Նանե Մսրյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2512 դիտում

Նանե Մսրյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Պատերազմ, ռմբակոծություն, կրակոցներ, ամենուրեք ճիչ ու աղաղակ, շրջափակում և անելանելի իրավիճակ: Եվ հանկարծ այդ համատարած խավարի միջից ճառագող մի լույս, որը հետագայում դարձավ մի ամբողջ ժողովրդի փրկության հույսը: Փաստորեն սա երա՞զ չէ: Այո՛, սա ամենևին էլ երազ չէ: Սա մի իրականություն է, որն արտացոլված է մեզ նման հասարակ մի մարդու աչքերում, ով սակայն իր մի վճռական քայլով աշխարհին ապացուցեց, որ բարությունն ու մարդասիրությունը սահմաններ չունեն, չեն ճանաչում ո՛չ հեռավորություն, ո՛չ ազգություն և ո՛չ էլ կրոն:

 

Հարգելի կոլեգա (թեև չափազանց մեծ համարձակություն է Ձեզ կոլեգա անվանելը, քանի որ ես դեռ այնքա~ն մեծ ճանապարհ ունեմ անցնելու, հասնելու այն բարձունքին, որտեղ հիմա Դուք եք կանգնած), լինելով ապագա բժիշկ՝ Ձեր պատմությունը լսելուց հետո ես ինձ հարց եմ տալիս՝ կկարողանա՞մ արդյոք «Հիպոկրատի զավակ» կոչումը կրել այն նույն պատվով և փառքով, ինչ Դուք: Մի ժամանակ մեծ քաջություն էի համարում համալսարանական իմ պրակտիկայի ընթացքում մեծ թվով վիրահատությունների հետևելը, դրանց մեջ փոքրիկ մասնակցություն ունենալը, բայց հիմա եմ հասկանում, որ ես դեռ կանգնած եմ Ձեր անցած ճանապարհի սանդուղքի դեռևս սկզբնամասում:

 

Ձեր այն կարծիքը, որ այդ մարդիկ օժտված են երկաթյա տոկունությամբ, միանշանակ ճիշտ է ասված, բայց պետք է հավելեմ, որ առաջին հերթին Դուք եք Ձեր մեջ գտել այդ երկաթյա տոկունությունը և այն ներարկել այդ մարդկանց մեջ: Պատահական չէ, որ տեղացիները համեմատել են Ձեզ Հիսուս Քրիստոսի հետ, քանի որ Դուք նրանց երկրորդ կյանք եք պարգևում: Ինչ ահռելի ուժի տեր մարդ եք Դուք, որ անգամ այդպիսի ծանր պայմաններում չեք կոտրվում ու չեք կորցնում Ձեր լավատեսությունը և ավելին՝ այն փոխանցում եք նաև հուսահատ մարդկանց՝ կյանքի կոչելով նրանց: Միգուցե շատերն են Աստծուց խաղաղություն խնդրում, մտահոգվում և աղոթում նման իրավիճակներում հայտնված անձանց համար, սակայն քչերն են համարձակվում դիմել նման անձնազոհության: Ձեր մեկ արարքով Դուք վառեցիք մարդկանց մեջ այն հույսի ճրագը, որը կարող էր ընդմիշտ հանգած մնալ:

 

Դուք լավագույն օրինակն եք Հիպոկրատի երդվյալի: Դուք Ձեր անձնուրաց արարքով ինձ համար դարձաք կատարյալ բժշկի այն տեսակը, ում ես այսուհետ ձգտելու եմ հասնել և միշտ օրինակ եմ վերցնելու: Կուզեի, որ շատերը վարակվեին Ձեր կամքի ուժով և անսահման մարդասիրությամբ: Ես խոնարհվում եմ Ձեր բարոյական ճշմարտության, խիզախության, նվիրումի առաջ և ասում.

 

- Շնորհակալություն, որ Դուք կաք, դոկտոր Քաթինա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին