Ռիթա Քեշիշյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

4240 դիտում

Ռիթա Քեշիշյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Սիրելի բժիշկ Թոմ,

 

Հինգ տարի առաջ էր, ես դասարանում էի ու հանկարծ ողջ Հալեպը պայթունից ցնցվեց ու մենք հասկացանք, որ պատերազմ է:

 

Ես 14 տարեկան էի ու չգիտեի, թե ինչ է պատերազմը՝ անօթևան մարդիկ, մահ, վիրավորներ, սարսափահար եղած երեխաներ… վերջ մանկությանը:

 

Ծանր օրեր էին: Առևանգումներ, որոնցից անմասն չմնաց նաև իմ ընտանիքը: Առևանգեցին նաև հորս ու նա հավատարիմ մնալով իր էությանը և երդմանը՝ գտնվելով հակառակորդների մեջ՝ օգնեց կարիքավորին, հաշվի չառնելով իր իսկ ծանր վիճակը:

 

Այն ինչ Դուք մինչ օրս անում եք, անհնար է նույնիսկ համեմատել շատերի թեկուզ նվիրյալ, անձնազոհ գործունեության հետ, սակայն ես էլ իմ հերոսի մասին գրեցի, իմ սիրելի հոր մասին։ Ես վստահ եմ, որ նա իր այդ կարեկից էությունը ժառանգել է իր նախորդ սերունդներից։ Նրանք էլ տարիներ առաջ բազմաթիվ որբերի են փրկել կործանումից ու օգնել են գտնելու իրենց ինքնությունը։

 

Ձեր կատարածը հարգանքի և փառաբանության է արժանի։ Շատ քչերն են ընդունակ նման զոհաբերություն անել, նվիրվել և զրկվել այն ամենից, ինչը կյանքում իմաստ ուներ Ձեզ համար ու դառնալ մեկ ուրիշի հույսն ու հավատը։

 

Գրում եմ Ձեր մասին և մտքումս պտտվում է մեկ որիշ անուն։ Ուզում եմ հիշատակել Միս Եփփե Մայրիկին (Քարեն Եփփեին)՝ մի միսիոներ, երիտասարդ Դանիացի աղջիկ, մեկնել էր  Ուրֆա օգնելու ջարդից մազապուրծ եղած հայ որբերին: Որբերին փրկելը սկիզբը դարձավ մի ամբողջ նվիրյալ  կյանքի։ Հայ ժողովրդին օգնելը դարձավ իր ապրելու ու կյանքի նպատակը։ Կոտորածի հետքերով, հայ ժողովուրդի հետքերով հասնելով  Հալեպ, նա որդեգրել է նաև հորս մեծ պապին և նա էլ լինելով համարյա չափահաս օգնել է Եփփեին հիմնել որբանոց Հալեպում:

 

Միս Եփփե մայրիկը անձնազոհաբար նվիրվել էր մարդկությանը կյանք ու հավատ նվիրելու գործին, ձեզ նման՝ իր անձնականը թողնելով մի կողմ:

 

Երբ լսեցի Ավրորայի մրցանակաբաշխության մասին եկա կամավոր, որպեսզի մոտիկից տեսնեի բոլոր հերոսներին, ծանոթանայի բոլորի հետ և մանրամասն տեղեկություն ձեռք բերեի ձեր գործունեության մասին: Ցավոք դուք այդտեղ չէիք, միայն Ձեր աղջկան տեսա, ով մեծ հպարտությամբ կանգնած էր՝ հոր մրցանակը ձեռքին: Մյուս հերոսների հետ ծանոթանալով հասկացա, որ կա կյանք, շատ բարի մարդիկ, անհավանական անձնազոհություն և նվիրում այս փոքր աշխարհում։

 

Մշուշի մեջ երբեմն փայլում են աստղեր, երևում են լուսավոր կետեր, ինչպես անհատներ՝ բոլորից տարբեր, որ լույս են տալիս վառվելով ու ջերմացնելով։ Դու՛ք էլ մեզ համար այն հեռավոր, ջերմացնող լույսն եք։

 

 

Ավրորա մրցանակաբաշխության կամավորական աշխատանքի ժամանակ լուսանկարիչը մոտեցավ ինձ և զարմանքով հարցրեց, թե ես ինչ անձնական կապ ունեմ Ավրորա Մարդիգանյանի հետ: Զարմացած հայացքիս նայելով ասաց, որ շատ նման եմ նրան և լուսանկարեց ինձ: Շատ ուրախացա և հուզվեցի։ Այս մրցանակաբաշխությունը ինձ շատ հոգեհարազատ է,  հավանաբար ժառանգել եմ իմ ժողովուրդի  ու նախնիների ոգին, քանզի իմ ազգի և մարդկության անարդար բեռը զգում եմ ուսերիս։

 

Զարմանալի բան է։ Հարյուր տարի առաջ  Քարեն Եփփեն փրկեց իմ նախնիներին, նրանց սերունդները եկան գտնելու հորս պապերի զավակներին՝ այսինքն մեզ։ Ես լսելով այս մրցանակաբաշխության մասին հանկարծ իմացա, որ նման եմ հերոսուհուն, որի մրցանակին ներկայացրել են Ձեզ։

 

Չգիտեմ, իսկապես չգիտեմ, թե դուք մեր ժամանակների հերոսն եք թե՞ մի խելակորույս։ Որովհետև միայն այդ դեպքում  կարելի է ամեն ինչ թողնել և գնալ այդ հեռավոր երկիրը ու միայն  հերոսը  կկարողանա անել այն ինչ Դուք եք անում անձնվիրաբար, և հավատալով մարդկային ոգու մաքրությանը և փրկությանը:

 

Շնորհակալ եմ որ Դուք կաք...

 

Ռիթա Քեշիշյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին