«Զիմուլտան»՝ կնոջ կյանքը տղամարդկանց աշխարհում - Mediamax.am

exclusive
1706 դիտում

«Զիմուլտան»՝ կնոջ կյանքը տղամարդկանց աշխարհում


Ինգեբորգ Բախմանը
Ինգեբորգ Բախմանը

Գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ, երաժշտագետ եւ կոմպոզիտոր Թեոդոր Վ. Ադորնոն  ասում էր, որ Օսվենցիմից հետո բանաստեղծություն գրելը բարբարոսություն է, բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավստրուհի Ինգեբորգ Բախմանը եւ հրեա Պաուլ Ցելանը իրենց ստեղծագործությամբ ապահովեցին գերմանալեզու պոեզիայի զարթոնքը:

 

Այս նախաբանով սկսեց մեր զրույցը թարգմանիչ Գայանե Գինոյանի հետ, ով պարբերաբար հայ ընթերցողին է ներկայացնում գերմանալեզու գրականության լավագույն նմուշները:

 

Այս անգամ հայ ընթերցողի սեղանին է Ինգեբորգ Բախմանի  «Զիմուլտան» պատմվածքների ժողովածուն («Զանգակ» հրատարակչություն):

 

60-ական թվականներին Բախմանը լրիվ հրաժարվում է պոեզիայից եւ այլեւս միայն արձակ է ստեղծագործում: 1972 թվականին նա հրատարակում է «Զիմուլտան» պատմվածքների ժողովածուն, որտեղ զետեղված են հինգ պատմվածք:

 

 

Դրանցից երեքի`«Երեք ճանապարհ դեպի լիճ», «Հաչոցը» եւ «Նրա երջանիկ աչքերը», հիման վրա ֆիլմեր են նկարահանվել: Գրքում նկարագրվում է կնոջ կյանքը, որը փորձում է տղամարդկանց կողմից վերահսկվող աշխարհում գոյատեւելու ռազմավարություն մշակել, ինչի հետեւանքով հիասթափվում է կյանքից ու դառնում սառը, չոր մարդ։

 

«Երեք ճանապարհ դեպի լիճը» պատմվածքում այդ նահապետական հասարակության մասին ասվում է․ «․․․եւ քանի դեռ այդ Նոր տղամարդը չկա, կարելի է մյուսների հանդեպ առժամանակ սիրալիր ու բարի լինել, այլ ելք չկա։ Իսկ կանայք ու տղամարդիկ լավ կանեն՝ իրարից որոշակի հեռավորություն պահպանեն․․․»:

 

Իր ստեղծագործության համար Բախմանը արժանացել է բազմաթիվ գրական հեղինակավոր մրցանակների, ինչպես Գեորգ Բյուխների, Անտոն Վիլդգանզի անվան մրցանակները: 1977 թվականից գրողի ծննդավայր Քլագենֆուրտ քաղաքում կազմակերպվում են գրականության օրեր, որի գլխավոր մրցանակը կոչվում է նրա անունով եւ համարվում է գերմանալեզու երկրներում ամենակարեւոր գրական մրցանակներից մեկը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին