Ումբերտո Էկոյի եւ Ժան-Կլոդ Կարիերի զրույցները` հայերեն - Mediamax.am

exclusive
3467 դիտում

Ումբերտո Էկոյի եւ Ժան-Կլոդ Կարիերի զրույցները` հայերեն


Ժան-Կլոդ Կարիերը
Ժան-Կլոդ Կարիերը

Լուսանկարը` BALTEL/SIPA

Ումբերտո Էկոն
Ումբերտո Էկոն

Լուսանկարը` The Guardian

Զավեն Բոյաջյանը
Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ժան-Կլոդ Կարիերի եւ Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» (N'espérez pas vous débarrasser des livres) զրույցների ժողովածուն, որը «ԳԱՄ (Գրականություն, արվեստ, մշակույթ)» մատենաշարով լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, ֆրանսերենից թարգմանել է Սարգիս Դավթյանը: Գիրքն ասպարեզ է եկել գրող, լրագրող Ժան-Ֆիլիպ դը Տոնակի ջանքերով: Հայերեն հրատարակության խմբագիրը Զավեն Բոյաջյանն է, որի առաջարկով էլ հրատարակվել է գիրքը:

 

-Ինչո՞վ էր պայմանավորված ընտրությունը:

 

- Կարիերի եւ Էկոյի զրույցների գիրքը հանրագիտարանային արժեք ունի: Հարկ կլիներ բազմաթիվ աղբյուրներ պրպտել, անհամար որոնումներ անել այն ամենը գտնելու համար, ինչ միատեղված, ամբարված է այս գրքում: Ի վերջո, գրքի հեղինակները խոշորագույն ինտելեկտուալներ են, եվրոպական գրականությանն ու արվեստին, առհասարակ մշակութաբանությանն առնչվող նրանց գիտելիքների վիթխարի պաշարին հաղորդակից դառնալը շատ ուսանելի է եւ կարեւոր: Գրքի ընտրության մյուս ասպեկտն էլ այն է, որ նման տարողունակ, բովանդակալից գրքեր Հայաստանում գրեթե չեն հրատարակվում:

Ումբերտո Էկոն Ումբերտո Էկոն

Լուսանկարը` The Guardian

Ժան-Կլոդ Կարիերը եւ Ումբերտո Էկոն ահռելի էրուդիցիայի տեր մարդիկ են, բայց կարողացել են  հանրամատչելի ձեւով ներկայացնել իրենց տեսակետներն ու համոզմունքները թե՛ անցյալի, թե՛ ներկայի գրականության ու գրահրատարակության, ընդհանրապես մշակույթի մասին, նույնիսկ ապագայի գուշակություններ են արել, եւ այդ ամենը համեմված է անթիվ-անհամար ուշագրավ մանրամասներով ու հետաքրքիր փաստերով:

 

-Գրքի թարգմանության մասին ի՞նչ կասեք:

 

-Թարգմանիչը  հրաշալի ֆրանսերեն եւ հայերեն գիտի: Երբ Սարգիսը ծանոթացավ գրքին, սարսափած էր, որովհետեւ յուրաքանչյուր ընթերցողի, էլ չեմ ասում՝ թարգմանչի համար այս գրքին հանդիպելը նման է անծայրածիր օվկիանոսի ափին հայտնվելուն՝ այն հեռանկարով, որ պիտի այդ ամբողջ օվկիանոսը ճեղքես անցնես մյուս ափին հայտնվելու համար: Արդեն հասկանալի է, որ սա բնավ սովորական գիրք չէ, թարգմանիչը ֆրանսերեն տեքստը հայերենի վերածելու հետ մեկտեղ պետք է զուգահեռաբար ահռելի հետազոտական աշխատանք կատարեր: Ամեն էջում, պարբերության մեջ, գրեթե ամեն տողում հանդիպում են անուններ, իրողություններ, երեւույթներ, հասկացություններ, ֆենոմեններ, փիլիսոփայական, մշակութաբանական ըմբռնումներ, որոնց պետք է կամ ծանոթ լինել կամ ծանոթանալ

Ժան-Կլոդ Կարիերը Ժան-Կլոդ Կարիերը

Լուսանկարը` BALTEL/SIPA

ճիշտ թարգմանելու, հեղինակների ասածը, մտքերը ճշգրտորեն տեղ հասցնելու համար: Կարծում եմ՝ Սարգիսը կարողացել է պատվով դուրս գալ իրեն բաժին ընկած այս ծանր փորձությունից: Գիրքը հաճույքով է կարդացվում եւ օրինակելի հայերենով է:

 

-Կարիերը եւ Էկոն նշում են,  որ համացանցի ի հայտ գալով գիրքը չանհետացավ, ինչպես որ կինոն վերջ չտվեց գեղանկարչությանը, կամ հեռուստատեսությունը` կինոյին: Ավելին, տեխնոլոգիական դարաշրջանը գրքի ընթերցանության այլընտրանքային տեսակներ է առաջարկում, բայց կարծես ընթերցողների թիվը չի ավելանում, այլ պակասում է:

 

- Մենք գրատպության դարաշրջանից, տեղեկատվությունն ընկալելու ավանդական ձեւերի  ժամանակներից տեղափոխվել ենք տեսողական ընկալման դարաշրջան: Այսօրվա աշխարհն ավելի շատ վիզուալ պատկերների աշխարհ է, եւ մենք արդեն ամեն ինչ ավելի շատ ընկալում ենք աչքերով, մանավանդ որ կարդալը որոշակի ջանքեր, հմտություն է պահանջում, որն այսօր շատերը չունեն: Համացանցի երեւան գալով, անշուշտ, մեծ փոփոխություններ են կատարվել, գրականությանն ու գրքերին  հաղորդակցվելու այլ ուղիներ են բացվել: Տեսողական արվեստներն առաջին պլան են մղվել, կինոն, շոու բիզնեսը, մասնավորապես, տեսահոլովակային արտադրությունը իրենց հետ բերել են ընկալման նորօրյա մեխանիզմներ, ամեն ինչ դարձել ավելի դյուրընկալելի ու հեշտ: Բայց, որքան ինձ հայտնի է, դրսի աշխարհում ընթերցողների քանակի աղետալի պակաս չի գրանցվել: Այլապես հսկայական քանակի գրքեր չէին տպագրվի, գրախանութներն էլ հետզհետե կվերանային:

 

 

 

-Իսկ եթե խոսենք Հայաստանի՞ մասին:

 

-Իմ կարծիքով, մեզ մոտ ընթերցողների թիվը երբեք էլ մեծ չի եղել: Ըստ երեւույթին, մենք չենք պատկանում ընթերցասեր ազգերի թվին, այնպես որ  ընթերցողների թիվը մեզ մոտ ոչ պակասել է, ոչ էլ՝ ավելացել: Խորհրդային շրջանում իսկական իրավիճակը սքողված էր, քանի որ այն, ինչ ցուցափեղկում էր, քիչ էր  համապատասխանում կուլիսներում կամ խոհանոցում եղածին:  Այդ ցուցափեղկը վաղուց ջարդվել է եւ այլեւս գոյություն չունի,  կուլիսները կամ խոհանոցն է բացվել, եւ ակնհայտ է դարձել, որ մենք սակավաթիվ ընթերցողների երկիր ենք: Սա, ինչ խոսք, ի թիվս այլեւայլ հանգամանքների, նաեւ որոշակի օբյեկտիվ հանգամանքների բերումով է: Մենք անկախացանք, հայտնվեցինք այլ իրականության մեջ, դժվարություններ ապրեցինք, ներկայում էլ սոցիալական մեծ խնդիրներ ունենք, եւ այդ ամենը, բնականաբար, նպաստավոր չէ ընթերցողների բանակ ձեւավորելու համար, այլ ճիշտ հակառակը:

 

Այսօր շատերը մատնանշում են նաեւ, որ գրքերը թանկ են, անմատչելի, այսինքն` տարբեր պատճառաբանություններ են բերում: Բայց ես համոզված եմ, որ ամենից առաջ պարզապես հետաքրքրություն չկա ընթերցանության նկատմամբ կամ այդ հետաքրքրությունը շատ թույլ է: Սա, անկասկած, մի շարք պատճառներ ունի, որոնցից կարեւորում եմ հատկապես այն իրողությունը, որ, եթե սահմանափակվենք թեկուզ թարգմանական գրականությամբ,  հայերեն արժեքավոր, իսկապես կարեւոր ու հետաքրքիր գրքեր քիչ են  հրատարակվել, իսկ եթե հրատարակվել են, ապա հաճախ՝ շատ թերի թարգմանական որակով եւ բնագրի փոխարեն էլ՝ միջնորդ ռուսերենին ապավինած: Ասել է թե՝ բավականաչափ ուշագրավ առաջարկներ չենք արել պահանջարկ ձեւավորելու համար: Թեեւ պիտի ասեմ, որ վերջին տարիներին իրավիճակը ինչ-որ չափով փոխվել է, ասպարեզ են գալիս ավելի հետաքրքիր գրքեր, ավելի մեծ ծավալով են թարգմանություններ արվում, ավելի որակյալ գրականություն է հրամցվում:

 

-Նաեւ գրքի գովազդ կա:

 

-Այո, որը թույլ, նախնական մակարդակի վրա է: Գիրքը Հայաստանում շատ քիչ է գովազդվում: Իսկ այսօրվա աշխարհում, ինչ ասել կուզի, գովազդն այնպիսի հմտության է հասել, որ բառացիորեն ցանկացած ապրանք հնարավոր է վաճառել:

 

 

- Կարիերի եւ Էկոյի գրքում նշվում է, որ մամուլը ընթերցողներին դեպի գիրքը դարձնելու միջոց է գտել, օրինակ՝ Ումբերտ Էկոյի  «Վարդի անունը» անվճար տրվել է  «Լա Ռեպուբլիկա» թերթի հետ: Արդյունքում մեծ թվով նոր ընթերցողներ են ձեռք բերել: Մեզ մոտ ի՞նչ մեթոդներ, հնարքներ են կիրառվում ընթերցողներ շահելու, նրանց գրքին մոտեցնելու համար:

 

-«Լա Ռեպուբլիկա»-ի օրինակը տիպական է, բայց մեզ մոտ այդ հնարքը հազիվ թե գործի, բնակչության չնչին տոկոսն է մամուլ կարդում: Գրավաճառության ճկուն ու ժամանակակից մեխանիզմներ էլ չկան: Ամեն ինչ մինչեւ օրս ընթանում է խորհրդային տարիների իներցիայով: Մինչդեռ հրատարակիչը պիտի ընդառաջող քայլեր անի ընթերցող շահելու համար:

 

Եթե հստակորեն մշակված մարքեթինգային քայլեր կատարվեն, որոնք հիմնված լինեն շուկայի պահանջարկի եւ առանձնահատկությունների ուսումնասիրության վրա, կարծում եմ՝ անպայման արդյունքներ կլինեն: Իսկ Հայաստանում ամեն ինչ շատ տարերային բնույթ ունի: Դրա համար էլ լավ գրքերը կարող են տարիներով մնալ գրախանութներում: Տարրական մի բան. երբ մտնում ես երեւանյան գրախանութներ, թվում է՝ Ռուսաստանում ես:  Գրեթե ամենուրեք ռուսերեն գրքեր են` շահեկանորեն ցուցադրված, իսկ հայերեն գրքերը, չնչին բացառությամբ, աղքատ ազգականների պես պատսպարված են աչքից ընկած ու աննկատ տեղերում, ուշադրություն չեն գրավում, ուզենաս էլ, չես տեսնի: Մեր գրախանութները հատկապես հայալեզու գրականության առումով ավելի շատ գրապահեստների են նման:

 

-Ավելի հաճախ խոսվում է ընթերցանության պակասի մասին, բայց Կարիերի եւ Էկոյի գրքում քննարկվում է նաեւ բոլորովին հակառակ մի երեւույթ: Խոսքը ընթերցանությունից առաջացած կախվածության մասին է: Հանդիպե՞լ եք ընթերցամոլների:

 

-Այո, իմ ընկերների մեջ կան մարդիկ, որոնք գրեթե ամեն օր գիրք են գնում, գրքերի հանդեպ պաշտամունքով ու երկյուղածությամբ լի վերաբերմունք ունեն եւ իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են կարդալուն: Դա եւ՛ ողջունելի է, եւ՛ ոչ: Կախվածության ցանկացած տեսակ մարդուն գերության մեջ է պահում:

Զավեն Բոյաջյանը Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

-Կարիերի եւ Էկոյի գրքում մի այսպիսի հետաքրքիր հարց է բարձրացվում. եթե գիրքն իսկապես անհետանա, նույն հետեւանքները կունենա, ինչ ջրի պաշարների նախատեսվող նվազո՞ւմը:

 

-Եթե իմ կարծիքն եք հարցնում, գիրքը մարդկային քաղաքակրթության հենասյուներից մեկն է, եւ ես համոզված  եմ, որ երբեք չի անհետանա: Ինձ համար դա նույն է, թե ասեն` հնարավո՞ր է, որ գիրն անհետանա: Ինչպես Էկոն եւ Կարիերն են շեշտում, ինֆորմացիան պահելու, փոխանցելու ամենահին միջոցը, ըստ էության, տպագիր գիրքն է: Հիմա տեսակ-տեսակ կրիչներ կան, բայց դրանք հարափոփոխ են, իսկ գիրքը՝ մնայուն եւ ամենավստահելին: Անձամբ ինձ համար գիրքը մարդկության ամենամեծ նվաճումն է:

 

-Անհայտ գլուխգործոց հայտնաբերելու հնարավորության մասին խոսելիս Ումբերտո Էկոն նկատում է, թե դա բավականաչափ ընթերցումներ ու մեկնաբանություններ չի ունեցել:  Ժան-Կլոդ Կարիերի բնորոշմամբ` գլուխգործոցներ չեն ծնվում, դառնում են: Հարց է առաջանում. մեզ մոտ գոյություն ունեցող ընթերցանության պակասից  տուժում է նաեւ գրականությո՞ւնը:

 

-Անկասկած, դա երկուստեք կապ է: Լավ ընթերցողի սպասելիքներն ավելի մեծ են, ինչը գրողին ստիպում է ավելի բարձրորակ գրականություն առաջարկել այդ ընթերցողի պահանջները գոհացնելու համար: Ես առնչվում եմ «Անտարեսի» «Արձակ» մրցույթին որպես ժյուրիի անդամ: Երբ ծանոթանում եմ մասնակիցների գրական գործերին, առաջին հերթին նկատում եմ, որ նրանց մեծամասնությունը կարդալու կարիք ունի: Աշխարհը հասել է 21-րդ դար, իսկ մենք մնացել են 19-րդ դարի գրականության բովանդակային ու ոճական շրջանակներում, ավանդական տրաֆարետներին գերի, ինչն անխուսափելիորեն գավառական դրոշմ է բերում: Սա նշանակում է նաեւ, որ մենք ընթերցող չենք հասունացրել: Էլի ուշ չէ, ուղղակի մեծ ու տքնաջան աշխատանք է պահանջվում, որը պետք է սկսվի ընտանիքից, մանկապարտեզից ու դպրոցից, որովհետեւ, եթե մարդը 20-25 տարի գիրք չի կարդացել, հավանականությունը քիչ է, որ հետագա կյանքում կսկսի կարդալ: Իսկ չկարդացող մարդը մեծ հաշվով կորուսյալ մարդ է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին