Վահե Պապոյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2954 դիտում

Վահե Պապոյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Իմ ազատությունը ուղիղ համեմատական է սենյակիս ջերմաստիճանին. սենյակս այդքան էլ մեծ չէ, և ազատությունս շրջում է սենյակիս ներսում: Նայում եմ ինձ հայելում, այդքան էլ տգեղ չեմ, իսկ տգե՞տ: Ես տգետ եմ այնքան, ինչքան ինձ խելացի եմ կարծում, և խելացի եմ այնքան, ինչքան ինձ տգետ են կարծում: Կողքիս սենյակում ապրողներին հարազատ եմ անվանում. այնտեղ նույնպես լինում է իմ ազատությունը: Այս ազատությունը հանգիստ չի տալիս ինձ, անընդհատ պտտվում է գլխումս, չեմ կարողանում կանգնեցնել, իսկ որտե՞ղ է կանգառը:

 

Այսօր կանգառում կանգնած սպասում էի երթուղայինի, բայց գիտե՞ք, չէի էլ ուզում, որ գար, մեկ էր: Մարդկանց հայացքները միշտ փնտրում էին իրենց անհրաժեշտ համարի երթուղայինը, և ես չէի տեսնում մեկ այլ սպասում, բոլորն էին միատեսակ սպասում, ինչ–որ բան մարած էր նրանց հայացքում: Ինչ–որ      «բթության» հոտ էր փչում բոլոր փողոցներից, նույնիսկ այն փողոցից, որտեղ գրեթե նույն ժամին իրար են հանդիպում տղան և աղջիկը, մի փոքր խոսում, այն էլ ձևական, համբուրվում մթությանը մի փոքր հաղթող` իրենց գլխավերևի լուսամփոփի տակ, և իրենց երջանիկ զգում այդ փոքրիկ տաքուկ անկյունում: Մթությունը թաքնվել է անջատիչի ներսում և սպասում է, որ այն հաստլիկը, իր կարիքները արագ հոգալուց հետո, ազատություն տա իրեն: Մթությունն իր մեջ ուժ է ունենում նույնիսկ հավատը խլելու: Հավատը կամ ուժ է տալիս մարդկանց ապրելու և հասկանալու, կամ բթացնում է և ծածկում ճշմարտությունը: Միևնույնն է ոչ ոք ինձ չի հասկանում, երբ ես ասում եմ, որ դա սեղան չէ, այլ աթոռ է, նրանք բոլորը մտածում են երևի ինձ հետ մի բան այն չէ , իսկ ես հույսով սպասում եմ մեկին, ով կարող է ասել, որ դա սեղան էլ չէ, այլ գրիչ է: Ինչին հավատում ես, դա էլ գոյություն ունի:

 

Այսօր առավոտից մի ճանճ էր տզզում ականջիս տակ, ինչ-որ անհավանական բաներ էր խոսում, ասում էր, թե երկիրը քառակուսի է, իսկ մարդիկ՝ գիշատիչ: Այնքան զզվացրեց, որ նյարդերս տեղի տվեցին, հարվածեցի սեղանին և բարձրացա իմ սենյակ՝ ինձ հետ տանելով զարմացած հայացքներ: Ճանճը հիմա էլ հայտնվեց սենյակումս և շարունակեց տզզալ, միակ միջոցը ականջներս փակելն էր, օգնության հասավ բարձը, տզզոցին ինչ-որ խշշոց փոխարինեց, բարձը վայր դրեցի, և հանկարծ սենյակս լցվեց հռհռոցիս ձայնով: Ճանճն այրվել էր սենյակիս լույսից և ընկած էր հատակին, ոտքից բռնեցի և նետեցի աղբամանը: 

 

Բրոդսկին հրճվում է՝ կարծելով, որ սենյակից դուրս գալ պետք չէ, Հեմինգուեյը կարծում է, որ միայն գիշերներն ենք հավատացյալ, իսկ ես կարծում եմ, որ երկիրը քառակուսի է, իսկ մարդիկ՝ գիշատիչ:

 

Հիմա ինձ անհրաժեշտ է, որ ես ինձ թունավորեմ և մի փոքր սպանեմ: Հինգ րոպեից այստեղ կլինեմ: Դուք, իհարկե, չեք զգա այդ հինգ րոպեն և վստահեցնում եմ, որ մեկ շնչով կընթերցեք այս հիմարությունը: Ես ամեն օր գործում եմ մի մեղք, որի համար դժոխքում պետք է հայտնվեմ, սպանում եմ ինքս ինձ, նետում եմ մարդկանց մեջ, և եթե լինի մի տեսախցիկ, ապա չի տարբերի նաև իմ հայացքը նրանց հայացքից: Արթնանալ, հագնվել, լվացվել, նախաճաշել, դուրս գալ տնից, վերադառնալ տուն, լվացվել, ճաշել, փնթփնթալ, ընթրել, հանվել, քնել, և հաջորդ օրը կրկին նույնը: Միայն փնթփնթալու փոխարեն միգուցե այլ բան, կամ այս բոլորի արանքներում կարող եք դնել այն, ինչ դուք եք անում և ցանկանում: Մեկ է, բան չի փոխվում՝ քայլում եք ուզեք, թե չուզեք, իսկ ո՞ւր: Իսկ գիտեք ինչո՞ւ եմ դեռ ողջ, դեռ չի հագեցել իմ խոսելու ծարավը, և նա ուզում է, որ իրեն լսեն. մարդիկ լսել չեն կարողանում:

 

Մարդիկ կարիք ունեն հնարավորության՝ իրենց կյանքը շարունակելու այս անիրական և նույնքան իրական, սարսափելի և նույնչափ գեղեցիկ մի փոքրիկ տաքուկ անկյունում, որտեղ իրենք երջանիկ են: Մարդիկ կարիք ունեն մի ձեռքի, որն իրենց կօգնի և ցույց կտա ինչ-որ լուսավոր ճանապարհ: Նրանք կարիք ունեն իրական օգնության ոչ թե երկնքում, այլ երկրի վրա: Պարոն Կինվի, Դուք այդ հնարավորությունն եք, այդ ձեռքը, երկրային օգնությունը: Անիրական երջանկությունը նույնպես երջանկություն է այն մարդու համար, ով չգիտի այդ անիրականության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին