Արփինե Սարգսյան. Նամակ Աշխարհին ու նրա Հերոսին - Mediamax.am

3356 դիտում

Արփինե Սարգսյան. Նամակ Աշխարհին ու նրա Հերոսին


Լուսանկարը`


Սայիդա, գրում եմ Ձեզ հիմա անցյալի ու ներկայի արանքում հայտնված, ապրելով տիրող իրականության մեջ ու զգալով անցյալի ցավերը ինքս ինձ վրա․․․ իմ մեջ։ Զգալով, որ անցյալը կրկնվում է, մի ուժգին թափ առած գալիս է դեպ մեզ․․․ հիշեցնելու, թե՞ կրկնելու։ Գրում եմ հիմա այն հերոսին, ով հերոս է, քանզի չի չարացել, չի անտեսել, պայքարել է ու ․․․ ու հաղթել։ Հաղթել է մարդկային երկու դեմքերի ու դեպքերի արանքում, ստրկության ու ազատության արանքում, ով լսել է ձայներ ու չի լռել, ով լսել է օգնության կանչեր ու ձեռք է մեկնել, անգամ այն ժամանակ, երբ ձայները հարկադրված լռել են։ Օգնել է նա, ով հենց ինքն օգնության կարիք ուներ։ Դուք անցել եք այդ ամենի միջով, դրա համար էլ  կհասկանաք ինձ, կհասկանաք ժողովրդիս, մերոնց, մեր ցա՛վն էլ կհասկանաք, մեր ուրախությու՛նն էլ, էն մեն մի հատիկ ժպիտի ջերմությունն էլ կհասկանաք ու մի կաթիլ արցունքի աղիությունն էլ։ Ցավին դիմանալը հեշտ է, դրանից հետո ապրելն է դժվար։ Կհասկանաք, որովհետև Դուք էլ եք ցավ զգացել, պայքարել, սիրել ու ապրել։ Գրում եմ Ձեզ հիմա մի հեռավոր անկյունից, ուր անցյալի երգն էլի չի լռում․․․ չէ՛ ․․․ չի էլ լռելու․․․ասելու բան ունի։ Ասելու, թե՞ նախազգուշացնելու։

 

Աշխարհը կուրացել էր մի պահ։ Այդ կույր, ցուրտ ու բթացած աշխարհում նախնիներս են ապրել։ Իրենք ապրել են այնտեղ, որտեղ ժամանակը իրենց մի պահ մոռացավ, բայց ծանր նստեց այդ մի պահը մեզ վրա, որովհետև ցամաքեց այն մեր Ծովից Ծովը, որովհետև կրակոցների, լացի, պայթյունների ձայները չթողեցին, որպեսզի լսեինք մանկան ծիծաղը, որովհետև նախնիներիս՝ քարից արյունլվա եղած ոտքերը չուզեցին, որ աշխարհիս մանուկները ոտաբոբիկ մնան։ Ապրեցին ծեր ու փոքր, կին ու տղամարդ, գաղթեցին ու մնացին, նահատակվեցին ու զենք վերցրին․․․կանայք էլ ․․․ հա՛, կանայք էլ զենք առան ու կռվեցին։ Նախնիներս եղել են նրանք, ովքեր սպանվել են տան շեմին՝ ընտանիքը պաշտպանելիս, տան կտուրը նորոգելիս, վերջին քարը դնելիս, ծառից միրգ քաղելիս, էն վերջին լավաշը թոնրից հանելիս, որն այդպես էլ մնաց այնտեղ ու դարձավ մի պատառը մեր ցավի ու կորստի, մի պատառ հացը, որ կոկորդիդ է կանգնում։ Ողբացել են, որբացել, աղոթել, պայքարել զենքով, մտքով, պարով ու այն երգով, որի թնդուն հնչյուններին միայն լեռները կդիմանային․․․չէ՛, միայն մե՛ր լեռները, որովհետև մեր բնավորությունը մենք իրենցից ենք ժառանգել․․․հո՛ղը, նախնիներիս ոտքերի հարվածին միայն մե՛ր հողը կդիմանար։ Ու դիմացան, դիմացան մեզ հետ, դարձան մեզ օթևան, նրանք․․․ մերոնք։ Հիմա քարացած կանգնած են այնտեղ ու մեզ են նայում․․․ մենք էլ ենք նայում․․․ա՜ խ,  ախր հեռվից ենք նայում, օտարացած սիրելիի պես ենք նայում։ Ու հեռվից նայել հարազատիդ, ի՜նչ դժվար է, գիտե՞ք։ Սպանվեցին նախնիներս, ցորենի յուրաքանչյուր հասկի վրա թողնելով մի կաթիլ քրտինք, մի կաթիլ արյուն, չէ՛ չվախեցան, չչարացան ու չստրկացան։ Չկար դա իրենց արյան մեջ, չէին հնազանդվի երբեք, կապրեին կա՛մ իրենց հողում, իրենց լեզվով ու կրոնով, երգ ու պարով, կամ․․․ուղղակի չէին լինի։

 

Այն մի հատիկ հասկի վրա հույս ու պայքար էլ էին թողել, կտակել էին։

 

Ու հիմա ապրում եմ ես, ապրում ենք ՄԵՆՔ։ Ապրում էինք, երբ աշխարհն այս կույր էր ու համր, ապրում ենք հիմա, երբ աշխարհս նույնն է կարծես։  

 

Այն ժամանակ, երբ աշխարհը ընտրում էր իր հերոսին, մերոնք հերոսացել էին արդեն։ Դուք այն հերոսներից մեկն էիք, ով ազատել էր շատերին անցյալիս ու ներկայիս աղբից՝ ստրկությունից, տանջանքներից։ Դուք փրկել եք շատերին ու հիմա Ձեզ աշխարհում որպես հերոս են ճանաչում, Դուք պայքարել եք, չարչարվել, հավատացել։ Նախնիներս էլ են պայքարել, գիտե՞ք քանի հերոսներ ունենք։ Իսկ հիմա՞․․․ հիմա էլ ունենք, հիմա է՛լ ավելի շատ են։ Նա, ով հենց հիմա պայքարում է անցյալի կորցրածի համար, երբ նույնն է աշխարհը։

 

Գիտե՞ք, Ձեր կողքին Սայիդա, Ձեր անվան կողքին մի հերոսի անուն էլ կգրեի․․․

ԶԻՆՎՈՐ․․․Հայ Զինվոր

 

Դուք Սայիդա, հաղթել եք ստրկությանն ու ազատել, ապրել սովորեցրել շատերին։ Դուք հաղթել եք Ձեր մարդ տեսակով։ Մենք էլ ենք հաղթել, մենք՝ մեր հայությամբ․․․

 

Սիրով աշխարհի Հերոսին՝

Հաղթած Հայուհուց

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին