Լուսինե Մինասյան. Նամակ «Ավրորայի» հերոսներին - Mediamax.am

792 դիտում

Լուսինե Մինասյան. Նամակ «Ավրորայի» հերոսներին


Լուսանկարը`


Հարգելի՛ Բերնարդ Կինվի, Թոմ Քաթինա, Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Մարգարիտ Բարանկիցե..

 

Ձեր մասին առաջին անգամ լսեցի «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ՝ մարդասիրական մի նախաձեռնության, որ նպատակ ունի հասարակությանը հասանելի դարձնել մերօրյա իրական հերոսների պատմությունները՝ սթափության կոչ անելով անտարբերությունը որպես պաշտպանիչ միջոց որդեգրողներին: §Ավրորան¦ փնտրում էր հերոսներն, ովքեր անձնուրացությամբ ու ինքնամոռացությամբ, որպես զենք ունենալով մարդասիրությունն ու գթասրտությունը մարմնավորելու էին Մեծ Եղեռնի տարիներին հայ ժողովրդին անխուսափելի ոչնչացումից փրկած ու իրենց հովանու ներքո ապաստանած նվիրյալներին: Փնտրում էր՝ ցեղասպանություն վերապրած սերունդների անունից ևս մեկ անգամ իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելու, փնտրում էր, գտավ ՝ հնարավորություն տալով ինձ ու էլի հարյուրավոր մադկանց դիմելու ձեզ:

 

Հագելի՛ Բերնարդ Կինվի, մենք հասակակիցներ ենք, բայց ինձ թվում է՝ Դուք մի 1000 կյանք ավել եք ապրել, գուցե հենց այն կյանքերը, որոնք փրկվել են ձեր շնորհիվ: Որպես պայքաի միջոց դուք ընտրել եք Աստծո ձայնը, որ հասանելի եք դարձնում ցավից ու տառապանքից խլացած մարդկանց հոգիներին, հավատը դեպի մարդը, որ ստիպում է նրանց ավելի լավը դառնալու, սերը , որ օգնելու է հավասարության նշան դնել բոլորի միջև և վերջ տալ այն կարծրատիպերին, որոնք մարդուն տարանջատում են ըստ մաշկի գույնի ու դավանանքի, ըստ աշխարհընկալման ու համոզմունքի:

 

Հարգելի՛ Թոմ Քաթինա, ես երբեք չեմ սիրել բժիշկներին՝ համարելով , որ նրանք ի վիճակի չեն մարդկային տառապանքին ու ցավին ականջալուր լինելու, որ մարդը նրանց համար զուտ աշխատանքային գործիք է, որ այնքան են մտերմացել մահվան հետ, որ մարդկային կյանքն արդեն նրանց համար կորցրել է արժեքը: Բայց դուք ստիպեցիք ինձ հասկանալ, որ իսկական մարդու համար բժշկությունը մասնագիտություն չէ, այլ առաքելություն, որ իրական նվիրյալները Հիպոկրատին չէ, որ երդում են տալիս, այլ իրենց խղճին, որն էլ հուշում է սիրել մարդուն, թեկուզ օտար, սեփական կյանքից ավելի:

 

Հարգելի՛ Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Դուք ևս մեկ անգամ պոկեցիք կնոջ՝ թույլ ու անպաշտպան լինելու պիտակը ու ըմբոստացաք անարդարության դեմ: Մահվան շունչն անգամ չթուլացրեց Ձեր կամքը պայքարելու այնպիսի ժանտախտի դեմ, ինչպիսին ստրկությունն է: Ձեր օրինակով մարդկանց մեջ արթնացրեցիք պայքարողին և դարձաք այն լույսը, որ ընդհատակում գտնվողին, ով արդեն համակերպվել է իր խեղված ճակատագրի հետ, երբևէ ազատ լինելու հույս է տալիս: Ձեր շնորհիվ ստրկությունն արդեն շատերի համար ժառանգաբար փոխանցվող բեռ չէ, այլ անցյալում թաղված հիշողություն:

 

Երբ մարդը դառնում է արյան ծարավի ու այդ ծարավին հագուրդ տալու համար հրահրում է պատերազմներ, երբ տառապանքի ու ցավի տնքոցնեը նրա ականջին որպես սիրելի մեղեդի են հնչում, երբ իր նմանին խոշտանգելը սովորական քմահաճույք է դառնում, իսկ  շրջապատող աշխարհն անտարբերությամբ խրախուսում է նրան, ես վախենում եմ, որ մեռնում է մարդ-բանականը: Բայց քանի կաք Դու՛ք հարգելի՛ Մարգարիտ Բարանկիցե, ում կերպարն այլևս սիրո խորհրդանիշ է, մարդկությունը կարող է հանգիստ լինել: Ձեր շնորհիվ փրկված հազարավոր որբեր, որ Ձեր գաղափարների կրողներն են աշխարհի տարբեր ծայրերում հնչեցնելու են սիրո այն կանչը, որ մի օր փրկեց իրենց…ՈՒ աշխարհն ավելի մաքուր է դառնալու….

 

Իմ սիրելի՛ հերոսներ, ձեր՝ արդեն հանրությանը հայտնի օրինակով փոխեցիք շատերի կյանքը. հարյուրավոր մարդիկ, աշխարհի տարբեր ծայրերից այս նախագծի շնորհիվ մի պահ կտրվեցին առօրյա կյանքից, ձեզանով գտան իրենց հերոսներին, ում հետ կարելի էր մենախոսել, ում կերպարը կարելի էր ամենաանկեղծ ու մաքուր խոսքերով գովերգել, ում հետ կարելի էր ապրել ցավն ու ոգևորվել լավատեսությամբ , ում կարելի էր ձոնել խոսքեր ու չափսոսալ դրանց համար: Եթե այդ հարյուրավոր նամակագիրները տեր մնան իրենց խոսքերին և ապրեն նույնքան գեղեցիկ ու մաքուր ինչպես գրում են, ուրեմն առաքելությունն իրականացված է:

 

Հարգանքով՝ Լուսինե Մինասյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին