Արփի Գալստյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

21373 դիտում

Արփի Գալստյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


«Ավրորա» մրցանակաբաշխությունը  փաստեց, որ Աստծո  շնորհը` կյանքը, որ ամենաթանկն է մարդու համար, կարելի է փրկել` վտանգելով  սեփականը:

 

Իմ ժողովուրդը, որ ենթարկվել է Ցեղասպանության, այսօր իր երախտիքն է հայտնում այն մարդկանց, որոնց շնորհիվ փրկվում  են միլիոնավոր մարդկանց կյանքեր:

 

Դոկտո՛ր Թոմ, Ձեզ նման մարդկանց շնորհիվ է, որ մենք փորձում ենք աշխարհի երեսից արմատախիլ անել Ցեղասպանությունը:

 

Մենք իմանում ենք, որ 21-րդ  դարում էլ դեռևս իրագործվում են ցեղասպանություններ, որ ամեն օր մարում են հազարավոր կյանքեր:

 

Դոկտո՛ր Թոմ, Ձեզ նամակ է գրում 16 տարեկան մի աղջնակ, որը թեկուզ Ձեզ անձամբ չի ճանաչում, բայց շատ մեծ հարգանք է տածում  Ձեր  նկատմամբ: Դուք այն մարդն էիք, որի շնորհիվ ես կողմնորոշվեցի իմ մասնագիտության ընտրության մեջ: Ես ընտրել եմ ինչ-որ տեղ դժվար մասնագիտություն, որի միջոցով կկարողանամ օգնել մեծաթիվ մարդկանց:

 

Դժվար է առանց մարդուն տեսնելու ասել, որ նա քեզ երջանկացրել է, բայց դա այդպես է. Դուք ինձ պարգևել եք երջանկություն: Ասում են` երջանիկ է նա, ով երջանկացնում է առավել մեծ թվով մարդկանց, իսկ դուք իրոք երջանիկ մարդ եք, որովհետև ամեն օր երջանկացնում եք հարյուրավոր մարդկանց:

 

Բժշկական համալսարաններում կարող են սովորել շատ-շատերը, բայց, ցավոք, նրանցից քչերն են արժանի Բժիշկ կոչմանը. Դուք իմ իմացած այն  բացառիկ բժիշկներից եք, որոնք լիովին արժանի են այդ կոչմանը:  Դուք չունեք այլ հենարան, բացի Աստծո հովանավորությունից, ավելի քան 750000 մարդկանց ամենօրյա աղոթքներից և մասնագիտական պատրաստվածությունից: Սակայն անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումն ապահովում են Ձեր հաջողությունը: 

 

Հիմա ես այստեղ նստած շարադրում եմ իմ մտքերը, իսկ Դուք երևի փրկում եք մի անմեղ երեխայի կյանք, որը մի կերպ է զսպում իր արցունքները, քանի որ գիտակցում է, որ ամեն կաթիլ արցունքի հետ Դուք ավելի մեծ ցավ կզգաք: Դոկտոր Թոմ Դուք փրկում եք նրանց` անկախ նրանց ռասայից, կրոնից, Դուք փրկում եք նրանց, քանի որ նրանք Ձեզ, ինձ, մնացած 7-8 միլիարդ մարդու նման են, քանի որ վիրահատարանում գտնվող երեխայի համար էական չէ, որ Դուք սպիտակ եք, նա սև. մենք բոլորս մարդիկ ենք:

 

Գիտե՞ք, դոկտո՛ր Թոմ, Դուք Նոբելյան մրցանակակիր կամ Սթիվ Ջոբսը չեք (այդպիսի մարդկանց ճանաչում է գրեթե ողջ աշխարհը), բայց նրանց համար շատ քչերն են աղոթում, իսկ Ձեզ համար աղոթում է ամբողջ Քորդաֆանի ժողովուրդը, և գուցե Ձեր փրկած երեխաներից ինչ-որ մեկը դառնա շախմատի չեմպիոն, մյուսը` գիտնական, իսկ մի աղջիկ էլ հաջորդ Ավրորան, որ կբարձրացնի Քորդոֆանի ժողովրդի ձայնը:

 

Դոկտո՛ր Թոմ, Դուք փրկիչ եք Քորդոֆանի ժողովրդի համար:

 

Ես երջանիկ եմ, որ կա Ավրորան, որ ես ճանաչեցի Ձեզ. Դուք այնքան նվիրված եք Քորդոֆանի ժողովրդին, որ չկարողացաք ներկայանալ մրցանակաբաշխությանը:

 

Հույս ունեմ` նամակս կկարդաք: Ի դեպ, անունս Արփի է, որը նշանակում է արև: Ուզում եմ միշտ հիշեք. երբ նայեք երկնքին, և արևը Ձեզ շողա, իմացեք, որ դա ես եմ, մի աղջնակ, ով Ձեզնից սովորեց, որ երբեք  պետք չէ հանձնվել, որ, անկախ խոչընդոտներից, եթե հոգում կա ներքին լույս, և դուք այդ լույսը նվիրում եք ուրիշներին, ապա այն միայն առատանում է:

 

Ցտեսություն, դոկտո՛ր Թոմ: Իմ մասին մոռացա նշել` մասնագիտությամբ` ապագա օնկոլոգ: Հույս ունեմ, որ այս կյանքի մի էտապում կտեսնեմ Ձեզ ու Ձեր աչքերում կտեսնեմ այն 16 տարեկան աղջնակին, ով այսօր ցանկանում է նմանվել Ձեզ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին