Պետեր Հանդկեի դանդաղ վերադարձը տուն - Mediamax.am

exclusive
5264 դիտում

Պետեր Հանդկեի դանդաղ վերադարձը տուն


Գրողներ Պետեր Հանդկեն եւ Ժարկո Ռադակովիչը
Գրողներ Պետեր Հանդկեն եւ Ժարկո Ռադակովիչը

Լուսանկարը` Openlettersmonthly.com

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

Պետեր Հանդկեն
Պետեր Հանդկեն

Լուսանկարը` Cicero.de

Կարլեն Մատինյանը
Կարլեն Մատինյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել ավստրիացի հանրահայտ գրող Պետեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» ժողովածուն: Թարգմանիչը Կարլեն Մատինյանն է: Ժողովածուն ներառում է «Կարճ նամակ՝ երկար հրաժեշտից առաջ» վեպը եւ «Դանդաղ վերադարձ տուն», «Դոն Ժուան», «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակները: Հրատարակությունն իրականացվել է Ավստրիայի կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ:  Թարգմանվող գործերի ընտրությունը նույնպես ավստրիական կողմինն է: 

 

«Ընտրել են տարբեր շրջանում գրված, մեկը մյուսից առանձնացող գործեր, որոնք ներկայացնում են հեղինակի ստեղծագործության ողջ գունապնակը` կազմելով հետաքրքիր անսամբլ», - մեզ հետ զրույցում ասաց Կարլեն Մատինյանը:

 

«Դանդաղ վերադարձ տուն», «Դոն Ժուան» վիպակները  փիլիսոփայական մտորումներ են: «Կարճ նամակ՝ երկար հրաժեշտից առաջ» վեպը հոգեբանական գործ է` փոքր ինչ կապված Հանդկեի անձնական կյանքի հետ: Ընդհանուր առմամբ` նա փակ անձնավորություն է եւ փորձում է սեփական ես-ը  շատ չբացել: Այդ իմաստով բացառություն է  մորը նվիրված վիպակը: Հանդկեն ժամանակ չուներ նրան հաճախ այցելելու, իր իսկ բնորոշմամբ`փառքի ոլորապտույտում էր: Մայրը մենակ մնալով ինքնասպան է լինում: Հանդկեն շատ ծանր է տանում մոր մահը եւ գրում է «Դժբախտություն, որ գալիս է ցանկությունների բացակայությունից»  կենսագրական վիպակը», - պատմեց թարգմանիչը:

Լուսանկարը` «Անտարես» հրատարակչություն

«Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակը առաջին անգամ թարգմանվել եւ հրատարակվել է 2005-ին («Նաիրի» հրատարակչություն)` Ավստրիայի կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարության կողմից ճանաչվելով լավագույն թարգմանություն: Այս  վիպակի հիմքում իրական պատմություն է` հայտնի դարպասապահի կյանքից, ով կարիերայի ավարտից հետո հայտնվում է հոգեբանական խորը ճգնաժամի մեջ: Ոչինչ չունի անելու, չունի աշխատանք, չունի ապրելու միջոցներ:

 

«Հանդկեն ցույց  է տալիս, որ դարպասապահի` ինքնությունը չկորցնելու միակ միջոցը լեզուն է,- պարզաբանում է թարգմանիչը:- Գտնվելով հյուրանոցում, լինելով հոգեկան ծանր վիճակում, նա խեղդում է իր հետ գիշեր անցկացնող կնոջը: Որովհետեւ այդ կինը գողանում է նրա բառերը. շարունակ ընդհատում է նրա խոսքը, կռահում մտքերը`թույլ չտալով արտահայտվել: Ուշքի գալով` փախչում է հեռավոր մի գյուղ, բայց հոգեպես կանխազգում է, որ դատաստանից խուսափել չի հաջողվի: Մտածում է` դարպասապահը միշտ վախենում է տասնմեկմետրանոցից, որովհետեւ սպասում է, որ ձախ կողմից հարվածը կգա, բայց աջից են հարվածում: Եվ միեւնույն վախն է զգում. չգիտի, թե ճակատագրի որ կողմից հարվածի սպասի, բայց գիտի, որ այդ հարվածը գալու է: Վիպակում ոչ մի կոնկրետ բան չի ասվում, սյուժեի կառուցվածքը վերացական է, բայց հագեցած խորքային իմաստներով», - ներկայացնում է Կարլեն Մատինյանը:

Կարլեն Մատինյանը Կարլեն Մատինյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Դանդաղ վերադարձ տուն» գրքում ներկայացված գործերը, կարծես, կապված են մեկ ընդհանուր գծով: Պատճառը գուցե Հանդկեի առանձնացող ոճն է, ապրումների ու շրջապատող աշխարհի մանրակրկիտ նկարագրությունը: Թարգմանիչը համաձայնելով մեր այս դիտարկմանը` հավելեց, որ Հանդկեն ոչ թե վերլուծում է, այլ սինթեզում, մանրուքներից գնում է դեպի խոշորը: Դրա համար իրեն համարում են մասնիկի մեծ վարպետ. ««Հանդկեի գործերում, մանավանդ «Դանդաղ վերադարձ տուն»,  «Կարճ նամակ՝ երկար հրաժեշտից առաջ» վիպակներում կա նաեւ լեզվական էքսպերիմենտ: Լեզվի խնդիրը գերմանալեզու գրականության մեջ շատ կարեւոր էր: Պատմական շրջադարձի  հետ մեկտեղ պետք է փոխվեին մարդու մտածողությունը, գիտակցությունը,   բառային, խոսքային կաղապարները,  որ կային նախապատերազմական եւ հետպատերազմական շրջանում: Իսկ մտածողության փոփոխության լավագույն ձեւը, ըստ Հանդկեի, լեզվական մտածողությունը վերափոխելն է: 20-րդ դարի լեզվափիլիսոփայության լավագույն  տեսաբան Լյուդվիգ Վիթգենշթայնը կարծում էր, որ լեզուն ոչ միայն արտահայտման միջոց է, այլեւ մտածողական օրգան: Այդ շրջանի ավստրիացի գրողները` Ինգեբորգ Բախմանը, էլֆրիդե Յելինեկը հետեւել են Վիթգենշթայնի տեսությանը` արտացոլելով այն գեղարվեստական պրակտիկայում: Դա նկատելի է  նաեւ Հանդկեի գործերում»:

Պետեր Հանդկեն Պետեր Հանդկեն

Լուսանկարը` Cicero.de

Թարգմանական գործընթացին անդրադառնալով` զրուցակիցս  նշեց, որ գերմանացիները սիրում են երկար բառեր ու նախադասություններ. «Ավելին`  ամենաերկար բառը, որ տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում, գերմաներեն է: Գերմաներենի թարգմանիչները փորձում են տրոհել երկար նախադասությունները, որ շատ խճճված չլինի: Բայց Հանդկեն ռեբուս է ստեղծում, այնպես է կապում նախադասությունները, որ չես կարողանում տրոհել: Պատահում է նախադասությունը հասնում է մեկ էջի ու նախադասության վերջում չես հիշում ինչ եղավ սկզբում: Գերմաներենը թույլ է տալիս այդպես արտահայտվել, բայց հայերենը կամ արեւմտյան որեւէ լեզու չունի գերմաներենի այդ ճոխությունն ու խորությունը»:

 

Պետեր Հանդկեի գրական լավագույն գործերի թարգմանությունը իրականացվել է Կարլեն Մատինյանի եւ գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի երկարատեւ ու համառ աշխատանքի շնորհիվ: Թարգմանիչը, ում որ դոկտորական թեզի գլուխներից մեկը նվիրված է Պետեր Հանդկեին, ընդգծում է, որ հաջողվել է ոչ թե վերաարտադրել, փոխանցել իմաստը, այլ թարգմանել ինչպես հարկն է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին