար: Երեխա, ով ջերմության կարիք ուներ.  ջերմության ու սիրո, որը գուցե երբեք էլ չի ստանա:

Սա իմ կյանքի ամենամեծ  պատմություն է, իսկ գուցե Ձեզ համար այն դառնար փրկության պատմության մի դեպք:

Այդ օրվանից ի վեր փակում եմ աչքերս ու տեսնում նրա հայացքը՝ դեմքին թեթևակի ժպիտ ու ցավ աչքերում կամ գուցե մեղադրանք աշխարհին իրեն բաժին ընկած «անավարտ մանկության» համար:

Գուցե մի օր  ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ  կարող է թև տալ Տիգրանի մանկան թռիչքին:

Այսօր ես ոչիչ չգիտեմ նրա մասին..գուցե նրան օգնել են, իսկ գուցե ոչ..

Ես հույս ունեմ, որ աշխարհում «Տիգրաններ» այլևս չեն լինի, իսկ եթե լինեն, կգտնվեն մարդիկ՝ Ձեզ նմաններ, ովքեր գուցե կփոխեն նրա ճակատագիրը:

Ես ոչ մեկին չեմ մեղադրում՝ ոչ նրա ծնողներին, ոչ հասարակությանը. Տիգրանը մեր «խիղճն» է:

Փոքր քույրս  այս տարի կդառնա 14 տարեկան:
                                                                    
Ես հույս ունեմ, մնացածը Աստված կանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am