Էրիկա Ավակովա. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

5176 դիտում

Էրիկա Ավակովա. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Խիստ անձնական ու համամարդկային

 

Բարև՛, Մարգարի՛տ, իմ հերոսուհի,

Քեզ ողջունում է մի հայուհի,

Ով հիացած է քո մարդ տեսակով,

Լցված քո հանդեպ խորին հարգանքով:

 

Գիտե՞ս, Մարգարիտ, ոչ վաղ անցյալում

Մի հերոսուհի կար լոկ իմ կյանքում՝

Դա իմ տատիկն էր, անունն՝ Արշալույս…

Թող նրա շիրիմին իջնի անմար լույս…

 

Արցախում էր լույս աշխարհ եկել,

Նախնյաց աննկուն ոգին ժառանգել,

Այս հողից է նրա կուռ կամքը սնվել,

Գոյի–անգոյի պայքարում կոփվել:

 

Երեք տարեկան էր, երբ որբացավ,

Եղբոր խնամքի տակ ապրեց, մեծացավ,

Ընտանիք կազմեց, ու… կռիվը սկսվեց,

Մեծ Հայրենական ամուսնուն ուղարկեց:

 

Ու սպասեց… Սպասեց՝ լացը զսպելով,

Աղոթքի պես շարունակ ասելով.

«Եթե ամուսինդ կռիվ է գնացել,

Դու իրավունք չունե՛ս արտասվել»:

 

Հետո կյանքը խաղաղ հունի մեջ մտավ,

Կարծես անցյալում էին կռիվ, վիշտ ու ցավ:

Ոչինչ հարատև չէ՝ հին իմաստություն,

Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն:

 

Պապիկիս հետ տեղափոխվեցին Բաքու`

Անխոնջ աշխատանք, գիշերներ անքուն.

Պապս շինարար էր, տուն կառուցեց,

Չորս զավակներին ոտքի կանգնեցրեց:

 

Ու մի օր հանկարծ երկինքը մթնեց…

Սումգայիթ, Բաքու… ջարդը սկսվեց՝

Սպանություն, թալան, արյան հեղեղներ,

Խոշտանգված կանայք, ծերեր, մանուկներ:

 

Եղեռնից հետո քսաներորդ դարում

Երկրորդ անգամ էին հային կոտորում:

Ութ տարեկան էի, չէի գիտակցում,

Որ վտանգը մեր դուռն էլ է թակում:

 

Այս քաոսում ինձ մի հարց էր տանջում.

«Տատիկ, նրանց է՞լ են «մարդ» անվանում,

Մի՞թե նրանք էլ են մայրիկից ծնվել,

Մարդը մարդուն կարո՞ղ է սպանել»:

 

Իսկ տատիկս լուռ էր, չուներ պատասխան…

Նա գիտեր, որ պետք է դառնար գաղթական,

Թողեր ամեն ինչ՝ տուն-տեղ, աշխատանք,

Ամուսնու շիրիմ ու… մի ամբողջ կյանք…

 

Ու թողեց… թողեց թշնամուն վայրագ,

Ով մարդուց դարձավ գիշատիչ անհագ,

Ով սովոր է հայինը զավթել, յուրացնել,

Ուրիշի պատմությունն իրեն վերագրել:

 

Երեք սերունդ մեկ օրում փախստական դարձավ,

Մահից մազապուրծ Հայաստան եկավ

Ու ապաստանեց մի կացարանում,

Որ չորանոց էր մինչ այդ ծառայում:

 

Արևի լույսի կարոտ փոքր սենյակ՝

Չորս պատ, առաստաղ, սառը հատակ…

Փոխարենն այստեղ ծվարեց ջերմություն,

Ու այս վայրը մենք անվանեցինք տուն...

 

Տարիներն անցնում էին, կյանքը՝ փոխվում,

Իսկ տատիկս նույն մարդասերն էր մնում:

Ինձ մի բան էր միշտ շատ զարմացնում՝

Որտեղի՞ց էր նա իր մեջ ուժ գտնում

 

Անտունին օթևան տալ, հիվանդին օգնել,

Քաղցածին մի ափսե տաք ճաշ մատուցել:

Որտեղի՞ց նրա մեջ այդքան գթություն,

Կարեկցանք ու սեր, անսպառ բարություն:

 

Հաճախ էր ասում. «Մարդս մարդ լինի,

Ու ինչ կրոն էլ որ նա դավանի,

Նրան մայր է ծնել՝ լույս աշխարհ բերել,

Ու հենց դրա համար նրան պետք է սիրել:

 

Այո՛, թոռնի՛կս, պահեր են լինում՝

Մարդու մեջ գազանն է գլուխ բարձրացնում,

Բայց բարու–չարի հավերժ պայքարում

Բարին հաղթելու է՝ ինչպես հեքիաթում»:

 

Տատիկս հաճախ էր իր կյանքից պատմում,

Լավ ու վատ օրերը հիշում, արտասվում:

Սիրում էի նրա պատմությունները լսել,

Զարմանալ, ժպտալ, երբեմն լացել:

 

Փակում էի աչքերս ու հստակ տեսնում՝

Մի կին տատիկիս մազերն է հյուսում.

Վարսերը երկար են, խիտ ու փարթամ՝

Երկուսի փոխարեն ստացվում է չորս ծամ…

 

…Ահա պապիկիս հետ ձի են նստում,

Մեծ Թաղերից Սարի շեն սլանում,

Ու ճանապարհին ձյան բարձր շերտում

Տատիկիս աջ ոտքի տրեխն է կորում…

 

Իմ հերոսուհին, ավա՜ղ, էլ չկա…

Երկրային ուղին ավարտվեց նրա,

Հուշերն էլ մնացին հուշերիս պահոցում

Եվ գուցե հետո ամփոփվեն մի գրքում:

 

Գիտե՞ս, Մարգարիտ, քո վառ կերպարում

Տատիկիս զորեղ կամքն եմ տեսնում

Ու ներքին մղումը, որ դարձավ սիրո կանչ,

Մարդկանց օգտակար լինելու պահանջ:

 

Լինի պատերազմ, ՄԻԱՎ, կոտորած,

Փրկում ես փոքրիկ կյանքեր որբացած՝

Դառնալով մայրիկ ամենքի համար,

Կապելով հույսի լուսաշող կամար:

 

Բարությամբ ես պայքարի ելնում,

Չարի դեմ սիրո փամփուշտներ հանում,

Կարեկցանքն ու գութը սպեղանի դարձրած՝

Վիրակապում ես հոգիներ հալածված:

 

Թող օրինակդ լինի վարակիչ,

Ու որտեղ էլ որ լսվի մանկան ճիչ,

Նրան ամուր գրկող ձեռքեր հայտնվեն,

Եվ մանկան աչքերը արցունք չտեսնեն:

 

Դու՛, «Ավրորայի» դափնեկիր հերոս,

Հոգուդ ջերմությունը թող դառնա փարոս

Բոլոր նրանց համար, ովքեր խավարում

Լույսի ճանապարհն են հուսահատ փնտրում…

 

Այսքանով թույլ տուր նամակս ավարտել,

Հուսամ՝ մի օր կստացվի տեսնվել:

Մինչ հանդիպում, ի՛մ հերոսուհի,

Խորին հարգանքով՝ … քո հայուհի:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին