Օֆելյա Բաղդասարյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

3491 դիտում

Օֆելյա Բաղդասարյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Ապրիլի 28-ն է: Տարօրինակ խառնաշփոթ է UWC միջազգային քոլեջում, որտեղ սովորում եմ: Մարգարիտա Բարանկիցեն է գալիս…

 

Նույն խառնաշփոթն ինձ էլ է պարուրել: Տարիքս թևեր է առել և խիզախությունս մարդասիրություն է կանչում: Փնտրում եմ գալիք աչքեր, որոնք ապավեն են եղել անկեղծության ու մաքրության, լավատեսության ու հույսի: Հա, ճիշտ է, նա դեռ չի հասել, բայց ես արդեն փնտրում եմ նրա աչքերը, որ հանկարծ չկորցնեմ աշակերտների ամբոխի մեջ, ովքեր սպասում են եզակի ձեռքսեղման:

 

- Չէ՛, ես միայն աչքերն եմ ուզում,- կրկնում եմ մտքիս մեջ՝ շրթունքներս կծոտելով:

 

Ծանոթ խառնաշփոթ է… Ես միշտ աչքեր եմ փնտրել իմ ապրած 17 տարվա բոլոր ծանոթ թե անծանոթ խառնաշփոթներին, որովհետև վախեցել եմ խոսակցություններից՝ իմանալով, որ միշտ կուլ կգնամ եզակիների մոտ:

 

- Նա Դիլիջանի թունելն անցել է, 20 րոպե և մեզ հետ կլինի, - լսվում են հեռվից արձագանքներ:

 

Տեսնես կպատմե՞ն քո աչքերն այն ամենը ինչ ես վերապրել եմ երբևէ,-մտածում եմ իմ մտքում և այս պատմությունն եմ անմիջապես սկսում վերհիշել:

 

Գարուն էր, այն գարուններից, որ երբեք չի կրկնվում կրկին, կամ կրկնվում է միայն ցանկությամբ: Ես երևի 13 տարեկան էի: Հիշում եմ, Կապան քաղաքում էիք, ասեմ ավելին ինչ-որ առարկայական ծրագրով. մի ամբողջ երեխաների խումբ, ովքեր մնալու էին մանկատանը 2 օրով: Դե մանկատունն էլ գտնվում էր քաղաքի ծայրամասում, ամեն ինչից ու ամենքից մեկուսացված: Առաջին բանը որ նկատեցի անգույն ու խամրած պատերն էին, հնության հոտ ու անշուք կահավորանք: Իրար հաջորդող սենյակների շարան էր, ու մի փոքրիկ հավաքատեղի, որտեղ հնաոճ բազմոց էր դրված և մի փոքրիկ հեռուստացույց: Դե կարմիր գորգն էլ ելք ու մուտքից արդեն դարչնագունել էր: Սենյակների սառնությունից որոշեցինք միջանցքներում մնալ: Երեխաներ էին վազվզում միջանցքներում, ոմանք կուչ էին եկել մի անկյունում և պլշած աչքերով զննում էին իրենց ժամանակավոր հյուրերին, որոշներն էլ մեր շուրջն էին պտտվում:

Երեխաների աչքերում կարոտ ու կարեկցանք էր փրփրում: Աչքեր, որոնք ապրել են սպասումով ու իսկական երազանքով, ոչ այն կրկնվող երազանքներից, որոնք հնարավոր է միշտ իրականացնել: Նրանց աչքերը տուն էին կանչում, սեր ու ջերմություն:

 

- Շուտո՜վ, շուտո՜վ կհասնի, արդեն կենտրոնում է,- ինչ որ մեկը հեռվից տեղեկացրեց:

 

Մեր սենյակները 1 հարկ ներքև էր նրանցինից: Հիշում եմ, աղմուկ էր վերևում ու չէինք կարողանում քնել, ինչ-որ բարձր երաժշտություն էր լսվում: Բոլորս միանգամից վեր կացանք անկողնուց և վերև բարձրացանք: Մանուկներն էին…

 

Ինչ-որ փոքրիկ ելույթներ էին պատրաստել մեզ համար, բայց ամաչել էին մեզ ասել: Պարում էին, երգում, ներկայացումներ բեմադրում, ամեն ինչ լրիվ մանկական ու անբիծ տիրույթի սահմաններում էր: Մեկը ՙՙմտքով տուն էր թռչում՚՚, մյուսը՝ ՙՙլիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդար քուն՚՚ էր ուզում, մյուսը պարում էր կրկնելով՝ ՙՙքեզ սիրում եմ, անգին իմ մայրիկ՚՚, մյուս փոքրիկներն էլ բեմադրում էին իրենց առօրյա կյանքը, առաջ բերելով իրենց դժվարություններն ու խնդիրները:

 

Երևի հենց այդտեղ էր, որ սկսեցի գնահատել իմ կյանքն ու հոգալ ուրիշների մասին: Այդ փոքրիկները ոչինչ չէին տեսել իրենց կյանքում, բացի լքված ու միայնակ լինելուց, բացի հնության հոտից ու սառը սենյակներից: Ոմանք պարզապես որբացել էին ծնողներին կորցնելով, իսկ ոմանց էլ իրենց ծնողներն էին հանձնել բախտի կամ այդ սառը սենյակների քմահաճույքին:

 

- Իսկ հերոս Բարանկիցեն արդեն այստեղ է,- լսում եմ բոլոր կողմերից:

 

Ամեն կողմից ծափահարություններ են հնչում, բոլորը մոտենում են Ձեզ և շնորհակալություն հայտնում: Իսկ ես Ձեր աչքերն եմ զննում:

 

- Մարգարիտա, Ձեր աչքերում մայրություն ու հոգատարություն է փրփրում: Աչքեր, որոնք հարյուրավոր մանուկների ճանապարհ են լուսավորել, աչքեր որոնք արարել են ու կյանք պարգևել, ժպիտ ու սեր: Երանի Ձեզ, որ Ձեր կյանքն եք նվիրել մանուկներին: Կարևոր չէ, թե այդ երեխաները պատերազմից են որբացած, թե իրենց ծնողների ցանկությունից, կարևորն այստեղ մարդասիրությունն է, կարեկցելու ու մի տանիք դառնալու կարողությունը: Երանի՜ մեկն էլ Ձեր նման, մի օր այդ մանկատան երեխաներին մայր դառնար…

 

Ուզում եմ կարդաք ու հպարտանաք, Մարգարիտա, որ իմ առաջին մարդասիրական ծրագիրը մանուկների համար՝ ՙՙԽաղաղության գույները՚՚ խորագրով, գրեթե պատրաստ է. այս ամառ կմեկնենք Ուկրաինա իրականացնելու: Շնորհակալ եմ ինձ մեծ ոգևորություն, պայքարելու կարողություն ու հավատ ներշնչելու համար: Ձեր աչքերն ինձ թևեր տվեցին…

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին