1230 դիտում

Նելլի Միրզոյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Քաղքենի, ասել է թե՝  ձևապաշտ․

- Օյ – օյ - օյ, այսօր սանրվածքս մի տեսակ ավելի ստացված է, քան նախորդ տարեդարձիս,- այնպես՞ չէ,- իսկ հագուստիս օձիքն ու բարձրակրունկներս հազիվ կարողացա նույն գույների մեջ հարմարեցնել։
 
- Հա, ի դեպ, իմ ընկերների մոտ հանկարծ Ձեր ամենօրյա վարուցանքից, կամ էլ կովերի կաթնատվությունից չխոսեք, նրանք  «ուրիշ»  աշխարհի մարդիկ են, և ամենևին էլ ավելորդ չի լինի ռեստորան գալուց առաջ մի անգամ  էլ  լողանալ ու փորձել համարժեք հագուստ ընտրել։  Այդ  բրդյա ձեռագործ սվիտերն, ինչ խոսք, փափուկ է և թերևս այնքան էլ հին չէ, բայց գիտես՞, դա կարող ես կրել քո ծննդյան օրը, սիրելի սկեսուր մայրիկ։

- Գյուղից եկած հյուրերն էլ թող իրար մոտ նստեն՝ նույն սեղանի շուրջ, դե որովհետև նրանց բարբառն այնքան կոպիտ է, որ իմ ընկերների համար կարող է ծիծաղելի լինել։

- Ինչպես՞ թե, ովքեր են իմ ընկերները, նրանք հարգարժան մարդիկ են, մեր քաղաքում ճանաչված  ուսուցիչներ,  օրենքի  ներկայացուցիչներ, լրագրողներ․ ինչ  է՝  դու նրանց նոր՞ ես ճանաչում։

- Գիտես՞ Մադլեն, ես գուցե քո հյուրերի պես խելոք չեմ և մայրս էլ չթողեց, որ ութերորդ դասարանն ավարտեմ, բայց իմ աշխարհի մարդիկ իրական բարիք են ստեղծում։ Քեռիս, օգնել էր մորս, մեծացրել  մեզ, նա գյուղում հայտնի մարդ էր՝ մի ձեռքով տրակտոր էր վարում, որովհետև վիրավոր ընկերոջը կրակագծից հանելիս ձախ ձեռքն արկի պայթյունից կտրվել էր։ Նա միշտ ժպիտով էր պատմում կատարվածը․«Աշոտը մեկն էր, իսկ ձեռքս՝ երկուսը»։  Աշոտը նրա ընկերն էր, նույն ցավի ու աղքատության կրողը։ Գյուղի հողը որքան՜ էր չարչարել  նրանց, մեկ խոփն էր ջարդվում, մեկ եղանակը այն չէր, իսկ  սերմացու ցորենն իր ժամն ունի․ ժամանակին չցանես, քո սիրուն պատերի մեջ ապրող քաղաքացին սոված կմնա։  Թուղթ սևացնելուց  հաց չի թխվում,- Մադլեն։

- Հիշում ես՞ երկու օր առաջ  քեզ հետ աշխատող ընկերդ համարձակություն չէր ունեցել  և  իր  աշխատանքային բացթողումը  քեզ  էր  վերագրել։ Դու այնքան էիր նյարդայնացել, բայց դա ոչինչ, անցավ, այսօր նա քո ծննդյան օրը լաքապատ կոշիկներ ու օսլայած փողկապ կկրի, և ֆեյսբուքներում տեղադրված նկարներում ամենուրեք սիրուն ու խնամված դեմքեր կլինեն, լաքապատ կոշիկներ, օսլայած օձիքներ․․․

- Մադլեն, Աստված մարդուն մերկ է ստեղծել, բայց  հոգիներում այնքան՜ զարդարանք է շարել, և  միայն քչերն են, որ աչք ունենալով՝ կույր չեն, հագուստներից անդին հոգու գանձերն են տեսնում։

Բժիշկ Թոմն, ով օրական մեկ-երկու բեռնատար մարդ է վիրահատում, քաջություն է ունենում մի քանի ձեռք կամ ոտք անդամահատել, որպեսզի փրկի ամբողջական կյանք, նույնպես զուգված-զարդարված չէ, նրանից մահացող կյանքի գարշահոտ է գալիս, նրա մարմինը սառը քրտինքով է պատված լինում, ձեռքերն՝ արյունոտ, աչքերն՝ արցունքոտ, ձայնը՝ երերուն, մարմինը՝ հյուծված, քանզի վիրահատության այդ վայրն աղերս անգամ չունի հիվանդանոց կոչվածի հետ, այդտեղ մի մահճակալի վրա երկու կամ էլ երեք հիվանդ են բուժվում․․․

Թոմի գիտակից ընտրությունը մինչև վերջին շունչը մահացողի կողքին լինելն է, հավատացնելը, որ  վաղվա արևածագը ևս նրանց համար է լինելու,- հավատա Մադլեն, այդ պահերին հոշոտված մարմնով անկողնուն գամվածի համար բժիշկ Թոմից նոր թխված հացի հոտ է գալիս, հոգու հացի․․․ոգու հացի

- Դե,- Մադլեն,- եթե ինչ-որ հրաշքով բժիշկ Թոմ Քաթինան այստեղ լիներ, նրան նույնպես պետք է խորհուրդ տայինք լողանար՝ ծնունդիդ  գալուց առաջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am