2544 դիտում

Արմեն Ումեդյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Հարգելի պարոն Քաթինա

Հարգելի՝ որովհետև մեկ էջանոց տեքստը և 4 րոպեանոց ֆիլմը Ձեր մասին ստիպեցին ամբողջ մարմինս դողալ և լցվել հարգանքով անձի հանդեպ ով, ունենալով ընտրություն, նվիրեց իր կյանքը մարդկանց, ովքեր ունեին օգնության կարիք։ Մարդկանց՝ ովքեր չունեին ընտրության հնարավորություն։  Մարդկանց՝ ում ամեն օրն անցնում է վախի և խավարի մեջ և ում պետք էր հույսի թեկուզ փոքր մի կայծ, որը դարձաք Դուք։

Ես կարող եմ ամեն օր լողանալ տաք ջրով, ունեմ անկողին, մաքուր սպիտակեղեն, սնունդ․․․

Ես իհարկե գնահատում եմ այդ ամենը քանի որ ինքս երկար ժամանակ զրկված եմ եղել դրանից, բայց ես հանգիստ չեմ։ Այո, կարող է անհեթեթ հնչել, բայց ես հանգիստ չեմ․ ես չունեմ հնարավորություն մարդկանց հույս տալու, մխիթարելու կամ ոգեշնչելու։ Չեմ ունեցել քաջություն լինել տնից ու հարազատներից հազարավոր կիլոմետրեր հեռու, օգնելու համար մարդկանց ում համար վերջին հույսն եմ, ու ոչ նրա համար, որ պարտավոր եմ նրանց օգնել կամ ունեմ շահ: Ամենևին։ Ուղղակի մարդիկ ունեն օգնության կարիք, և ես կարող եմ նրանց օգնել։ Ընդամենը։ Ես երբեք չեմ ունեցել հնարավորություն նայել անդամահատված կամ այրվածքներ ստացած, բայց ժպտացող մարդկանց աչքերի մեջ ու չեմ զգացել նրանց խիզախությունը, ու այն փաստը, որ ես և իմ պես մարդիկ նստած են լուսավոր սենյակներում համակարգիչների և հեռուստացույցների առջև որպեսզի մեզ վճարեն և մենք վճարենք այլ մարդկանց մեզ զվարճացնելու համար այն ժամանակ, երբ այլ տեղերում Դուք և Ձեզ պես մարդիկ ռմբակոծության տակ պայքարում եք մարդկային կյանքի համար, իսկ մարդիկ պայքարում են դեղամիջոցների համար, որոնց չնչին արժեքը ակամայից հավասարազոր է դարձել երեխայի կյանքին, բոլորովին չի հանգստացնում ինձ։

Այո՛, ես հանգիստ չեմ, պարոն Քաթինա, որովհետև ես խավարում ճառագող լույս չեմ խարխափողների համար՝ ինչպես Դուք, այլ մի թույլ ճրագ՝ տեսնողների շրջապատում և հույս ունեմ, որ մի օր բոլոր այդ ճրագները կուղորդեն իրենց լույսը դեպի խավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am