Վանիկ Հովակիմյան. Նամակ Մարգարիտ Բարանկիցեին. Պինդ կաց, տիկին - Mediamax.am

19240 դիտում

Վանիկ Հովակիմյան. Նամակ Մարգարիտ Բարանկիցեին. Պինդ կաց, տիկին


Լուսանկարը`


Ես հավատում եմ ձեր խաղաղության ձգտման պայքարին, ուզում եմ ձեզ պատմել ուժեղ կնոջ մասին, ով նույնպես ձեզ պես պայքարում է խաղաղության համար.

 

Ես կպատմեմ Տիկին Գայնեի մասին ,աշխարհի ամենագեղեցիկ կնոջ մասին, այդպես եմ ասում, որովհետև այն կինը, ով երբևէ ճաշակել է կորստի դառնությունը, ու երբեք չի դադարում կարեկցել մարդկանց, ու բարի գտնվել կյանքի նկատմամբ, այդ կինը պարզապես արժանի է ամենագեղեցիկի կոչմանը, որովհետև մարդուն գեղեցկացնում է հենց ուժն ու ներքին խաղաղությունը .

 

Տիկին Գայնեն պատերազմում կորցրել էր որդուն և ամուսնուն:

 

Երբևէ չեմ կարողանում մոռանալ այդ տիկնոջ հայացքի ցասումը, երբ նա կմկմալով ու արցունքները աչքերին պատմում էր պատերազմի մասին, ասելով.

 

- Ոչ մի գրքում այդպես էլ չխոստովանեցին,որ կյանքը հսկայական պատերազմ է, մենք տանուլ ենք տալիս մեր զավակներին, մեր սերերը, մեր հանգստությունն ու ամենակարևորը խաղաղությունը, այն մտքով որ գուցե դա մի օր հետ գա, բայց ցանկացած պատերազմից հետո խաղաղությունը, դա այնքան էլ խաղաղություն չի ,դա նման է համակերպման անխուսափելի ցավի:

 

Որդուս պատերազմ ուղարկելուց առաջ լաց չէի լինում, որովհետև ամենից շատ հավատում էի, որ հետ կգա, նրան ասում էի՝ «ինչ էլ լինի, հետ արի, որովհետև այստեղ տանը ՝ քեզ սպասում է այն ամենամեծ խաղաղությունը, որը երբևէ չես գտնի, դա սերն է»:

 

Բայց նա հետ չեկավ, բայց այստեղ է, կարծես մոտիկ է ինչ-որ տեղ, այստեղ է, որովհետև ես անվերջ զգում եմ, որ նա ուժ է տալիս ինձ ապրելու համար, չէ տարօրինակ թող չհնչի, ամեն դեպքում այստեղ է, իմ խորը խորքում, որտեղ տեղավորվել է ու այն խաղաղությունն է ապրում, որը չկա աշխարհում և ոչ մի տեղ:

 

Ես սիրում էի լսել նրան, նա սիրում էր, երբ խոսում է: Մի օր հարցրեցի, կանցնի այդ ցավը,

նա պատասխանեց

 

- Ոչ, բայց երբեմն այդ ամենը փոխում է իր ձևը, դառնում է տանելի, երբեմն  կարելի է դա փաթաթել մի ճերմակ թաշտինակի մեջ, ու դնել գրպանը, բայց այն երբեք չես կարող դեն նետել, որովհետև ամբողջովին կմատնվես դատարկության:.Ի վերջո դա է մնացել նրանից հետո:

 

Ես սիրում էի տեսնել  նաև, երբ նա զբաղվում էր իր բակում գտնվող փոքրիկ այգով, ամեն անգամ նրան այնտեղ տեսնելիս ,մտածում էի, որ ի վերջո խաղաղությունը դա լռությունն է, դա այն համակերպումն է, որին երբեք չես կարող շրջանցել, ու այդ ցավը, իրոք իր ձև փոխում էր, որովհետև ի վերջո կյանքը գեղեցիկ է նրանով, որ դու կարող ես անվերջ հուսալ, անգամ գիտակցելով, որ անհնար է վերադարձնել այն, ինչ պատերազմն է խլել քեզանից:

 

Մի օր որդու վերջին նամակը տվեց ինձ, դա այնքան էր հնացել, կամ գուցե խոնավ էր, որովհետև ի վերջո նա ամեն գիշեր առնում էր այդ նամակը ձեռքին ու լաց լինում, դրանով տրորելով աչքերը:

 

Նամակում գրված էր ՝

 

Պատերազմը դա կյանք է, ամեն օր այստեղ այս փոշու մեջ կորած դաշտում, փնտրում  եմ  արահետներ, դեպի տուն բերող:  Բայց երբ հիշում եմ արդեն քո ծերացած հայացքն ու ձեռքերը, ուժ եմ գտնում, ուզում եմ ամբողջ ուժով ժամանակը հետ տալ ու գալ նորից քեզ մոտ, տալ ամեն ինչ քեզ, ու տալ ամենակարևորը` խաղաղությունը:

 

Գիտեմ, չի կարելի խոսել կորուստներից  ուզում եմ ասել, որ ինչ էլ լինի դու պետք է միշտ հպարտ լինես, որովհետև ի վերջո ես հասկացել եմ, որ պատերազմում են մարդիկ հասկանում, թե ինչ է խաղաղությունը, խաղաղությունը դա հսկայական ներաշխարհ է, հսկայական ապրում է, խաղաղությունը դա ներսում է:

 

Ուզում եմ միշտ հպարտ լինես, որովհետև ի վերջո դու ուժեղ ես, որովհետև ի վերջո ուժեղ ենք այնքանով, որքանով որ կարողանում ենք զգալ:

 

Քո ուժը քո զգացածի մեջ է:

 

Նայելով Տիկնոջը միշտ մտածում էի ,որ ամեն դեպքում հերոսի մայրն է ավելի հերոս:

 

Հերոս է ներքուստ ջարդված ու նահատակված

բայց արտաքուստ պինդ քարի նման .

Բարձրացնում է գլուխը վերև

առանց հեգնանաքի նայում կապույտին

լացող աչքերով

ու կորստի ցավից

ներում է Աստծուն ...

 

Միշտ պետք է պինդ մնալ, որովհետև դա է խաղաղությունը ու հենց ուժը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին