Սեդա Բարխուդարյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1536 դիտում

Սեդա Բարխուդարյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Ողջույն սիրելի Մարգարիտ,

 

Նամակս հղում եմ Ձեզ, խորապես ոգեշնչված դիտելով «Ավրորա» մրցանակաբաշխությունը, և ի սրտե հուզված` լսելով Ձեր կյանքի պատմությունը: Անհնար էր պատկերացնել այն ամենը, ինչով, որ Դուք անցել եք, անհնար էր զսպել արցունքները և առավելապես անհնար  էր չբարձրաձայնել աշխարհին այն եզակի պատմություններից մեկը, որը ցնցեց իր մարդասիրության, արիության և սիրո անսահման դրսևորմամբ: Թերևս, այն ցնցեց նաև մարդկային դաժանության, չարության, փոքրհոգության անզսպելի իրագործմամբ: Բայց և, այս եղելությունը հանդիսացավ պատճառ բացահայտելու բարու դրսևորման վեհ առաքելությունը` հանձինս Ձեր կատարած գործի անձնվիրության: Որովհետև, ինչպես չարը և բարին, ամեն մի սև էջին գալիս է փոխարինելու սպիտակը, նորը, մաքուրը` տալու նոր հույսեր, նոր ծիլեր, նոր կյանքեր:

 

Ձեր կատարած առաքելությունը նման է Ձեր անվան`հայերեն թարգմանաբար սիրելի Մարգարիտ: Ինչպես մաքուր մարգարիտներ իրենց խեցիներում, Դուք կարողացաք պահպանել տասնյակ հազարավոր երեխաների արժեքավոր կյանքեր` դրանք հոգատարորեն պահպանելով իրենց ամուր խեցիներում, ինչպես գանձեր: Կամքի անկոտրուն ուժով, խիզախությամբ և անձնվիրաբար պայքարեցիք հանուն արդարության, բարության և սիրո, ստեղծելով մի երևույթ, որը պետք է իրական մարդասիրության օրինակը հանդիսանար: Այժմ դուք հանդիսանում եք այդ տասնյակ հազարավոր երեխաների մայրերը, և նրանք ու նրանց սերունդները այլևս չեն անցնի այդ դժոխային ճանապարհի միջով, և Ձեր երազած նպատակները այլևս իրենց ճանապարհին են:

 

«Ավրորա» մրցանակաբաշխությունը հնարավորություն տվեց բացահայտելու մարդկության պատմության մեջ եղած այն եզակի պատմություններից մեկը, որը իր եղելության բնույթով հիշեցնում է 1915 թ. Հայոց Մեծ Ցեղասպանությունը... Այո, մենք կիսում ենք նույն ցավը:

 

Լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այսօր համախմբված ենք ընդհանուր մարդասիրության գաղափարի շուրջ, սիրո և բարության գաղափարի շուրջ: Ամեն շարադրված բառերից վեր են «Ավրորա» մրցանակաբաշխությունում Ձեր և նմանատիպ անհավանական պատմություններով նոմինացված հերոս-մարդկանց կատարած առաքելությունները: Դուք օրինակն եք հանդիսանալու ավելի բարի աշխարհի:

 

Ջերմագույն Ողջյուններով`

Ս.Բ

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին