Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր». ուրախ/տխուր գիրքը - Mediamax.am

exclusive
11814 դիտում

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր». ուրախ/տխուր գիրքը


Ջոն Գրինը
Ջոն Գրինը

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը ընթերցողին է ներկայացնում ամերիկացի գրող Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը՝ Ալինա Միրզոյանի թարգմանությամբ:

 

Գրքի հեղինակային իրավունքները պատկանում են Ջոն Գրինին եւ «Պինգվին Գրուպ» ընկերությանը:  Բանակցությունների ժամանակ պարզվել է, որ «Էդիթ պրինտ»-ը հայաստանյան միակ հրատարակչությունը չէ, որ ուզում է ձեռք բերել գրքի տպագրման իրավունքը:  «Էդիթ պրինտ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Շավարշ Կարապետյանի կարծիքով առաջնությունն իրենց է տրվել Ջոն Գրինին գրած իր նամակի շնորհիվ. «Գրել էի, որ դիմում եմ նրան՝ ոչ  որպես հրատարակչության ներկայացուցիչ, այլ ընթերցող, եւ հավանաբար այդ նամակը դեր խաղաց»:

 

ԱՄՆ-ում գիրքը լույս է ընծայվել 2012-ին` դառնալով «Նյու Յորք Թայմս»-ի թիվ մեկ բեսթսելերը: 2014-ին  տեղի է ունեցել համանուն ֆիլմի պրեմիերան, ինչն իր հերթին խթանել է գրքի վաճառքը: Այն արդեն հրատարակվել է աշխարհի ավելի քան 50 երկրում:

 

Ի՞նչ ճակատագիր է սպասում համաշխարհային բեսթսելերին Հայաստանյան գրքի շուկայում: Շավարշ Կարապետյանը նկատեց, որ  նոր սերունդը հետեւում է աշխարհում տեղի ունեցող գրական գործընթացներին, կինոյի նորություններին: Շատերը կարդացել են գրքի անգլերեն, ռուսերեն տարբերակները, ծանոթ են ֆիլմին: Այսուհետ գիրքը հասանելի կլինի նրանց, ովքեր չեն տիրապետում օտար լեզուներին:

 

Նրանք, ովքեր արդեն կարդացել են գիրքը, հայերեն հրատարակությամբ գուցե չհետաքրքրվեն: «Էդիթ պրինտ»-ի ծրագրերի ղեկավարը համամիտ չէ այս դիտարկմանը: «Ինքս սկզբում անգլերեն եմ կարդացել, հետո` հայերենը: Նույն զգացողությունն էր,  հրաշալի թարգմանություն է»,- ասաց նա, նշելով, որ պատրաստվում են հրատարակել  ամերիկացի գրողի նաեւ այլ գրքերը:

 

 

Ջոն Գրինի հանրահայտ վեպը վահանագեղձի քաղցկեղով հիվանդ տասնվեցամյա Հեյզել Գրեյսի մասին է, որը համակերպվում է իր հիվանդության անբուժելիության հետ, բայց քաղցկեղով հիվանդների աջակցության խմբակում  Օգոստուս Ուոթերսի հետ պատահական հանդիպումը ստիպում է նրան վերանայել սիրո, կորստի եւ կյանքի նկատմամբ ունեցած հայացքները:

 

Ինչո՞ւմ է Ջոն Գրինի վեպի հաջողության գաղտնիքը: Բեսթսելեր ասվածը որքանո՞վ է համահունչ գրքի իրական արժեքին: Այս գիրքն ավելի շատ կյանքի՞, թե՞ մահվան մասին է:

 

«Երբ կարդացի այս գիրքը, սկզբնական շրջանում մտածում էի` ինչո՞ւ է Ջոն Գրինը գրել այն, հետո հասկացա, որ օգտակար գիրք է, ուժ, հանգստություն է տալիս ընթերցողին»,- ասաց գրքի հայերեն հրատարակչության խմբագիր, արձակագիր Հովիկ Վարդումյանը՝ նկատելով, որ բեսթսելեր դառնալուն նպաստում են տարբեր գործոններ՝ քարոզչությունը, գովազդը, հեղինակի հայտնիությունը եւ այլն:

 

Ջոն Գրինի վեպն իսկապես հակասական զգացողություններ է առաջացնում: Այն համարում են «Զվարճալի... սուր... լուսավոր », միաժամանակ` «Ուրախ, զվարթ, կատաղի եւ սաստիկ տխուր»: Մի բան հաստատ է, ինչպես Ջոն Գրինի հերոսներն են ասում ` մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են: Ու էլի մի բան`«Սիրել` նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում»:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին