«Կեցության անտանելի թեթեւությունը» կամ ծուղակների բացատը - Mediamax.am

exclusive
7669 դիտում

«Կեցության անտանելի թեթեւությունը» կամ ծուղակների բացատը


Միլան Կունդերան
Միլան Կունդերան

Լուսանկարը` Catherine Helie/Gallimard/Harper


«Անտարես» հրատարակչությունը «Օտար գիր» մատենաշարով լույս է ընծայել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունը» հանրահայտ վեպը:

 

Ֆրանսերենից թարգմանությունը Շուշանիկ Թամրազյանինն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Միլան Կունդերան հայաստանյան մամուլում հատվածաբար ներկայացվել է, սակայն ամբողջական գրքով հրատարակվել է առաջին անգամ:

 

-Ինչո՞վ է պայմանավորված վեպի ընտրությունը:

 

- Իրականում ես չեմ ընտրել, ինձ առաջարկեցին թարգմանել: «Կեցության անտանելի թեթեւությունը» կարդացել էի 90-ականների ավարտին` ֆրանսերեն եւ հենց Ֆրանսիայում: Երբ երիտասարդ տարիքում կարդում ես Կունդերայի գործերը, հատկապես՝ «Կեցության անտանելի թեթեւությանը», քեզ զգում ես լրիվ ազատ մի տիրույթում, որտեղ մի շարք դռներ են բացվում քո առջեւ, եւ ամենակարեւորը՝ այդ խորհրդածությունների մեջ պարտադրող ոչինչ չկա: Անցան տարիներ, եւ երբ 2014-ին «Անտարեսն» առաջարկեց այն թարգմանել, շատ զարմացա: Ասես պատահականությունների հետաքրքիր մի շղթա իմաստ էր ստանում:

 

-«Կեցության անտանելի թեթեւությունը» համարվում է Կունդերայի ամենահայտնի վեպը: Ինչո՞վ է պայմանավորված հայտնիությունը, առհասարակ, ինչո՞վ է առանձնանում գիրքը:

 

- Ըստ իս, շատ կարեւոր է եղել վեպի էկրանավորումը, Ֆիլիպ Կաուֆմանի երկար ֆիլմը (1988), որ բավական հարազատ է մնում ստեղծագործությանը: Ֆիլմում ինձ համար անմոռանալի է Թերեզայի դերը մարմնավորող Ժուլիետ Բինոշի ներկայությունը:

 

Լուսանկարը՝ Անտարես

 

Կարծում եմ՝ շատ ընթերցողների համար «Կեցության անտանելի թեթեւությունը» անմիջապես կապվում է երիտասարդ Ժուլիետ Բինոշի այնքան փխրուն, զգայուն դեմքի ու կենսաթրթիռ դիմախաղի հետ: Որոշ հատվածների թարգմանության ժամանակ իմ ուղենիշը Ժուլիետ Բինոշի դեմքն էր: Ինքս ինձ ասում էի, որ տեքստը կապրի հայերեն միայն այն ժամանակ, երբ հայերեն տարբերակի ֆրազներում թրթռա, գոնե՝ ինձ համար, Բինոշի անկրկնելի դիմագիծը:

 

Մի ուրիշ հանգամանք. գիրքն ակնհայտորեն հղացված է որպես բեսթսելլեր: Այն լույս է տեսնում 1984-ին, Կունդերան արդեն ինը տարի բնակվում է Ֆրանսիայում եւ գիտի, որ գրողի իր ինքնությունն այլեւս շարունակվելու է Ֆրանսիայում եւ ֆրանսերեն: Նա փնտրում է ընթերցողի շատ ավելի լայն զանգվածներ նվաճելու բանաձեւը: Հերոսների կյանքի պատմությունից զատ, որ կարդում ես կլանված, մի շնչով, վեպում տեղ են գտել Չեխիայի ճակատագրի հետ առնչվող պատմական-քաղաքական իրողություններ, որ չեն կարող չհետաքրքրել արեւմտյան ընթերցողին, մանավանդ երբ դրանք պատկերված են վկայագրի հայացքով:

 

-Կունդերան ծնվել է 1929-ին Չեխոսլովակիայում, 1975-ից տեղափոխվել է Ֆրանսիա: Ինքն իրեն համարում է ֆ7րանսիացի գրող եւ պնդում, որ իր աշխատանքը պետք է ուսումնասիրվի որպես ֆրանսիական գրականության մաս: Ավելին` նրա բոլոր գրքերի ֆրանսերեն տարբերակները, այդ թվում`«Կեցության անտանելի թեթեւության», համարվում են բնօրինակներ, թեեւ սկզբնական շրջանում չեխերեն է գրել: Ինչո՞վ եք բացատրում այս մոտեցումը:

 

- Վստահ չեմ, որ ինձ վերապահված է դրա մասին դիտարկումներ անելու իրավունքը: Բայց ասեմ, որ միայն Միլան Կունդերայի երկերի առաջին ֆրանսերեն թարգմանություններում կարող եք հանդիպել հետեւյալ հիշեցմանը. «Այս թարգմանությունը բնագրի համարժեքն է»: Կունդերան ոչ միայն համագործակցում էր իր թարգմանիչների հետ, այլեւ հիանալիորեն տիրապետելով ֆրանսերենին՝ ջանում էր վերահսկել թարգմանական ողջ գործընթացը: Կարելի է ասել՝ նա թարգմանում, վերաթարգմանում էր իր ստեղծագործությունը՝ ֆրանսիացի թարգմանչին հավասար, վերստեղծում նոր տարբերակը, մինչեւ սկսեր գրել ֆրանսերեն, եւ ֆրանսերենը դառնար գրողի երկրորդ, գուցե եւ՝ առաջին «ես»-ը:

 

Սեփական փորձով գիտեմ, որ օտար լեզվով գրելը, կյանքում թեկուզ մեկ անգամ մայրենի լեզվի սահմանից անդին հայտնվելը չի կարող չվերափոխել մեր հարաբերությունը լեզվի հետ, առհասարակ լեզվական արարի մեր ընկալումը:

Ինչեւէ, բնագիրը մնում է թարգմանչի մտասեւեռումը: Եվ այս դեպքում ինձ հանգիստ չէր տալիս չեխերեն բնագրի միտքը՝ իր ուրույն շարահյուսական կառույցներով, ռիթմականությամբ, որոնք գուցե ամբողջությամբ չեն փոխանցվել ֆրանսերեն տարբերակում. այդ մասին գրեցի նույնիսկ հեղինակին: 

 

- Նրա գրքերը Չեխոսլովակիայում արգելված են եղել մինչեւ կոմունիստական ռեժիմի տապալումը: «Կեցության անտանելի թեթեւությունը» քաղաքական մեկնաբանություններից զերծ չէ, թեեւ քաղաքական չես համարի այն: Կունդերան ինքը պնդել է, որ վիպասան է, ոչ թե քաղաքական գրող։ Վեպի ժանրային առանձնահատկության մասին ի՞նչ կասեք:

 

- Ես կասեմ մի բան, որ գուցե կզայրացներ հեղինակին: Իհարկե, քաղաքական վեպ չէ, բայց վիպասան լինելուց առաջ Կունդերան ինձ համար մեծ էսսեիստ է, մտածող: Նրա գեղարվեստական վեպերն առաջին հերթին մտքի արտադրանք են, երբեք զգացումը, ներընկալումը (ինտուիցիան) չեն ճեղքում մտակաղապարները: Այս վեպը ես ընթերցում եմ՝ որպես մտքի վիրտուոզ հղացք, ծավալուն խոհագրություն, որ Կունդերային լավագույնս հաջողվել է կառուցել, կազմակերպել, արտահայտել իր հերոսների շուրթերով:  Հերոսները ծնվում են հեղինակի այս կամ այն գաղափարը ներկայացնելու, արտահայտելու առաջնային մղումից: Ի դեպ՝ ժանրային առումով Կունդերան համարվում է թեզ առաջարկող վեպի հեղինակներից մեկը եւ ունի իր հետեւորդները:

 

Միլան Կունդերան

Լուսանկարը՝ Catherine Helie/Gallimard/Harper

 

Եվս մի բան. սա քաղաքական վեպ չէ, բայց զարմանալիորեն քաղաքական իրողություններ արծարծող դրվագները` Պրահայի գարունը, խորհրդայնացված Բոհեմիան (եւ այնքան զայրույթ, ընդվզում կա «Բոհեմիա» անվան մեջ, որ Կունդերան օգտագործում է «Չեխիայի» փոխարեն), Դուբչեկի ողբերգական կերպարը, մի ողջ երկրի դանդաղ եւ տանջալից փոխակերպումը, որ այլեւս դատապարտված է կակազելու, վեպի ամենաուժեղ հատվածներն են: Ինչու՞. հավանաբար որովհետեւ դրանց մեջ կա մի բան, որ միայն հեղինակը կարող էր ասել: Եվ ասել այդպես՝ այդ հայացքով:

 

- Մենք հաճախ ենք անցյալը հետ բերելու, ամեն ինչ նորից սկսելու ցանկություն  ունենում` անտեսելով այն հանգամանքը, որ կարող ենք կրկնել միեւնույն սխալները, ապրել նույն կյանքը: Կունդերան նկատում է, որ ինչ-որ բան փոխելու համար պետք է երկրորդ, երրորդ կյանք ունենաս, եւ նախկին կյանքերի փորձը: Այս բանաձեւը հաճախ է հանդիպում գրքում, եթե չասենք առանցքային է:

 

- Այո, հենց այդ գաղափարի հիման վրա Կունդերան ստեղծում է իր խորհրդածությունը մարդու ճակատագրի «անտանելի թեթեւության» շուրջ, թեթեւություն, որ ունի իր ուրախալի կողմերը, որովհետեւ ազատագրում է ամեն մի «առաքելությունից» (սա Կունդերայի բառն է), ամեն մի պատասխանատվությունից: Բայց այդ թեթեւության մեջ նաեւ ժամանակակից մարդու ողբերգությունն է: Քանի որ մեզ տրված չէ մի երկրորդ կյանքում ստուգել մեր արարքների, որոշումների ճշմարտությունը, մեր բոլոր վճիռները մնում են ճշմարտության «վարկածներ», եւ նույնիսկ կարելի է եզրակացնել, որ բոլոր վճիռներն էլ համարժեք են: Ողջ պատմությունը «մի էսքիզ է, որ գծվել է մարդկության ճակատագրական անփորձության ձեռքով»,-ասում է հեղինակը:

 

-Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին:

 

- Հեշտ չէր: Կունդերան խոսում է ժամանակակից մարդու ճակատագրի մասին: Նրա հերոսները պտտվում են մի փակ աշխարհում, որ վերածվել է «ծուղակի» (հեղինակի բառը): Եվ ինչպիսին էլ լինի նրանց կատարած ընտրությունը, նրանք խարխափում են անվերջանալի երկվությունների լաբիրինթոսում, որտեղ գոյություն չունի ոչ մի ելք: Ճիչը չկա: Իսկ ճիչը թռիչքին հավասարազոր բան է, գուցե եւ՝ ձախողված, տապալված, բայց միեւնույն է, թռիչք է: Օրինակ, Կաֆկայի՝ անհուսությամբ շնչող վեպերում կա հուսահատության վերին մի սահման, որտեղ հանկարծ հնչում է ճիչը. Ժոզեֆ Կ.-ն մեռնում է «շան նման», «Կերպարանափոխության» հերոսը վեր է ածվում միջատի, ոչ թե երազում, այլ՝ արթմնի, եւ ընթերցողին է վերապահված որոշել՝ դա գլխավոր հերոսի մղձավա՞նջն է, թե՞ ֆանտաստիկ մի արկած, բայց մի պահ պատումի թաղանթը պատռվում է: Կունդերայի մոտ սա բացակայում է: Հերոսներն անելանելիորեն պտտվում են իրենց ճզմող համակարգում: Եվ վեպն էլ առաջ է ընթանում՝ կառուցիկ, համակարգված, չկա ելքի, պատռվածքի որեւէ հույս, հնարավորություն: Այս առումով՝ ինձնից ներքին մեծ լարում էր պահանջում ամենօրյա այս շփումը: 

 

Շուշանիկ Թամրազյանը

Լուսանկարը՝ Inknagir.org

 

Բայց Կունդերայի մոտ կա նաեւ մի բան, որ ինձ շատ է հուզում, եւ թարգմանելիս դա շատ կարեւոր էր. ծիծաղը: Երբեմն այն նուրբ է, հեգնական, երբեմն՝ հուսահատ, զայրագին, բայց երբեք չի լռում՝ պատումի մշտարթուն, սթափ ու անողոք զարկերակի պես: Թարգմանում ես ու գիտես, որ ինչ-որ պահի կպայթի, կպոռթկա, ու դա կդրսեւորվի մի բառով, մի պատկերով կամ համեմատությամբ: Փոխադրելիս այս դեպքում դա պետք է արվի շատ նրբորեն, որեւէ ավելորդ շեշտադրում, եւ պատկերը կվերածվի գրոտեսկի: Ես հաճախ թարգմանչին անհրաժեշտ զգոնությունը համեմատում եմ լարախաղացի փխրուն, բայց այնքան իրական հավասարակշռության հետ. անսայթաք ինտուիցիայով, ներքին մի տեսողությամբ պետք է չկորցնես բարակ այդ գիծը՝ առջեւում: Այս դեպքում բավական դժվար էր լինել այդ լարախաղացը 350 էջ անընդմեջ:

 

Ցանկացած տեքստ ունի իր յուրահատուկ մեղեդայնությունը, իր նյարդը: Եվ շատ կարեւոր է այն որսալ: Կունդերան գրում է չափազանց նրբագեղ, բայց չոր լեզվով: Ֆրազները հատու են, լակոնիկ. իսկապես դժվար էր գտնել այդ նյարդը: Ինձ համար էական այդ փուլում ես աշխատում եմ բարձրաձայն, ընթերցում մի քանի անգամ՝ երբեմն փոխելով ընդամենը որեւէ բառի կամ ստորակետի տեղը, մինչեւ զգամ, որ ստացվեց, կայացավ միջակայքը՝ բնագրի եւ հայերենի միջեւ:

 

- Իսկ ի՞նչ է տալիս այս գիրքն ընթերցողին:

 

- Դժվար է այս հարցին պատասխանել մի քանի բառով: Բայց  ասեմ, որ Կունդերայի ողջ ստեղծագործությունը դիմադրություն է պարզեցումներին: Երբ մարդուն զրկում ես իր երկվություններից, հակասական, իրարամերժ մղումներից, նա վեր է ածվում բանաձեւի, հետո՝ մեքենայի, իսկ կյանքը՝ համակարգի: Պարզեցումների այդ դաշտն իր բնույթով խորապես ապամարդկային է, եւ սրա գիտակցման անհրաժեշտությունն այսօր էլ մնում է արդիական:  

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին