Ժենի Քոչարյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

4686 դիտում

Ժենի Քոչարյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


- Մա՛մ, մի բան ասեմ, էլի, բայց պիտի խոստանաս, որ անպայման կանես:

 

- Դու դեռ քնա՞ծ չես, Արմինա՛: Ասա՛, ի՞նչ է պատահել,- մտածեցի, որ հերթական ցանկությունն է հայտնելու որևէ խաղալիքի, հագուստի կամ գրքի տեսքով:

 

- Մամ ջան, խոստանում ես, չէ՞:

 

- Կանեմ՝ ինչ ուզում ես, շուտ ասա ու վազիր քնելու, ուշ է արդեն:

 

- Մամ, պապան որ գա, խոստացիր, որ բարի կխոսես նրա հետ, կասես նրան, որ ամեն ինչ կանես նրա համար, հետո կգրկես ու պաչիկ կանես, լավ մամ ջան:

 

Աչքերս արցունքոտվեցին, բայց մի կերպ թաքցրեցի հուզմունքս: Ժպտացի, համբուրեցի՝ ասելով, որ անպայման կկատարեմ նրա խնդրանքը.

 

- Շուտ գնա՛, պառկի՛ր, արդեն ուշ է, առավոտյան կուշանաս դպրոցից:

 

... Մի քանի օր էր, ինչ ամուսնուս հետ վիճել էի կենցաղային մանր խնդրի պատճառով: Չէի մտածում, որ դուստրս կմտահոգվի, որ չի կարողանա քնել այն պարզ պատճառով, որ ծնողները անհաշտ են:

 

Այո՛, այս աշխարհում, ուր ամենուրեք պատերազմներ, ահաբեկչություններ ու անմեղ զոհեր են, մարդիկ հաճախ չեն նկատում այն, ինչ ունեն: «Միայն սերը կարող է հաղթել ատելությանը»,-այս արտահայտությունը լսեցի «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ: Եթե բոլորս գոնե չնչին օրինակ վերցնենք «Ավրորա»-ի հերոսներից, կյանքն այլ երանգ կստանա: Մենք կսովորենք սիրել, ներել, գնահատել վայրկյանն ու մարդուն՝ անկախ տեսակից, տարիքից, ռասսայից:

 

7-ամյա դուստրս իր փոքրիկ խնդրանքով շատ բան սովորեցրեց ինձ: Ես հասկացա, որ նրա ցանկությունը մեկն է՝ երջանիկ ընտանիք: Թանկարժեք խաղալիքներն ու գեղեցիկ հագուստներն երեխային չեն երջանկացնում, երբ ընտանիքում սերը բացակայում է: Այն, ինչ տեսնում է երեխան ընտանիքում, կիրառում է իր ողջ կյանքում: Կյանքը հիասքանչ է իր ամեն վայրկյանով... մեզ միայն սեր է պակասում:

 

Հենց այս վայրկյանից ասենք մեր ընտանիքի անդամներին, որ սիրում ենք, ժպտանք անծանոթներին, օգնենք կարիքավորներին, հաճախ այցելենք հիվանդներին... Հավատացեք, ընդամենը ցանկությունը բավարար է՝ այս ամենն իրականացնելու համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին