Իրական եւ հորինված աշխարհների բախումը`«Կես վատ» վեպում - Mediamax.am

exclusive
1829 դիտում

Իրական եւ հորինված աշխարհների բախումը`«Կես վատ» վեպում


Լուսանկարը`


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել բրիտանացի գրող Սալլի Գրինի «Կես վատ» (Half Bad) վեպը` Աստղիկ Աթաբեկյանի թարգմանությամբ:

 

«Կես վատը»  հեղինակի եռագրության առաջին մասն է եւ թարգմանվել է 20-ից ավելի լեզուներով: «Անտարեսը» հրատարակության է պատրաստում նաեւ եռագրության երկրորդ մասը, որի բնագրի շնորհանդեսը տեղի է ունեցել ս.թ մարտին:

 

Մեր զրուցակիցը Աստղիկ Աթաբեկյանն է:

 

-Ըստ Ձեզ` ո՞րն է «Կես վատ»-ի հաջողության գաղտնիքը: Նմանատիպ պատմությունները, երբ էկրան են բարձրանում, մեծ լսարան եմ ապահովում, եւ ավելի ընկալելի են: Գրականության պարագայում` դրանք պահանջվա՞ծ են:

 

- Ֆենթըզին հիմա շատ արդիական է եւ ընթերցվող: Այս ժանրի ստեղծագործություններում որպես հիմնական տարրեր օգտագործվում են գերբնական երեւույթներ, մոգական էլեմենտներ եւ այլն։ Այո, նմանատիպ սյուժեների հիման վրա նկարահանվում են ֆիլմեր եւ հաջողության են հասնում։ Ի դեպ, «Կես վատ» գրքի հիման վրա նույնպես ֆիլմ է նկարահանվել։ Կարծում եմ՝ ամեն ժանր էլ իր ընթերցողն ունի, հետեւաբար կա նաեւ ֆանտաստիկ գրականության պահանջարկ:

 

Վեպի հերոսի կերպարը, նրա օտարումը իրեն շրջապատող աշխարհից, մտածողությունը, հույզերն ու ապրումները, որ միահյուսված են ռեալ իրականության եւ թվացյալ, երեւակայական իրականության թելերով, կգրավի հատկապես պատանի ընթերցողին:

 

-Ռեյ Բրեդբերին ասում է` Ֆանտաստիկ գրականությունը գաղափարների գրականություն է: Այս վեպի պարագայում կարո՞ղ ենք նույնն ասել:

 

-«Կես վատի» հիմնական գաղափարը հենց իրական եւ հորինված աշխարհների բախումն է` հերոսի մտածողության շրջանակներում, չարի եւ բարու հավերժական պատերազմը: Նաթանը ի սկզբանե մերժված, անցանկալի երեխա է, երկու տարբեր բեւեռների միախառնում։ Բացի դրանից՝ անցումային տարիքում գտնվող դեռահաս՝ դրանից բխող բոլոր օբյեկտիվ հանգամանքներով:

 

-Կես վատը մարդ արարածի՞ էությունն է:

 

-Վեպում կես վատը վերաբերում է հերոսի խառնածին լինելուն: Նա սպիտակ եւ սեւ վհուկների որդի է։ Կես սեւ է եւ կես սպիտակ։ Իսկ վեպից դուրս՝ մարդու էությունն է, սեւ/սպիտակ, չար/բարի հակադրությունը։

 

- Իսկ գուցե վեպին կարելի է նայել ուղիղ`իբրեւ վհուկների՞ պատմության:

 

- Ես շատ  եմ մտածել այդ հարցի շուրջ:  Ի վերջո (քանի որ եռագրության երկրորդ մասին էլ եմ ծանոթ) եկել եմ այն համոզման, որ այստեղ հեղինակը ընտրության միտքն է առաջ քաշում: Գերբնական ունակություններով օժտված անձնավորությունն ինքն է ընտրում` լինել սե՞ւ, թե՞ սպիտակ վհուկ:

 

-Գրքի բնաբանում ասվում է ` «…որովհետեւ աշխարհում ոչ լավ կա, ոչ վատ, մեր մտքին է այդպես թվում» ( Համլետ, Ուիլյամ Շեքսպիր):

 

-Հենց այդպես է՝ ինչպե՞ս կընկալես իրականությունը, ո՞ր տեսանկյունից, ի՞նչ կքաղես տվյալ իրադրությունից՝ ազա՞տ ես, թե՞ ձեռնաշղթաներով, ի՞նչ ճանապարհ կընտրես, կմատնե՞ս հարազատիդ հանուն փառքի եւ ճանաչման ` քո ընտրությունն է, եւ դու ես քաղելու նրա պտուղները:

 

- Ինչպիսի՞ն էր թարգմանության ընթացքը:

 

-Կարդացել եմ հարցազրույցները, որտեղ Սալլի Գրինը  ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է գրքի ստեղծումը՝ մտահղացումից մինչեւ կերպարների անունների ընտրություն, ինչն ինձ օգնել է թարգմանության ընթացքում։ Մինչ թարգմանությունը մանրամասն ուսումնասիրել եմ Սալլի Գրինի գրելաոճը՝ կարճ նախադասություններ, վրձնահարվածի պես հապճեպ նկարագրություններ, ներկա-անցյալ կտրուկ անցումներ։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին