Աննա Ղավալյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

5881 դիտում

Աննա Ղավալյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


« - Աղյուսի պատեր էին՝ արյան պես կարմիր-կարմիր ու ծանր աշխատանքի պես քրտնաբույր: Այդ պատերն այնքան բարձր էին, որ դրանցից ոչ ներս կարելի էր մտնել, ոչ դուրս գալ: Պատերից ներս՝ վառարանների մոտ, աշխատում էին ստրուկները. նրանց աշխատանքը ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ: Աղյուսի գործարան էր…

 

- Ստրուկն ո՞վ է, մամ:

 

- Ստրուկն այն մարդն է, որդիս, ում զրկել են ազատությունից ու իր կյանքն ազատ տնօրինելու իրավունքից:   

 

- Իսկ ի՞նչ է աղյուսի գործարանը, մամ: Բացիր ինձ հեքիաթիդ խորհուրդը հիմա, խոստանում եմ լսել քեզ մինչև վերջ:

 

- Աղյուսի գործարանը մարդու հոգին է, որդիս: Պիտի ձգտես այնպես ապրել, որ հոգումդ քարեր չառաջանան: Որքան բարակ ու նուրբ են հոգուդ պատերը, այնքան հեշտությամբ կհասկանաս մարդկանց, այնքան խորը կզգաս թշվառի հոգսը, անտունի դողը, կորուստը որբի: Աղյուսները մարդկային արատներն են՝ ագահությունը, չարությունը, եսասիրությունը, մեծամտությունը, տգիտությունը… Սրանք հոգում պատեր են շարում, սրանք մարդուն անտարբեր են դարձնում ու անկարեկից, սրանք մարդուն հեռացնում են մարդուց… Եվ այսպես, որդիս… Լինում է, չի լինում մի աղջիկ, Սայիդա անունով…»:

 

Սիրելի Սայիդա Ղուլամ Ֆաթիմա…

 

Որդիս փոքր է, բայց հեքիաթներ լսել արդեն սիրում է: Մինչ մեծանա, ես կզարգացնեմ Ձեր մասին հեքիաթը: Եթե անգամ հերոս չդառնա, կուզեմ, որ Մարդ դառնա, բառի ամենալայն իմաստով: Այն ինչ պարտավոր եմ անել՝ Ձեր հերոսությամբ ոգեշնչելն ու ոգեշնչվելը, Ձեր մասին ամենուր պատմելն է:

 

Երբ ինձ ասեն, թե ոչինչ չեմ կարող փոխել իմ երկրում՝ ես կհիշեմ Ձեզ: Երբ ասեն, թե տաքուկ անկյունն ու տաք ապուրը ազատությունից կարևոր են, ես կբերեմ Ձեր օրինակը: Մանկությունից ի վեր Ձեզ բաժին հասած տառապանքն ու հալածանքները կարող էին վախեցնել ու կոտրել Ձեզ, բայց ոչ: Դուք համարձակություն գտաք պայքարելու նաև այլոց տառապանքների դեմ:

 

Թե ասեն՝ կին-առաքյալներ չեն եղել, ես կնշեմ Ձեր անունն ու կասեմ՝ երանի ձեզ, Սայիդա Ղուլամ Ֆաթիմա… Քանզի Քրիստոսն էլ ասաց՝ երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:

 

Երբ իմացա, որ հասակակիցներ ենք, ցնցված էի: Թվով համարժեք, բովանդակությամբ տարբեր մեր ապրած տարիները տարբեր խտություն ունեն: Այդ խտությունը չափվում է արարքներով:  Ձեր շնորհիվ իմ ներսում մի նոր երկխոսություն սկսվեց: Հասկացա, որ թույլ եմ տվել, որ հոգումս քարեր կուտակվեն: Այսուհետև ավելի զգոն եմ լինելու հոգուս պահանջների ու ցանկությունների հանդեպ, փորձելու եմ ազատագրել իմ մեջ բանտարկված Մարդուն:

 

Այն, ինչ կատարվում է Ձեր երկրում, աղյուսի գործարաններում, սարսափելի է: Բայց ես համոզված եմ՝ արդարությունն ու մարդասիրությունը չես թաղի աղյուսի անգամ ամենահաստ շերտի տակ: Ես հավատում եմ Ձեր պայքարին ու Ձեր հաղթանակին:

 

Ազատության կենտրոնների Ձեր գաղափարն ինձ ոգեշնչել է: Կուզեի դրանք իրենց մասնաճյուղերն ունենան աշխարհով մեկ: Կուզեի Ձեր հետ միասին հիմնել ազատության և ազատ մտքի առաջին միջազգային համալսարանը:  Ախր ստրկությունն ու ստրկամտությունը ոչ այնքան կրթության պակասի կամ բացակայության հետևանք են, որքան սխալ կրթության ու սխալ մտքերի հետևանք:

 

Մենք՝ աշխարհի կանայք, կարող ենք աշխարհն ավելի ազնիվ ու բարի դարձնել, միայն թե պետք է համատեղենք ուժերն ու համաձայնեցված գործենք:

 

Իմ երկրում ստրկություն չկա, ստրկամտություն՝ որքան ասես: Ու երբ հարցնեն՝ ինչպե՞ս թոթափել ստրկության լուծը, ես կասեմ՝ ազատվելով մտքի ու հոգու կապանքներից, ու կբերեմ Ձեր օրինակը, ինչպես միայնակ դուրս գալով պայքարի՝ փրկեցիք տասնյակ հազարավոր հոգիներ: Երանի Ձեզ, Սայիդա Ղուլամ Ֆաթիմա…

 

Ազատությունն ինձ համար այսուհետև ևս մեկ անուն ունի՝ Սայիդա… Եվ թող որ Ձեր ջանքերն ունենան իրենց վերջնական արդյունքն ու Ձեր հայրենիք Պակիստանում արմատախիլ արվի ստրկությունը:

 

« …Նա ազատագրում է Մարդուն իր և ուրիշների մեջ և ապրում երկար ու երջանիկ: Այդպես պիտի վարվենք նաև մենք, որդիս: Եվ երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, ու ամենամեծը՝ այս հեքիաթի իրական հերոսին…»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին