Մուշեղ Յուզբաշյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2412 դիտում

Մուշեղ Յուզբաշյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Սիրելի Մարգարիտ, իմ թուխ հորաքո՛ւյր

 

Երբ ավարտես քո օրվա ծառայությունը և կացարան հասնես, երբ հանես գլխիդ ծաղկանկար գլխաշորն ու նստես հանգստանալու, խնդրում եմ կարդա նամակս, որ փոքրիկ մի պատմություն է Հայաստանի լեռներին ծվարած մի գյուղի կյանքից, ուր ապրում էր գրեթե քո մաշկի գույնն ունեցող իմ հորաքույրը: Նրա մաշկը դարչնագույն էր դարձել լեռնային անխնա արևի տակ, դաշտերում ու այգիներում անվերջ աշխատելիս. այնտեղ գարնանն ու ամռանը ծխախոտ և կարտոֆիլ են մշակում, իսկ աշնանը հավաքում են լեռների ստվերում դանդաղ հասունացող հատապտուղները: Ահա այդ ճանապարհներին էին կոփվում հայ գեղջուկ կանայք, դառնում թուխ ու ջլուտ, մինչև սկսվեց պատերազմը… Դու նման ես իմ հորաքրոջը, Մարգարիտ, իսկ որ ասեմ՝ նա էլ էր քեզ պես չթե կտորներից գլխաշորեր կապում, կկարծես, թե հորինում եմ: Բայց Հայաստանի գյուղերում կանայք վաղ են գլխաշոր կապում՝ ապահով փակելով իրենց գլուխը մինչև կյանքի վերջ... Ինձ դուր են գալիս նաև թութսի կանանց գլխաշորերը, որոնք իրենց հագած գունավոր զգեստների կտորներից են սովորաբար կարվում...

 

Իմ հորաքույրն իր երկհարկանի տան առջև ծաղիկներ էր աճեցնում, որոնց մեջ հսկա քաջվարդեր կային: Նրանց ցողունները գուցե մի օր փակեին թշնամու տեսադաշտը, եթե շարունակեին համառորեն բազմանալ եւ երկարել: Բայց քաջվարդերը միայնակ մնացին. իմ հորաքույրը զոհ գնաց թշնամու գնդակին, օրը ցերեկով, հենց իր այգում, երբ հերթական անգամ իջել էր խնամելու թփերը...

 

1990-ականներին, ճիշտ նույն ժամանակ, երբ Ռուանդայում սպանվում էին միլիոնավոր մարդիկ, մեր գյուղից սահման տանող ճանապարհին զինվորական տեղամասեր էին հիմնվել, ուր զինվորները մրսում էին ցրտի ու անորոշության մեջ: Հորաքույրս բարության մասին վեպեր չէր կարդացել, բայց անվերջ բոքոններ էր թխում թիթեղյա վառարանում և հասցնում զինվորներին... Դրանք իմ հայրենիքի՝ Հայաստանի անհաց տարիներն էին, երբ հացը դարձել էր փնտրվող գանձ, ցերեկը՝ կտրոնով, գիշերը՝ փողոցներում վաճառվող երազ: Մի տաք հացը թերևս մի կարողության չափ էր թվում զինվորներին ու ազատամարտիկներին, որոնք բորբոքված լեղապարկերով ու ով գիտի՝ հոգեկան հիվանդություններով վերադառնում էին իրենց տները, որովհետև հացի հետ նաև պատերազմի համն էին «ճաշակում» լեռան այդ ստորոտին: Իսկ նրանց մի մասն էլ ընդհանրապես չվերադարձավ. դարձան հուշաքարեր և մինչ այսօր միայնակ ու ձիգ կանգնած են քարոտ ու ամայի դաշտերում: Այդ զինվորները կերտեցին այսօրվա Հայաստանը, որտեղ մի օր դու կանգնեցիր լուսավոր բեմի վրա, և հայերը տեսան ու սիրեցին քեզ:

 

Ես փոքր էի, և իմ հորաքույրն ինձ թվում էր ամենաբարձրահասակը, նրա տունը՝ ամենամեծը, իսկ նրա արած գործը՝ հերոսություն: Այդ հետո է, որ ես պիտի մեծանայի և հասկանայի, որ այնքան էլ բարձրահասակ չէր հորաքույրս, նրա տունն այնքան էլ մեծ չէր և առհասարակ, նեղ են մեր գյուղի փողոցները, բայց մի բան, որ ինձ համար երբեք չփոքրացավ, կլոր բոքոններն էին, որոնք նա ձյուների ու արևների, քամիների ու անձրևների միջով տանում էր բաժանելու գյուղի սահմանին կանգնած զինվորներին: Զինվորները, ազատամարտիկները փոխվում էին, սակայն երբեք չէր փոխվում նրա թխած բոքոնի չափը: Դրանք միշտ նույն կլոր ու սպիտակ տեսքն ունեին՝ փքված պղպջակներով մի-մի երազանք:

 

Իմ հորաքույրը հիմա չկա, ես հաճախ չեմ այցելում գորշ գերեզմանաքարերի հանգստարանը, որտեղ ննջում է նա, քանի որ հեռացել եմ գյուղից:

 

Հիմա իմ հորաքույրը դու ես, Մարգարի՛տ: Ես դա զգացի այն օրը, երբ կանգնած էիր բեմի վրա և այնպես նման էիր իմ հարազատին...

 

Ես էլ, շատերի պես արցունքներով էի լսում այն պատմությունները, ինչի միջով անցել են քո ազգակիցները՝ թութսիները և ինձ համար այլ անծանոթ ազգեր, որոնց մասին մենք դպրոցում ոչինչ չենք անցել: Այդ օրը ես նորից հիշում էի իմ գյուղի պատերազմը: Աշխարհի բոլոր պատերազմները նույն գույնն ունեն, հավատա, Մարգարի՛տ: Վառոդի հոտը ամենուր նույնն է, վիրակապը նույն գույնն ունի բոլոր պատերազմներում, սկզբից ճերմակ, հետո՝ կարմիրով թրջված, իսկ ապաստարանների պատերը ամենուր բորբոսնած են, հորաքո՛ւյր:

 

«Մեզոն Շալոմ»-ում դու քո թևի տակ էիր հավաքել հարյուրավոր երեխաների, որոնք էլ քո՛ բոքոնիկներն են՝ անուշ ու համով... Իշխանությունները փակեցին այն, բայց դու կհիմնես նորը, քանի որ «Մեզոն Շալոմ»-ը անգին մետաղից մատանի է, իսկ դու, իբրև սև ադամանդ, փայլում ես մատանու գագաթին, հակառակ բոլոր մղձավանջներին, այդ անհավատալի մղձավանջներին, փայլում ես, Մարգարիտ՝ քո փայլով ծածկելով ամենայն չարիք...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին