Անժելա Մանասյան. Նամակ Բերնարդ Կինվին. Զինվորները պետք է տուն վերադառնան… - Mediamax.am

11864 դիտում

Անժելա Մանասյան. Նամակ Բերնարդ Կինվին. Զինվորները պետք է տուն վերադառնան…


Լուսանկարը`


Մարդը կազմված է այն հիշողություններից, որոնք նա ունի: Հատկապես մանկության շրջանում ձեռք բերած  հիշողությունները մեզ ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում: Ամեն անգամ, երբ հիշում եմ մանկությանս ուրախ օրերը, տարատեսակ դրվագներից, մարդկանցից զատ, հիշում եմ նաև նրան` իմ մանկության ընկերոջը: Էրիկը ծնվել էր Լոռու չքնաղ վայրերից մեկում, որտեղ սարերն անտառներով գրկախառնված` անծայրածիր քոչարի են բռնել, որտեղ արևի` երկար սպասված ճաճանչներն  ամեն օր խաղում են երդիկների հետ… Մենք էլ էինք խաղում: Ամառային ամեն առավոտ լսվում էր Էրիկենց դարպասի տարօրինակ զրնգոցը և րոպեներ անց նա արդեն մեր դարպասի մոտ էր: Ես, նախաճաշս կիսատ թողած, տատիկիս բարկացած ձայնը դռների հետևում փակելով` դուրս էի թռչում: Վազում էինք` առանց հետ նայելու ու ծիծաղում: Կանչում էինք բոլոր երեխաներին ու սկսվում էին բազմաբնույթ, երբեմն` նույնիսկ վտանգավոր խաղերը: Խաղում էինք ժամերով, գոռուն-գոչյունով` հաճախ արժանանալով տարեցների դժգոհ հայացքներին ու կշտամբանքներին: Շատ էի տխրում, երբ միևնույն թիմից չէինք լինում: Էրիկն ինձ միշտ օգնում էր: Չնայած դրան` հաճախ էինք վիճում. ես չէի սիրում պարտվել, իսկ Էրիկը չէր սիրում անարդարությունը ու մինչև վերջ էլ չսիրեց…

 

Անցան տարիներ, ավարտեցինք դպրոցը: Ես տարված էի ընդունելության քննություններով, իսկ Էրիկն` ինձ քաջալերելով: Էրիկն ինձ քաջալերում էր արդեն զինվորական համազգեստով, Արցախի վսեմ բարձունքներից: Շատ էր ուզում հենց Արցախում ծառայել, կարծում էր, որ այդպիսով ավելի լավ է ընդգծվում իր հայրենասիրությունը: Եվ ընդգծեց…կարմիր գույնով…

 

Ասում են` մարդ մահվանից առաջ տեսնում է այն, ինչ ապրել է մինչ այդ: Նշանակում է ` Էրիկը տեսել է նաև մի տղայի ու մի աղջկա, ովքեր վազում էին ու ծիծաղում, ովքեր վիճում էին ու հաջորդ րոպեին մոռանում դրա մասին, ովքեր շատ ուժեղ թիմ էին…Ու հաստատ ժպտացել է, այտերին հայտնվել են փոսկիները: Այդ անմոռանալի ժպիտը…

 

Մայրը, որ զրնգուն ծիծաղով, աշխույժ կին էր, մի քանի րոպեում ծերացավ, մխրճվեց հավիտենական սգի մեջ: Իմ սենյակից այլևս չի լսվում նրա ծիծաղը, լսվում է միայն Էրիկենց դարպասի տարօրինակ զրնգոցը: Ես ակամա սպասում եմ, բայց նա ինձ էլ չի կանչում խաղալու…

 

Զինվորները պետք է տուն վերադառնան:

 

Հարգելի' պրն Կինվին, Դուք օգել եք բոլորին` առանց հաշվի առնելու նրանց կրոնական պատկանելիությունն ու ունեցվածքը:  Նշանակում է` Ձեզ համար կարևոր արժեքը մարդկային կյանքն է, վերջինիս առողջությունը: Հուսով եմ` Ձեր մարդ տեսակը վարակիչ կլինի շրջապատի համար և մենք այլևս պատերազմներ չենք տեսնի, չենք կորցնի ամենաթանկը, որ ունենք:

 

Աստված բոլոիս պահապան:

 

Սիրով և խորին հարգանքով` Անժելա Մանասյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին