Իգոր Միրզախանյան. Նամակ` ժպտերես հերոսուհուն - Mediamax.am

1141 դիտում

Իգոր Միրզախանյան. Նամակ` ժպտերես հերոսուհուն


Լուսանկարը`


2016 թվականի ապրիլի 4-ն էր, երբ ստացա նամակ այն մասին , որ ընտրվել եմ որպես կամավոր՝ Ավրորա մրցանակաբաշխության համար:  Գիտեք, ես ընդհանրապես շատ եմ դիմում տարբեր կամավորական և կրթական ծրագրերի և ամեն անգամ ընտրվելիս մանկան նման աշխարհով մեկ եմ լինում: Ավրորային դիմելիս հետքարքրությունն  ինձ ներսից խժռում էր, քանի որ նմանատիպ միջոցառում առաջին անգամ էր իմ հայրենիքում ու ես ավելի քան մեծ ցանկություն ունեի մասնակցելու: Բոլոր հերոսների մասին կարդացել էի, ծանոթացել նրանց պատմությանը ու մեծ խանդավառությամբ հնարավորություն էի փնտրում նրանց տեսնելու, նրանց հետ զրուցելու և իհարկե, սելֆի անելու:  Եվ, ահա, նամակը եկավ, բացեցի տեսա, որ անցել եմ, բայց սովորականի պես չուրախացա, նույնիսկ ժպիտ չհայտնվեց դեմքիս:

 

Ո՞րն էր պատճառը: Պատճառը բոլորիս է քաջ հայտնի. Ապրիլի 2-ի առավոտյան սկսվել էր այն, ինչից բոլորս ամեն օր վախենում էինք: Երրորդ օրն էր ինչ մեր տղաները պատերազմում էին, երրորդ օրն էր ինչ սահմանին վայրկյան անգամ կրակը չէր դադարում: Եվ, ճիշտն ասած, ընդհանրապես լսել չէի ուզում ո´չ Ավրորայի, ո´չ նրա հերոսների, ո´չ էլ որևէ այլ բանի մասին:

 

Հետո, սակայն, երբ ամեն բան խաղաղվեց և հնարավորություն ունեցա մի փոքր սթափ գլխով նայել ինձ ընձեռնված հնարավորությանը, հասկացա՝ Ավրորայի հերոսների ողջ կյանքն է նման պատերազմի: Նրանք, մոռանալով իրենց մասին, վերանալով անձնականից, պայքարում են հանուն մարդկության, հանուն սիրո, հանուն գաղափարի: Եվ, որ ամենահետաքրքրականն է հերոսներից և ոչ մեկը չի ընկճվում, ինձ նման չի մռայլվում և չի չարանում աշխարհի դեմ: Կյանք ասվածը, որ նրանց պարագայում հոմանիշ է պատերազմին,  երբեք չի մարում իրենց և իրենց շրջապատի հոգիներում:

 

Մասնակցեցի... Ունեցա կյանքիս ամենաանմոռանալի օրերից մեկը: Ընդամենը մի քանի ժամ, որ կարողացան իրենց ազդեցությունն ունենալ իմ հետագա մտածելակերպի և ապրելաոճի վրա: Տեսա բոլոր հերոսներին, շփվեցի նրանց հետ: Գիտեք, թվում է, թե նրանք էլ իմ ու ձեր պես սովորական հողեղեն արարածներ են, բայց բավական է երկու խոսք խոսել, փոխանակել հայացքների մի ակնթարթ, նրանց երեսին տեսնել մի փոքր ժպիտ  և հասկանում ես, որ, ո´չ, նրանք սովորական մարդիկ չեն: Նրանք մի ամբողջ աշխարհի մարմնացում են,  նրանց ժպիտում հազարավոր փոքրիկների ծիծաղ է ամփոփվում, նրանց շուրթերից միլիոնավոր մարդկանց չարտասանված մտքերն են բարձրաձայնվում: Զրուցում էի նրանցից յուրաքանչյուրի հետ, հարց տալիս նրանց, բայց ի վիճակի չէի լինում մինչև վերջ ունկնդրել հարցիս պատասխանը, քանզի բավական էր մի ակնթարթ հայացքս նետեի նրանց աչքերին, վերանում էի, հայտնվում էի իրենց իրականության մեջ, տեսնում կռիվ, կրակ, պատերազմ, ստրկություն, սով, հիվանդություն, որբացած երեխաներ.... Տեսնում էի, սարսափում, մարմնովս դող էր անցնում, հետո հանկարծ ժպտում էր մեր հերոսը և վերջ, վերանում էր այդ ամենը, թվում էր, թե ամեն բան լավ է: 

 

Չորսի ներաշխարհն էլ յուրովի գեղեցիկ, տոկուն և անսահման էր, բայց ինձ համար ամենատպավորիչն ու պայծառը Հաղթողին էր: Գիտեմ որ «Ավրորա»-յում հաղթողներ չկան, իսկ  մրցանակ ստացողին էլ դափնեկիր են անվանում, բայց նամակս վստահաբար ուզում եմ հասցեագրել հաղթողին: Քանի որ Դու և քո տեսակը, Մարգարիտ,  ՀԱՂԹՈՂ եք ինձ համար։ Հաղթող ոչ թե ինչ-որ մրցույթում, այլ հաղթող՝ կյանքում: Քո ժպիտում էր, որ ես կարողացա նկատել կյանքի այրող մարտահրավերներից մնացած մոխիրները, որոնք դու, սակայն, կարողանում ես նրբանկատորեն քողարկել ուժի և կորովի շղարշով: Դու, չնայած կյանքի անգութ դժվարությունների, կարողանում ես ապրել, ժպտալ և ապրեցնել քո այդ ժպիտով։  Քեզ մեծ, պայծառ արեգակի եմ նմանեցնում, որ իր հոգու լույսով ցրում է շրջապատող խավարը: Դու առանց որևէ պատճառի կարողանում ես սիրել մարդուն, սիրել անկեղծ և անմնացորդ։ Սիրում ու նվիվում ես՝ քեզ համար պարգևավճար ընտրելով միայն նրանց ժպիտը։ Հուսամ, որ այդ պարգևավճարները քո կյանքում անսպառ կլինեն։

 

Իսկ ես, քանզի նամակով չեմ կարող ժպտալ ու շնորհակալ լինել քեզ, ուզում եմ պարզապես ասել , որ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, սիրում եմ քո այդ տեսակը, որն ապրում է, ժպտում և ժպտալով ապրեցնում։

 

Հաա, ինչպես տեսնում եք, սելֆիի  մասին էլ չեմ մոռացել;)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին