Սիփան Մուրադյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2279 դիտում

Սիփան Մուրադյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Արժանապատիվ հա՛յր Կինվի,

 

Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ գրելու և կիսելու իմ տեսակետն ու մտքերը։ Շնորհակալ եմ «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին Ձեր տեսակի մարդկանց փնտրելու, գտնելու, ներկայացնելու, ինչպես նաև համայն մարդկության համար չափազանց կարևոր նախաձեռնությունը կազմակերպելու համար: Մեկ դար առաջ հոշոտված Հայաստանից մազապուրծ փրկվածների ժառանգներն աշխարհին ներկայանում են որպես հույսի և սիրո սերմերից ծնված երախտագետ մի ժողովուրդ՝ մարդկության միտքը մեկ անգամ ևս ուղղելու այն սարսափելի ողբերգություններին, որոնք ամեն օր խլում են անհամար մարդկային կյանքեր։ Իբրև վերապրած ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ, հա՛յր Կինվի, որովհետև ես այսօր կամ ձեր տեսակի մարդկանց շնորհիվ։ 1915թ-ի Եղեռնի մասին սարսափազդու պատմություններն անթիվ են։ Դրանք աշխարասփյուռ հայերի ընտանեկան հիշողություններն են, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Այդ պատմությունները շատ նման են իրար, կարծես մի ընտանիքի պատմություն լինի, ինչպես իմն է։ Նախապապս քահանա էր։ Խնկաբույր Եկեղեցում, ուր ամեն կիրակի նա երկյուղածությամբ պատարագ էր մատուցում սարսափելի մի օր խնկի անուշահոտությունը մարդկանց այրվող մարմինների հոտով, իսկ հոգևոր երաժշտությունը անմարդկային տառապանքի ահասարսուռ ճիչերով է փոխարինվում․ պատարագվում է հայ քրիստոնյան։ Սրբավայրը վերածվում է քարեղեն գերեզմանի, ուր քահանա նախապապիս ողջ ընտանիքին՝ թվով քսանվեց հոգու, գյուղի մյուս հայերի հետ այրում են ենիչերիները։ Մեր մեծ գերդաստանից կենդանի են մնում միայն մեծ տատս ու իր քույրը, որոնց փրկում են հարևան մահմեդական քրդերը՝ վտանգելով իրենց կյանքն ու ընտանիքը։

 

Գիտության և ֆանտաստիկ հայտնագործությունների 21-րդ դար, ուր բոլոր անհրաժեշտ պայամանները կան ուրախ և անհոգ ապրելու համար, մենք դարձյալ տեսնում ենք պատերազմներ, բռնություն, ցավ ու տառապանք։ Դա այնքան անհեթեթ է, անհասկանալի, անտրամաբանական․ առանց այդ էլ կյանքը շատ կարճ է վայելելու համար։ Մյուս կողմից այս ամենը հնարավորություն է ընձեռում Ձեզ պես մարդկանց իրենց դրսևորել և ոգեշնչել շատերին նույն կերպ վարվելու։

 

Հա՛յր Կինվի, Ձեզ վիճակված է սեփական մաշկի վրա զգալ մարդկային վայրագության ու չարության հարվածները, կորցնել թանկ ու հարազատ մարդկանց, ամեն օր նայել մահվան աչքերին ու մնալ բարի, սեր ու հոգատարություն բաժանող Մարդ Աստծո։ Ուղղակի գերմարդկային և անհավատալի է, թե ինչպես կարելի է լինել երիտասարդ և այդքան կամային, այդքան պատասխանատու, այդքան հավատարիմ ողջախոհության, աղքատության եւ հնազանդության Ձեր երդումներին։ Քանի՞ ժամ ես կարող եմ դիմանալ ապերլով Ձեր պայմաններում, կարո՞ղ եմ արդյոք սիրել թշնամուս, երբ իմ օգտին արված մերձավորիս չնչին հանդիմանությունն անգամ օրեր շարունակ չեմ մոռանում։

 

Կարդալով Ձեր և Ձեզ նման զարմանալի մարդկանց մասին՝ հասկանում եմ, որ դուք ընտրյալ եք, հայտնվել եք ճիշտ տեղում, ճիշտ ժամանկին, իրականացնելու այն առաքելությունը, որի համար ծնվել եք։ Իմ տաքուկ ու հարմարավետ սենյակում նստած՝ գրում եմ այս տողերը և ինքս ինձ հարց եմ տալիս. «իսկ ո՞րն է իմ առաքելությունը»։ Թեև իմ երկրում էլ այս պահին կան շատ խոցելի խնդիրներ, բայց ես դեռ չեմ պատկերացնում իմ տեղն ու դերը այդ խնդիրների լուծման գործում։ Ես 21 տարեկան եմ, սովորում եմ համալսարանում, միաժամանակ աշխատում եմ որպես ծրագրավորող, ստեղծում ենք արհեստական բանականություն մարդկանց կյանքը հեշտացնելու, ավելի հարմարավետ դարձնելու համար։ Դա ինձ համար շատ կարևոր է, որովհետև մեր ժամանակն ու ուժերը պետք է օգտագործենք, որ կյանքն ավելի գեղեցիկ դարձնենք։ Ու թեև երկուսս էլ երիտասարդ ենք, մենք շատ տարբեր ենք, տարբեր են մեր նպատակներն ու գործողությունները։ Ես ինձ լավ եմ զգում, երբ երբեմն կարողանում եմ որևէ մեկին օգնել, իսկ Ձեզ համար մարդկանց փրկելն ու սեր բաշխելը ապրելակերպ է։ Դուք ազատ եք ու քաջ, վեր եք բոլոր տեսակի կախվածություններից, պայմանականություններից։ Դուք մեր ժամանակի հերոսն եք, կանգնած եք չափազանց բարձր ու անհասանելի հեռվում, և ծրագրավորողի իմ գիտելիքներն ու կենսափորձը տկար է Ձեր կողքին անգամ մտովի գտնվելու համար։

 

Անկեղծ ասած, ես հիմա երազում եմ բարեկեցիկ ու ապահովված ապագայի, շատ ճամփորդելու, այլ երկիրների մշակույթներին ծանոթանալու մասին, ու թեև Աֆրիկայում լինելը չկար իմ պլաններում, բայց ծանոթանալով Ձեր գործունեությանը՝ հեռավոր Բոսսեմտելե քաղաքում՝ հանձին Ձեզ հիմա ես ունեմ բարեկամ, որին մի գեղեցիկ օր կուզեի տեսնել խաղաղ ու ստեղծագործ աշխատանք անելիս և փաստել՝ սերն ու բարությունն իրոք ամենահզոր ուժերն են, որ պապհպանելու են մարդկությունը։

 

Աստված Ձեզ պահապան։

 

Երատագիտությամբ՝

Սիփան Մուրադյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին