Անի Ավետիսյան. Նամակ Ավրորայի հերոսին - Mediamax.am

1389 դիտում

Անի Ավետիսյան. Նամակ Ավրորայի հերոսին


Լուսանկարը`


-Մարդ մնա: Ինչ էլ լինի:

 

Ասաց ու գնաց: Չհասցրեցի անգամ ասել՝ կմնամ: Միայն շշնջացի: Զգույշ, որ շուրջս ոչ ոք քնից չարթնանա: Հետո միայն զգացի, որ դա քուն էլ չէր: Անզգայություն էր: Մի կերպ Երկրի ընթացքից հետ չմնալով աշխարհն ու մարդկանց մոռացած մահկանացուների անզգայությունը:

 

Դա առաջ էր:

 

Երևի փոքր էի: Չգիտեի էլ, որ «մարդ մնալ» միայն ինձ չէ, որ պատվիրել էին: Չգիտեի, որ մի օր այն, ինչ-որ երկնային ու չգրված օրենքով 11-րդ պատվիրանն է դարձել (իսկ մարդիկ երևի չգիտեին, որ  իրականում նա մյուս տասի ընդհանրությունն էր): Ու նաև չգիտեի, կամ, թերևս գիտեի, բայց ընդունել չէի ուզում, որ դա էլ  մյուս տասը պատվիրանների պես  ամենօր ու ամենուր խախտելու էինք, փոշիացնելու:

 

Դա առաջ էր:

 

Հետո իմացա:

 

Իմացա մի օր, երբ բոլորը հայի վերածնունդն էին նշում ու տեսնում, որ սովորել ենք չսգալ, պայքարել ենք սովորել: Ու գիտե՞ս, այդ օրը մեզ պայքարել սովորեցնողներից մեկն էլ դու էիր: Եվ ես գտա քեզ:

 

Այն օրը, երբ գտա, դու քեզ գնահատված էիր զգում, իսկ  ես՝ վարձատրված: Ես, որ մանկուց անասելի պատկառանք էի զգում հոգևոր կոչում ունեցողի հանդեպ, իսկ եկեղեցականի հանդերձանքը, որ սովորաբար վանում էր երեխաներին, ձգում էր ինձ: Ես, որ ինչ-որ երկնային, աստվածային բանի սպասում էի ունենում նրանց տեսնելիս, այդ օրը գտա: Այն քո մեջ էր, իսկ ավելի ճիշտ՝դու էիր այդ երկնայինը, աստվածայինը: Ու ես տեսա, զգացի, որ, իրոք, Աստված մարդուն իր կերպարով էր ստեղծել, այդ մենք ենք աղճատում մեր կերպարը, իսկ քո մեջ, քո մեջ այն նույնն էր, մնացել էր կանգուն՝ երկրաշարժերից, ջրհեղեղներից ու մեր՝ մահկանացուներիս հարվածներից աներեր մնացող տաճարի նման: Իսկ այն ժամանակ ես երևի չէի էլ մտածում, որ հենց քո մեջ  է շունչ ու մարմին  ստացել մեր՝ քարից շինված եկեղեցին, որ դու ինքդ ձեռագիր «Աստվածաշունչ» ես, և այն, ինչ մենք կարդում ենք, գրված է քո ապրած տարիների մեջ, որ երևի հենց դու ես Երկրի վրա շունչը Աստծո:

 

Դու, այդ դու  օգնեցիր ինձ նորից հավատալ, որ հոգևորականի զգեստն իրոք ինչ-որ յուրահատուկ նշանակություն ունի, իսկ երբ այն կրում է մեկն, ով աշխարհում ամեն ինչից առավել արժանի է մարդ կոչմանը, հրաշքն իրական է դառնում: Իսկ հրաշքները կրոն ու դավանանք չեն հարցնում:

 

Հավատն աշխարհում մի ձև ունի, իսկ Աստված մեկն է, որքան էլ շատ լինեն կրոնները: Մարդկային կյանքը, մարդասիրությունն ու սերն առ Աստված աշխարում վեր են ամեն տեսակ դավանանքից:

 

Եվ գիտե՞ս, այնպես ստացվեց, որ դու, անկախ քեզանից, մյուսների կյանքը փրկելու հետ մեկտեղ օգնեցիր փրկել մեկի ու  գուցե շատերի հոգևոր աշխարհը: Դու պատճառ դարձար կյանքի քառուղում չկորցնել հավատն ու վերստին, էլ ավելի ուժեղ հավատալու: Չէ՞ որ հավատն է ամենամեծ ուժն աշխարհում:

 

Ու ես, չգիտեմ ինչու, բայց  վսատահ եմ, որ քեզ էլ հավատն էր առաջնորդում, ուժ տալիս: Հենց հավատն էր պատճառը,որ դու, ենթարկված լինելով բռնության, բռնակալ չդարձար, այլ հակառակը...Դարձար Մարդ:

 

Մարդ: Ու քեզանով, քեզ նմաններով մենք հասկացանք և դեռ պիտի հասկանանք մարդ լինելու իրական նշանակությունը: Հասկացանք,թե որքան թերի էր մինչ այս մեր ունեցած պատկերացումը: Դու ու  քեզ նմաններերն էիք, որ մեզ հասկացրեցիք «մարդասիրություն»  բառի արժեքը:Սովորեցրեցիք մարդ լինելու արվեստը:Աշխարհը, մարդկային ցավը մեր ամեն մի բջիջով զգալու արվեստը:

 

Հայր Բերնարդ, դո՛ւ, որ մարդասիրության կենդանի օրինակ էիր, պատճառ դարձար նաև հոգևոր զարթոնքի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին