Աննա Կոստանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1453 դիտում

Աննա Կոստանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Վախ, զայրույթ, ըմբոստություն, իսկ արդյունքում՝ սեր, որ հազարավոր կյանքեր է «փրկում» մահվան ճիրաններից, խեղված հոգիներ է դուրս բերում ամենածանր իրավիճակներից՝ ստիպելով կրկին վառել այն մի փոքր հույսը, որ ասես մարել էր, տանելով իր հետ բազում մարդկային անկատար մնացած երազանքներ։ Այդ սերը հավատում է, տարածվում ու պարգևում երջանկություն պատերազմից, հիվանդությունից ու տարբեր արհավիրքներից որբացած այն մանուկին, ով իր անմեղ ու արցունքոտ աչուկներով անվերջ հարցեր է տալիս ու մնում անպատասխան՝ ինչու՞, ինչու՞ հենց ես, ո՞ւր պիտի գնամ, իսկ հետո՞․․․

 

«Երջանկություն պարգևել ու սեր տարածել, ուր էլ որ լինեմ» - ահա այս ուժն է, որ կյանքի ամենադժվար իրավիճակներում ուղղոդել է իմ հերոսին, Ավրորայի՝ իմ հերոսին։ Մարգարիտ՝ մարդ ով ապրում է ու յուրաքանչյուր օր վերապրում այն ցավն ու մղձավանջը, որ տարել է իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու հետ միասին, մարդ, ով տեսել է ազգամիջյան դաժան հակամարտություն, բայց չի չարացել, կին, ով իր գերբնական ուժով ապացուցել է, որ կարող է ու պետք է պայքարի իր ազգի ու համայն մարդկության փրկության ու երջանիկ կյանքի համար, ով իր սեփական օրինակով ցույց տվեց՝ կյանքն այն քաղցր պտուղն է, որի համար պայքարելն առնվազն պարտավորություն է երկիր մոլորակի վրա քայլող յուրաքանչյուր շնչող էակի համար։

 

Այսօր աշխարհն այնքան տարված է տարատեսակ անիմաստ տեղեկատվությամբ, կեղծարարությամբ, ոսկու ու թղթի հանդեպ մեծագույն պաշտամունքով, որ երբեմն մենք՝ սովորական մարդիկս, մոռանում ենք համամարդկային ամենապարզ երևույթների մասին՝ սիրելու, հոգածություն ու կարեկցանք տածելու յուրայինների և անծանոթ մարդկանց հանդեպ։ Իսկ մերօրյա Մարգարիտներն ամեն օր մեզ ստիպում են հիշել, որ աշխարհի այն մյուս կողմում՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ անկյունում գուցե մեկը կա, որ մեր կարիքն ունի։ Մարգարի՛տ, դուք փարոսի լույսի պես բացել եք այն ճանապարհը, որով պետք է անցնեին հազարավոր մարդիկ՝ իրենց դժվարություններից դուրս գալով և ապաստան գտնելով հույսի ձեր տանը։ Ահա այդտեղ են այն զույգ մանկիկները, որ հազիվ փրկվեցին խուժանի փամփուշտից, իսկ այն մյուս տղան, որ հրից դուրս պրծավ, խոր այրվածքներն անջնջելի հետք թողեցին նրա մարմնի վրա։ Հիմա նա մեծ է, կիրթ ու պիտանի  մարդ է դարձել, օգնում է շատերին, շարունակում այն վեհ գործը, որի սկիզբը դուք դրեցիք։ Իսկ այն փոքրիկ աղջնակը, ում աչքերում այնքան թախիծ տեսա, չէ որ նա շատ վաղ տարիքում արդեն իսկ ճաշակել էր կյանքի դառը տառապանքները՝ դանակի 9 մահացու հարված։ Բայց նա ապրում է՝ շնորհիվ ձեր խիզախության, տոկունության և ուժեղ կամքի, որ թելադրում է մեզ միայն ապրել, ապրել հույսով, սիրով ու ջերմությամբ լեցուն։ Ահա այսպես են կերտվել ձեր կյանքի արնոտված էջերը, որոնց վրա սպիտակով գրված տողերն ինձ ստիպեցին կարդալ ու հավատալ՝ միշտ ելք կա, նույնիսկ մահվանից։

 

Բազում բազմաթիվ հերոսներ կան, եղել են միշտ էլ, բոլոր դարերում, շատ ու քիչ, իրական ու կեղծ։ Իսկ ես կասեմ պարզ մի բան․ ինձ համար հերոսը նա է, ով իր անձից առավել սիրում է յուր մերձավորին, ում կարեկցանքն ու բարեհոգությունն անեզր են՝ տրված ի վերուստ։ Հերոսական հոգին ու էությունը թրծվում են կյանքի դժվարին պահերին, երբ հասկանում ես, որ քեզանից շատ բան է կախված ու որ հենց դու պետք է լինես այն մեկն, ում ձեռքի ջահը կլուսավորի մյուսների քարքարոտ ճանապարհը։ Սա հենց այն քրիստոնեավայել էությունն է, որ պետք է մեզանից յուրաքանչյուրը կրի իր մեջ՝ սրտում, հոգում ու մտքի խոր ոլորաններում։

 

Մարգարի՛տ, ուզում եմ ասել ուղղակի․ պահպանեք ձեր հերոսական ոգին՝ բարեվարքությունը, կարեկցանքը, սերը՝ այն անսահման սերը, որ ուղղորդում է ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Աշխարհում և ոչ մի լումա, ոչ մի չափելի-անչափելի միավոր ի զորու չէ արժանվույնս գնահատել անմնացորդ  նվիրումն ու սիրո գերագույն կանչը, որով առաջնորդվում եք դուք՝ եզակիներդ, մարդիկ, ովքեր ունեն սուրբ առաքելություն, ի վերուստ կոչված են տարածելու և շատացնելու իրենց հոգածությունն ու սերը առ այն մարդկիկ, ովքեր ամենից շատ են զգում դրա պակասը։ Իրական վարձքը վերևից է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին