Լիլիթ Հակոբյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

3615 դիտում

Լիլիթ Հակոբյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Սամվելն ու ես մանկության ընկերներ էինք, ստեղծել էինք աշխարհ, որը շատ էր տարբերվում մյուսներից:  Հիմա եմ հասկանում` իրականում մեր ստեղծածը առանձնահատուկ չէր, պարզապես մերն էր, սակայն մի օր ամեն ինչ փոխվեց, իսկ պատերազմը, որը մինչ այդ մեր բակի  երեխաների սիրելի խաղն էր, դարձավ իրական, պարզապես մեծերը փոքրերի պես չէին խաղում, խաղի ավարտից հետո էլ կյանքը նորից սկսելու հնարավորություն բոլորին չէր տրվում:

 

Այն շրջանն էր, որում չկար ոչինչ, բայց  լիարժեք երջանկության համար ընդամենը հարկավոր էր իջնել բակ  և հասկանալ` ինչպես ենք անցկացնելու օրը: Հիշում եմ`  նախքան Սամվելին տեսնելը պետք է լսեի հարևան տատիկների անհանգտությունը, որ աղջիկ լինելով` տիկնիկների փոխարեն նախընտրում էի բակային խաղերը` Սամվելի ընկերակցությամբ:

 

Ունեիք ավանդույթ. խաղերն ավարտելուց հետո շտապում էինք տուն, վերցնում հաց ու պանիր և վազում հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիք և ժամերով նստում:

 

8  տարեկան երեխաներին հատուկ միամտությամբ մեզ թվում էր`  տանիքում մեզ գրեթե անհնար է գտնել,  բայց մոռանում էինք` այդ ավտոտնակը գտնվում է հենց մեր բակում:  Ինձ և Սամվելին հատկապես դուր էր գալիս, որ տանիքին հայտնվելու համար հարկավոր էր երկու խոչընդոտ հաղթահարել` նախ չհանդիպել Կոստյա պապիկին, ում պատկանում էր այդ ավտոտնակը, որովհետև նա բարկանում էր, ապա փորձել հաջողությամբ բարձրանալ տանիքին և պատկերացնել, որ թաքստոցում էինք:

 

Այնտեղ չէինք էլ կարող պատկերացնել` ընդամենն ամիսներ անց իսկապես թաքնվելու կարիք ենք ունենալու, իսկ տանիքին այս անգամ փոխարինելու էր նկուղը: Արցախյան պատերազմը սկսվել էր:

 

«Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բեռլին եմ հասել, թուրքն ո՞վ է, որ չվերցնեմ զենքն ու չգնամ կռվեմ»,- ասաց պապս` սրբելով տատիս արցունքները: Առաջին նախադասությունն էր, որից հասկացա` ամեն ինչ փոխվել է, և ոչինչ այլևս առաջվանը չի կարող լինել:  Սկսկվեց մի նոր կյանք, որում հարցականները շատ էին, բայց  չգիտեի` դրանք ում պետք է ուղղեմ` մո՞րս, ով վախը սրտում վատ լուրի էր սպասում, իսկ երբ նրան խնդրում էին լավատես լինել,  պատասխանում էր` պատերազմը սպանում է ամեն ինչ, և լավատեսությունն այդ շարքում առաջինն էր: Տատիս չէի ցանկանում հարցեր տալ,  շարունակ աղոթում էր, իսկ ես չէի ցանկանում խանգարել նրա երկխոսությունն Աստծո հետ, միայն հասկանում էի`անկախ այն բանից, որ նկուղում միայնակ չէինք, երբ տատս սկսում էր աղոթքը, նա միայնակ էր: Գնում էի, հպվում նրան, և թվում էր` սառը նկուղում ջերմություն էր հայտնվում:

 

«Պատերազմն ի՞նչ է»,- մի օր հարցրի Սամվելին…Սովորության համաձայն` բոլոր հարցերս  հենց նրան էի ուղղում, մանավանդ տեսնում էի` այդ օրերին իրեն փորձում էր մեծին վայել պահել` հաշվի առնելով, որ տղամարդիկ այդ օրերին մարտի դաշտում էին:

 

«Պատերազմն այն է, երբ պետք է ամեն գնով մայրիկիդ պաշտպանես»,-ասաց Սամվելը: Չէի հասկանում` պաշտպանել ասելով Սամվելն ինչ նկատի ուներ, որովհետև ինձ համար պատերազմն առաջին հերթին ռմբակոծության ձայներն էին, որոնք մինչ օրս աչքերս փակելիս լսում եմ, բայց այդ խոսքերից ապահով էի զգում: Մանկական միամտություն:

 

Համեմատաբար խաղաղ օրերին Սամվելը գնում էր աղբյուրից ջուր բերելու. ընկերս այդ գործին առավել պատասխանատվությամբ էր մոտենում, դե հասկանալի է` տան տղամարդն էր: Վերադարձին սկսվել էր ռմբակոծությունը…

 

Երբ  վիրավոր Սամվելին խուճապահար բակ բերեցին, այս ու այն կողմերից լսում էիք, որ, փառք Աստծո, օրերս Լիբանանից ժամանել է բժիշկ Բարույրը, նրան դեռ չէի տեսել, բայց ավագների խոսակցությունից լսել էի`հրաշքներ է գործում է:

 

Բժիշկ Բարույրը  զննելուց հետո ասաց, որ տղայի մոտ ներքին արյունահոսություն է, մանկությանս ընկերը հեռացավ: Առաջին դեպքն էր, երբ «պատերազմ» բառը բացատրության կարիք չուներ:

 

Այդ դեպքից տարիներ են անցել, տեղափոխվեցինք Երևան, որովհետև նոր կյանք սկսելու համար հիշողությունները չափից շատ էին, սակայն պարբերաբար այցելելով հարազատ քաղաք Ստեփանակերտ` տեսնում եմ բժիշկ Բարույրին, ով պատերազմի ընթացքում բազմաթիվ կյանքեր էր փրկել, իսկ պատերազմից հետո հստակորեն որոշել էր`  չպետք է հեռանա…

 

Կարդալով Թոմ Քաթինայի պատմությունը` այնտեղ տեսա ինձ, Բարույրին և Սամվելին, թեպետ օտարի համար այդ պատմությունները գուցե որևէ ընդհանրություն չունենան, սակայն այնտեղ մենք էինք…

 

Վերջաբանի փոխարեն պարզապես կուզեմ դիմել Թոմ Քաթինային, որպեսզի երբեք չդադարի իր աշխատանքը, որովհետև, ինչպես կասեր իմ ընկեր Սամվելը, պետք է ամեն գնով պաշտպանել մայրիկին, իսկ Դուք Ձեր աշխատանքով ամեն անգամ փրկում եք որևէ մեկի մայրիկի կյանքը….

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին