Վլադիմիր Մնացականյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

7811 դիտում

Վլադիմիր Մնացականյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Սուդանի հարավի Նուբա լեռներում է ապրում «Ավրորայի» իմ հերոսը։  750 հազար լեռնցի ու մի դոկտոր Թոմ, ով այս ժողովրդի ապավենն է դարձել։

 

Ավրորայի իմ հերո՛ս, քեզ գրում է հեռավոր լեռնային Հայաստանից մի պատանի, ով քեզ պես լեռներով է շրջապատված, բայց դեռևս չունի քո կոչումը։  Անունս Վլադիմիր է։  Վարակվել եմ քո մարդասեր հոգով։ 

 

Դու այն համարձակներից ես, ովքեր աշխարհի անարդարությունների ու մահացու հարվածների դեմ պայքարում են օրվա մեջ 24 ժամ։  Դու կարծում ես, որ պարտք ես աշխարհին քո ստացած բոլոր բարիքների համար։  Դոկտո՛ր Թոմ, դու ոչ միայն վաղուց վերադարձրել ես աշխարհին քո պարտքը, այլև աշխարհն է քեզ պարտք մնացել։  Հիպոկրատի արժանի երդվյալ, այն ամենն ինչ դու ես անում աշխարհի ծնած մարդու համար անչափելի արժեք ունի։  Աշխարհն էլ դժվար թե երբևէ կարողանա մինչև վերջ վճարել քեզ իր պարտքը։  Այն, որ նուբացիները քեզ համեմատում են Հիսուս Քրիստոսի հետ ապացույցն է այն բանի, որ մի ողջ լեռնցի քաջ ժողովուրդ իր փրկությունը քո մեջ է տեսնում։  Շքեղ կյանքդ փոխարինել ես հորերում ապրվող կյանքով։  Միայն թե հորում անցկացրածդ յուրաքանչյուր վայրկյանը, փրկածդ յուրաքանչյուր կյանքը, արածդ յուրաքանչյուր մարդասիրական քայլը գրում են քո շքեղ կենսագրությունը, որը շատ ու շատ լեռներից հեռու շքեղ կյանք վարող մարդիկ այդպես էլ չեն վաստակում։  Կենսագրություն, որտեղ նշված չեն այն բոլոր հայտնի հիվանդանոցների անունները, որտեղ կարող էիր աշխատել։  Կենսագրություն, որտեղ կա միայն աշխարհից մոռացված, խեղճուկրակ մի «Գթության մայր» անվամբ հիվանդանոց, որտեղի գթության հայրն ես դու դարձել։ 

 

Դոկտո՛ր Թոմ, փրկածդ յուրաքանչյուր կյանքը մի լուսավոր աստղ է վառում քո ճանապարհին։  Ճանապարհիդ աստղառատությունը վկայությունն է փրկածդ կյանքերի անհաշվելիության։  Քրիստոսական գթառատ հոգին քո քրիստոնյա մարմնի մեջ է։ 

 

Նուբացիների գթության հայր, «Ավրորայի» իմ հերոս, մի համեստ դոկտոր Թոմ, ով ունի աշխարհի ամենաշռայլ նվերները՝ խիղճ և մարդասիրություն։  Ես հավատում եմ քեզ, հավատում եմ, որ դեռ շատ աստղեր կվառվեն ճանապարհիդ Հիպոկրատին հավատարիմ Թոմ Քաթինա։  Օրհնյալ է քեզ պես նվիրյալների նվիրական ծնունդը։  Ես դեռ շատ նամակներ կգրեմ քեզ՝ «Ավրորայի» իմ հերոս։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին