Չար-հանճարը` Դեն Բրաունի հերթական թրիլերում - Mediamax.am

exclusive
2856 դիտում

Չար-հանճարը` Դեն Բրաունի հերթական թրիլերում


Լուսանկարը`


«Առեղծվածային հանելուկներով լեցուն գիրք. առաջին իսկ տողից Դեն Բրաունը անասելի թափով սկսում է մի վտանգավոր ոլորապտույտ, որը մինչեւ վեջին տողը ստիպում է շունչը պահած ընթերցել»,- գրել է «Նյու Յուրք Թայմսը»  «Ինֆեռնո» գրքի մասին:

 

«Ինֆեռնոն»  արդեն հայ ընթերցողի սեղանին է: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը` Վահե Արսենի  թարգմանությամբ:

 

««Ինֆեռնոն» դետեկտիվ-միստիկ թրիլեր է, որտեղ հեղինակն անդրադառնում է  կարեւորագույն մի խնդրի` մոլորակի գերբնակեցմանը: Վեպի գլխավոր հերոսներից մեկն անվանի եւ հանճարեղ գիտնական է, սակայն ունենալով չափազանց կտրուկ եւ հեղափոխական մոտեցումներ շատերի կողմից հայտարարվել է խելագար եւ մերժվել դասական գիտության կողմից: Սակայն հենց նրա հայտնագործությունն է, որ համեմված լինելով դանտեական դժոխքի խորհրդանշապաշտությամբ, տրամագծորեն փոխելու մարդկության պատմության ընթացքը» ,- մեզ հետ զրույցում ասաց Վահե Արսենը, նշելով, որ չնայած նրան, որ վեպը ֆանտաստիկ տարրեր է պարունակում, այնուամենայնիվ տրամաբանական շղթան մինչեւ վերջ պահպանված է, իսկ չար-հանճարի հեղափոխական հայտնագործությունը` գիտականորեն հիմնավորված:

 

 

Ինչպես գրքում է նշվում` անունները, կերպարները, կազմակերպությունները, տեղանքները, գործողություններն ու դեպքերը հեղինակի երեւակայության արդյունք են: Իրական մարդկանց` ողջ կամ մահացած, ինչպես նաեւ դեպքերի կամ տեղանքի հետ ցանկացած համընկնում զուգադիպություն է: Բայց մյուս կողմից` վեպում տեղ գտած կերպարվեստի գործերը, նաեւ գրական, գիտական եւ պատմական բոլոր ստեղծագործությունները, որոնցից արված են մեջբերումներ, իրական են:

 

Վեպի բնաբանը Դանտե Ալիգիերիի հայտնի տողերն են. «Դժոխքի ամենախավար տեղականքները նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին»:

 

Թարգմանիչը նկատեց, որ վեպում Դանտեի տողերը երբեմն ձեւափոխվել են, ինչի մասին ընթերցողը կտեղեկանա հղումների օգնությամբ: Այն ծածկագիրը, որ մինչ վեպի հանգուցալուծումը փորձելու են բանալ վեպի գլխավոր հերոս Ռոբերտ Լենգդոնը եւ նրա ուղեկցորդուհին, կառուցված է Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» առաջին մասի` Դժոխքի խորհրդանիշների եւ տողերի հիման վրա: «Ինֆեռնոն» նաեւ այլաբանություն է. եթե բնակչությունը այս օրվա պես շարունակի աճել երկրաչափական պրոգրեսիայով աճի, կյանքը երկրի վրա մի իրական դժոխքի կվերածվի:

 

Դեն Բրաունի հերոսին` Ռոբերտ Լենգդոնին ընթերցողը հանդիպում է նաեւ «Կորսված խորհրդանիշը», «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ եւ դեւեր» վեպերում:

 

Ամերիկացի գրողի հերթական թրիլերն ընկալելու համար նախորդ գրքերին ծանոթ լինելը անպայման չէ:

 

Վահե Արսենը

 

«Դրանք լիովին տարբեր ստեղծագործություններ են, տրամաբանական, սյուժետային որեւէ կապ չկա, բացի շրջիկ կերպար` պրոֆեսորի Լենգդոնից, ով ազնիվ, շիտակ մարդ է եւ փորձում է հնարավոր բոլոր միջոցներով դիմակայել չարին»,- ասաց Վահե Արսենը, նշելով, որ «Ինֆեռնոյում» լուծումները նախորդ վեպերի համեմատ քիչ այլ են, ինչն էլ ավելի մեծ անակնկալի է բերելու ընթերցողին: Ուշադիր ընթերցողը կտեսնի, որ վեպում նշվում է նաեւ Հայաստան անունը, այն էլ չափազանց խորհրդանշական ձեւով:

 

Խոսելով թարգմանական դժվարությունների մասին Վահե Արսենն ասաց, որ «Ինֆեռնոն» գրելու համար գրողը շրջել է Իտալիայում, ուսումնասիրել ամեն տաճարը, քարը, զարդանաշախը, ինչը վեպը դարձել է հետաքրքիր ու զարմանահրաշ, սակայն միեւնույն ժամանակ թարգմանչի աշխատանքը վերածել է մի իրական դժոխքի: Պատճառը հիմնականում ոչ թե հեղինակի լեզվական առանձնահատկություններն ու բարդ կառույցներն են, այլ տեղանունների եւ ճարտարապետական զանազան կառույցների եւ դրանց մասնիկների մանրամասն տեխնիկական նկարագրությունները, դրան գումարած նաեւ տարատեսակ գիտություններին, փիլիսոփայություններին եւ գեղարվեստական ստեղծագործություններին առնչվող գաղտնագրերն ու երկիմաստությունները. «Բառեր կային, որ հայերենում երբեւէ չեն գործածվել, դրա կարիքը չի եղել, ու հիմա բառ ես հորինում: Փորձում ես լավագույն տարբերակը գտնել, որ օտարահունչ չլինի թարգմանածդ, եւ միեւնույն ժամանակ նաեւ զավեշտի չվերածվի»,- ասաց Վահե Արսենը: Թարգմանության ընթացքում նա խորհրդակցել է իտալացի ընկերների հետ, հետազոտական բարդ աշխատանք է կատարել, որ ճշգրիտ փոխանցի հեղինակի խոսքն ու թարգմանելիս կորուստը հնարավորինս քիչ լինի:

 

Արմինե Սարգսյան

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին