Տաթե Կարապետյան. Մանկան «արև» աչքեր, որ կջերմացնեն հոգիներ… - Mediamax.am

3863 դիտում

Տաթե Կարապետյան. Մանկան «արև» աչքեր, որ կջերմացնեն հոգիներ…


Լուսանկարը`


Հասուն տարիքում գրած իմ առաջին նամակից անցել է տասը տարի:

 

Ուշացել էի, ու անգութ իրականությունն ինձ այդպես էլ թույլ չտվեց անկեղծանալ առերես` նայելով աչքերի մեջ կամ շշնջալով ականջին: Բայց մեկ է թեկուզև ԻՆՔԸ բացակա էր, ես անկեղծացա՝ միայն թե թուղթ ու գրիչի ներկայությամբ: ՆՐԱՆ գրեցի նամակ, ու ամեն բան գլխիվայր շուռ եկավ իմ կյանքում:

 

Չնայած դահլիճը լեփ-լեցուն էր դիմորդներով՝ գտա ազատ սեղան, որը երևի հենց ինձ էր սպասում: Արտաքին հանգստությունս ներդաշնակ չէր ներսիս ալեկոծման հետ: Անորոշ հայացքս հառած սեղանին՝ երկար-բարակ մտածում էի, երբ աչքերս տեսան անհավատալին. սեղանի ապակու տակ դրված բուհական ընդունելության դիմում-օրինակում դիմորդը հենց ես էի՝ իմ անուն-ազգանուն-հայրանունն էր ու տարեթիվը և ԻՐ ծննդյան օր-ամիսը: Ճակատագրի հուշում էր, որ դրդեց ինձ թողնել իմ մասնագիտական ցանկությունն ու կյանքի կոչել ԻՐ որոշածը:   

 

Առաջին դասախոսությունից կրթվեցի հումանիզմի գաղափարախոսությամբ ու հասկացա, որ ԻՐ որոշումն ամենախոսունն էր էությանս հետ: Ընդամենը մի քանի օրվա ուսանող էի, երբ մասնակցեցի մարդասիրական նախաձեռնության: Ոգևորությունս ու հուզմունքս աննկարագրելի էին. առաջին այցելությունս էր մանկատուն: Մանկատան տնօրենի սենյակում էինք, բայց ոչինչ ոչ տեսնում էի, ոչ լսում, մտքում հորդորում էի ինքս ինձ, որ հանկարծ հոգեպես չթուլանամ:

 

Դուռը բացվելուն պես տեսա մեզ նայող տխուր ու մտահոգ բազում աչքեր, որ արտահայտում էին սպասում: Հոգիս տակնուվրա եղավ ու րոպեներ անց միայն կոկորդումս խեղդեցի հուզմունքը, ամուր թաքցրեցի արցունքներս ու մոտեցա անկյունում կանգնած անտարբեր փոքրիկին: Ամեն կերպ փորձեցի ընկերանալ հետը, բայց ապարդյուն. անդրդվելի լուռ էր: Ես դարձա փխրուն մեկը, որն ուղղակի դուրս վազեց, որ տեղի տա նրա լռությունից ծնված իր ապրումներին: Լռություն, որ ամենից բարձր բղավում էր նրա մերժված ու լքված լինելու մասին, այն էլ՝ կենդանի ծնողների օրոք:

 

էլի անձայն էր ու անթարթ հայացքով: Ուղեղումս միտք ծագեց ուրախացնել նրան նոր հագուստով ու այլ նվերներով, որ տարել էինք մեզ հետ: Բայց երբ մտածածիս պես անակնկալի բերեցի նրան, սրտում ծանրացածն արտահայտեց ուժգին գոռոցով ու փախուստի դիմեց: Ես ու բոլոր ներկաները կարկամել-մնացել էինք անշարժ կանգնած:

 

Այդ օրը երեխայի ծննդյան օրն էր: Նա սպասում էր ոչ թե մեզ, այլ մորը: Ուներ մայր, որ ամենասիրելին էր, ամենասպասվածն ամեն պահ՝ չնայած երեխային կյանք պարգևելուց բացի, նրա համար ոչինչ չէր արել: Ու երբ բացվել էր դուռը, մոր փոխարեն տեսել էր անծանոթների, որոնց մեջ փնտրել ու չէր գտել ծանոթ դեմքը, սպասված դեմքը՝ մոր դեմքը: Մանկատան երեխայի հետ կատարված այս միջադեպը մանկատուն իմ առաջին այցելությունը դարձրեց վերջինը: Տառապող մեկին տեսնելիս, երբ անկարող եմ վերջ դնել նրա ցավին, ձեռքից բռնել ու տանել երջանկության աշխարհ, ունենում եմ նույն ապրումները, ինչ ինքը:

 

Հիմա՝ այսքան տարի անց, ես ծրագրում ու երազում եմ ունենալ մասնավոր մանկատուն, որում ամեն այցելու կտեսնի միմիայն սիրուն ու երջանիկ աչքեր, որոնք այլևս չեն սպասի որևէ մեկին, որ կգա դրսից ու կսիրի իրենց, մեկին, որի համար իրենք կլինեն ամենաթանկ էակները:

 

Իմ երկրորդ նամակի հերոսը ԴՈՒՔ եք, սիրելի ՄԱՐԳԱՐԻՏ: Չնայած երբեևէ չեմ փոխանակել ՁԵԶ հետ գեթ մեկ բառ, չեմ նայել ՁԵՐ աչքերի մեջ, որ տեսնեմ ՁԵՐ «վիթխարի» սիրտը, բայց հասցրել եմ ճանաչել ու սիրել անհատակ սիրտն ու լուսառատ հոգին, որ ունեք:

 

Եթե նախորդ նամակի դեպքում ինձ խանգարեց ժամանակը, ապա այս դեպքում ես ոչ միայն չեմ ուշացել, այլ գուցե ՁԵԶԱՆԻՑ շուտ եմ հասել մեր հանդիպման վայրն ու ԴԵՌ սպասում եմ ձեզ: Եթե չգաք, ես կթողնեմ ՁԵԶ հասցեագրած իմ նամակը բոլորից թաքուն մի տեղում՝ չմոռանալով նամակում գրել հետհասցեի իմ տվյալներն ու անասելի մեծ ակնկալիքով սպասել պատասխանի: Իսկ եթե գաք, ապա ամուր կգրկեմ ՁԵԶ ու հետո նոր միայն նայելով ՁԵՐ աչքերի մեջ՝ սիրուն հայերենով կանկեղծանամ:

 

Ես գրեցի ՁԵԶ, մնում է էլի ամեն բան գլխիվայր շուռ գա իմ կյանքում:

 

Հ.Գ. Բացառապես ԻՐ` ՀԱՅՐԻԿԻՍ որոշումն էր, որ դառնամ սոցիալական աշխատող:

 

Երկնային ծագումով Մարգարիտ Բարանկիցե, եթե իմ անունը ՁԵԶ   դեռ   ոչինչ  չի ասում, ապա  ՁԵՐՆ ինձ ասում է անասելին:

 

Մեծագույն խոնարհումով՝  երկրային  Տաթե Կարապետյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին