«Մարսյան քրոնիկոն»-ի «Երկրային» խնդիրները - Mediamax.am

exclusive
3920 դիտում

«Մարսյան քրոնիկոն»-ի «Երկրային» խնդիրները


Արմեն Մարտիրոսյանը
Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

Զավեն Բոյաջյանը
Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել  Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոն» («The Martian chronicles») վեպը` Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ: «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձեւացող պատմվածաշար», 20-րդ դարի լավագույն գրքերից մեկի համարումն ունի:

 

«Ռեյ Բրեդբըրին անվերապահորեն ֆանտաստիկ կամ գիտաֆանտաստիկ ժանրի երեւելի դեմքերից մեկն է: Ե'ւ ընթերցողների, ե'ւ գրականագետների գիտակցության մեջ նրա անունն ամենից առաջ առնչվում է հենց ֆանտաստիկ ժանրին: Բայց  ովքեր ավելի խորությամբ են ճանաչում Բրեդբըրիի ստեղծագործությունը, գիտեն, որ դա ե՛ւ այդպես է, ե՛ւ այդպես չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Զավեն Բոյաջյանը:

 

Նա ասում է, որ «Մարսյան քրոնիկոնը» իր ձեւով, նյութով, թեմատիկայով առնչվում է գիտաֆանտաստիկ կամ ֆանտաստիկ ժանրին, բայց որպես գրական գործ՝ անհամեմատ ավելի տարողունակ է ու ընդգրկուն: Թարգմանչի բնորոշմամբ` Բրեդբըրին բովանդակային, փիլիսոփայական մեծ խորք ունի եւ բուն իմաստով «երկրային» հեղինակ է, եթե նույնիսկ խոսում է Մարս մոլորակի մասին, միեւնույն է, ավելի շատ երկրային խնդիրներ է արծարծում:

 

«Մարսն այստեղ ավելի շատ «աշխարհագրական» հասկացություն է, տիեզերական գոտի:  Մարսեցիները՝ որպես ֆանտաստիկ արարածներ,  մի կողմից անհասկանալի են մեզ համար, մյուս կողմից էլ` շատ հասկանալի: Հայտնի է, որ թարգմանությունն ընթերցանության ամենադանդաղ ձեւն է, թարգմանելիս ես շարունակ հաշիվ էի տալիս ինձ, որ անհնար է «Մարսյան քրոնիկոնը»  տեղադրել մի ժանրի շրջանակում,  մանավանդ որ, ինչպես նշեցի, վեպը  միայն ձեւով ու թեմայով է ֆանտաստիկ կամ գիտաֆանտաստիկ», - պատմել է թարգմանիչը:

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

Խոսելով Բրեդբըրիի ստեղծագործության ամենաընդգծված հատկանիշի`  բանաստեղծականության մասին, Զավեն Բոյաջյանը նշեց, որ դա նկատելի է

գրքի հենց առաջին տողերից: Շարունակ հանդիպում ես միանգամայն անսպասելի զուգահեռների, շատ ինքնօրինակ մտածողության, անակնկալ համեմատությունների, որոնք սովորաբար լինում են պոետների գործերում: Դրա համար էլ «ասես», «ինչպես», «կարծես», «նման», «պես»  բառերը օգտագործված են անթիվ- անհամար անգամ,  Բրեդբըրիի համար դրանք փաստորեն ամենագործածականն են:

 

Զավեն Բոյաջյանը հավելեց, որ գրողի բանաստեղծական արձակը, յուրահատուկ  անգլերենը թարգմանության առումով դժվար վերարտադրելի են, բայց ջանացել է ամեն կերպ հավատարիմ մնալ հեղինակին. «Ես ծանոթ էի Բրեդբըրիի վեպի ռուսերեն թարգմանությանը, եւ գործը ստանձնելիս մտածում էի, որ բարդ չի լինի: Ռուսերեն տեքստը հարթ է, հեշտ ընթերցելի, բայց դա հաջողվել է Բրեդբըրիին համահարթելու, սղալելու գնով,  ինչը լիովին անընդունելի է ինձ համար: Ես չէի ուզում ստանալ  հայկական Բրեդբըրի, ես ուզում էի ստանալ Բրեդբըրի` հայերեն: Թարգմանությունը ձեռնարկելով՝ հասկացա, որ շատ սիրուն, նրբագեղ տեքստ կստացվի, որովհետեւ հայերենը, գոնե ինձ համար, պոետիզմը վերարտադրելու ունակ, ճկուն լեզու է, եւ մեր մտածողությունն էլ առհասարակ ավելի շատ պոետիկ է, քան պրոզայիկ: Որպես թարգմանիչ ստացված արդյունքից գոհ եմ»:

Զավեն Բոյաջյանը Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Թարգմանիչը խոսեց նաեւ մեկ այլ ուշագրավ ֆենոմենի ` Սարոյանի ազդեցության մասին, որը նկատելի չէ ռուսերեն թարգմանության մեջ:

 

«Ամերիկացի քննադատներից մեկը կարծիք է հայտնել, որ եթե Բրեդբըրին ազատվի Հեմինգուեյի եւ Սարոյանի ազդեցությունից, շատ ավելի ուշագրավ գրող կլինի: Ես կարծում եմ` Հեմինգուեյի ազդեցությունից նրան, թերևս, հաջողվել է ազատվել, բայց Սարոյանի ազդեցությունից` հազիվ թե. խորունկ մարդկայնությունը, հումորի զգացումը, պոետիզմը, աշխարհազգացողությունը, մի խոսքով, սարոյանական շունչը անընդհատ թեւածում է նրա գործերում, եւ ըստ իս՝ Բրեդբըրին այս առումով  հատկապես ավելի հետաքրքիր է ու ընկալելի մեզ: Սա շատ հաճելի հանգամանք էր ինձ համար, որն էական դեր խաղաց թարգմանելիս հեղինակի հետ հարազատանալու իմաստով, մի բան, որ կարեւոր է առավելագույն արդյունքի հասնելու համար: Միանշանակորեն նախքան թարգմանելն ավելի զուսպ վերաբերմունք ունեի Բրեդբըրիի նկատմամբ, քան հիմա»:

 

Մեծ գրողի հատկանիշներից մեկն էլ մարգարեական ձիրքն է: Գրքում ներկայացված շատ իրողություններ ուղիղ աղերսներ ունեն այսօրվա հետ: Զավեն Բոյաջյանի այս դիտարկմանն անդրադարձավ նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ այն, ինչ պատկերված է գրքում, իրականություն է դառնում, եւ այսօր առավել եւս հետաքրքիր է գիրքն ընթերցել:

 

Թարգմանության առիթով նա կարծիք հայտնեց, որ այսուհետ Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը» հայ գրականություն է, ինչպես Մասեհյանի «Համլետն» է հայ գրականություն:

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Պահանջվա՞ծ է այսօր ֆանտաստիկ գրականությունը» հարցին ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ գրականությունն այսօր առհասարակ պահանջված չէ: Գրաշուկայում ունեն 700 անուն գիրք, տարվա ընթացքում ամեն գրքից միջինում վաճառում է 40 օրինակ, ինչը սարսափելի ցածր ցուցանիշ է. «Մենք գիտաֆանտաստիկ ժանրի շատ գրքեր ունենք, ինչո՞ւ ենք դրանք հրատարակում, եթե ընթերցող չկա: Հետաքրքիր պատճառ կա: Չինաստանը 2006-ին հարց դրեց իր առջեւ` ինչո՞ւ վերջին հազարամյակում  կարողանում են ամեն բան արտադրել, բայց ոչինչ չեն ստեղծում:  Հետազոտական խումբը հարցում է անցկացնում աշխարհի ամենաստեղծագործ ընկերությունների (Apple Google, Microsoft, Toyota  Sony եւ այլն) ներկայացուցիչների շրջանում: Այս խենթ, տաղանդավոր մարդկանց պատասխանները մաքսիմալ տարբեր էին, ինքնատիպ, սակայն «Ի՞նչ եք կարդացել  մանկապատանեկան հասակում» հարցին նրանք միեւնույն պատասխանն էին տվել` «ֆանտաստիկ եւ գիտաֆանտաստիկ գրականություն»: Հասկանալով, որ Հայաստանի արդյունաբերական, գիտական ապագան կախված է ֆանտաստիկ գրականությունից, մենք հրատարակում ենք այդ գրքերը»:

 

Առաջիկայում հայ ընթերցողի սեղանին կլինի նաեւ Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի» վեպը` Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին