«Ավերակների մեջ»՝ ծանոթ-անծանոթ Զապել Եսայանը - Mediamax.am

exclusive
2720 դիտում

«Ավերակների մեջ»՝ ծանոթ-անծանոթ Զապել Եսայանը


Լուսանկարը`


Թեեւ Երեւանում գրող, կանանց եւ մարդու իրավունքների պաշտպան Զապել Եսայանի անվան փողոց կա, մարդիկ այն առավել հաճախ հիշում են հին` Նոյեմբերյան անվանմամբ: Մի քանի տարի առաջ հայ եւ համաշխարհային գրականության կարեւոր անուններից մեկն անհայտ էր շատերի համար: Այսօր շատ բան է փոխվել: Նրա գործերից մի քանիսն արդեն թարգմանվել են, իսկ բոլորովին վերջերս ԱՄՆ-ում լույս է տեսել «Ավերակների մեջ» վավերագրության անգլերեն թարգմանությունը:

 

«Հայ կանանց համաշխարհային ասոցացիայի» անդամ, խմբագիր Ջուդի Սարյանը մեզ հետ զրույցում խոսել է գրքի, թարգմանության կարեւորության, գրականության մեջ կնոջ դերի, սոցիալական հարցերի եւ գրական կապի մասին:

 

Ավերակների մեջ

 

- Զապել Եսայանը հավատում էր, որ գրականությունը ոչ թե զարդարանք, այլ սոցիալական հավասարության համար պայքարելու միջոց է: Մենք որոշեցինք հենց մարտի 8-ին հրատարակել « Ավերակների մեջ»-ը, որովհետեւ գրքում Եսայանը ազդեցիկ փաստարկներ է ներկայացնում մարդու իրավունքների վերաբերյալ:  Նա առաջին հայ գրողներից էր, որոնք հատուկ ուշադրություն դարձրին կոտորածների ժամանակ կանանց չարչարանքներին: Նա ձայն տվեց վերապրած կանանց՝ մի բան, որ նախկինում երբեւէ չէր արվել: Եսայանը հասկացավ, թե ինչպես էին ցեղասպանության ժամանակ առանձնապես թիրախավորվում կանանց մարմինները, ու հիմա դրանք Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող զանգվածային բռնությունների կարեւոր մասն են: Եսայանի խոսքերը մարգարեական էին եւ օգնում են մեզ ուշադրություն դարձնել ցեղասպանական գործընթացի ժամանակ անմեղ կանանց եւ երեխաների տանջանքներին:

 

- Իսկ որքանո՞վ էր կարեւոր 2014-ին արված թուրքերեն թարգմանությունը:

 

- Շատ կարեւոր էր: «Ավերակների մեջ»-ը Ադանայի ջարդերի ու դրանց հետեւանքների հաշվետվությունն է: Հարցերը, որոնց մասին Եսայանը գրել է նախաբանում, այսօր էլ հրատապ են Թուրքիայում: Ժամանակակից թուրքական կառավարությունն ավելի ինքնակալ է, եւ խոսքի ազատությունն ենթակա է հարձակման: Եսայանը գրել է, որ բռնապետությունը շարունակական խնդիր կլինի, եթե երկիրը ձախողի պատմական ճշմարտության առերեսումը, եւ այս խոսքերը նույնպես մարգարեկան էին: «Ավերակների մեջ»-ը ոգեշնչող է հասարակության առաջադեմ շերտերի համար, որովհետեւ քննարկման հարթակ է ստեղծում Թուրքիայի պատմության եւ երիտթուրքերի հեղափոխության ձախողման շուրջ:

 

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է քաղի հասարակության յուրաքանչյուր շերտ, այդ թվում` իշխանական սեկտորը այս աշխատություններից եւ որքանո՞վ դրանք կարող են օգտակար լինել ներկա խնդիրների լուծման համար` սկսած մարդու իրավունքներից մինչեւ ցեղասպանություն:

 

- Եսայանի գրվածքներն ու վկայագրությունները կարեւոր հարցերի են անդրադառնում, որոնցից շատերը վերաբերում են մարդու իրավունքներին: Եսայանի խոսքերը նախաձեռնողական ուղերձ են անհատներին, հասարակությանը եւ կառավարությանը: Իր անսահման քաջության շնորհիվ նա այսօր օրինակ է երիտասարդ կանանց եւ տղամարդկանց համար՝ տեր կանգնելու այն ամենին, ինչին հավատում են, պայքարելու անարդարության դեմ: Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները պետք է լսեն քաղաքացիների բողոքը, եթե ուզում են պահպանել իրենց իշխանությունը:

 

 

- Պրոֆեսոր Մարկ Նշանյանը մի հետաքրքիր փաստ է նկատել. Զապել Եսայանը գրքում ոչինչ չի գրել Կիլիկիայում իր ձախողման մասին, որը ոչ թե իր, այլ՝ Պոլսի հայկական համայնքի մեղավորությունն էր՝  ֆինանսական, պատրիարխալ հասարակության եւ այլ պատճառներով: Ի՞նչ եք կարծում, ինչու՞:

 

- Գրքում ու պոլսական մամուլում չքննադատելը կապված է որբերի խնամքի հետ, բայց հետագայում նա 4 հատվածից բաղկացած հոդված հրապարակեց Նյու Յորքի հայկական թերթերից մեկում: Այստեղ բարձրացրեց նաեւ օսմանյան մանկատներում թուրքերենն իբրեւ պաշտոնական լեզու կիրառելու խնդիրը: Վիճելի հարցերը Նյու Յորքի հայկական մամուլում հրապարակելով՝ նա, գուցե, փորձել է խուսափել նրանցից, ովքեր թուրք առաջնորդներին հայտնում էին, թե ինչ են գրում հայ գրողները Պոլսում: Հնարավոր է, որ այսպիսով նա նաեւ փորձել է զգուշացնել Ամերիկայում հաստատված հայկական սփյուռքին կոտորածների մասին եւ բարձրացնել մանկատներում պայմանները բարելավելու հարցը:

 

Կինը եւ գրականությունը

 

- «Սիլիհտարի պարտեզները», «Հոգիս աքսորյալ», այժմ` « Ավերակների մեջ»... Լարա Ահարոնյանի հեղինակած  «Զապել Եսայանին գտնելով» ֆիլմը դիտելուց հետո որոշեցիք գրողին ներկայացնել ավելի լայն շրջանակներին: Կարո՞ղ եք հիշել, թե ինչպես սկսեցիք այս ճանապարհը, ի՞նչ նպատակներ ունեիք այն ժամանակ եւ հիմա:

 

- Երբ առաջին անգամ դիտեցի «Զապել Եսայանին գտնելով» ֆիլմը, չէի կարողանում հավատալ, որ երբեք չէի լսել մեծ գրողի եւ քաղաքական ակտիվիստի մասին: Նա այնքան կարեւոր դեր է խաղացել ժամանակակից հայոց պատմության մեջ եւ, այնուամենայնիվ, ջնջվել: Ես գիտեի, որ մենք պետք է փոխեինք այս կաղապարը, բացահայտենք նրա գործերն ու հասցնենք առավել լայն հասարակությանը: Այսօր մեր նպատակը շարունակում է մնալ Զապել Եսայանի մասին տեղեկատվության տարածումն ու նրա կյանքի եւ մատենագրության մասին հետագա ուսումնասիրությունների աջակցումը: Նրա գործերից շատերը դեռեւս թարգմանված չեն, այդ թվում` կարեւոր նամակներ, որոնք պահվում են Երեւանի արվեստի եւ գրականության թանգարանի արխիվներում: Կարեւոր է վերլուծել Եսայանի առաջնային դերը հայկական համայնքում: Որո՞նք էին նրա ավանդները: Ո՞րն էր նրա տեսլականը: Արդյո՞ք հաջողակ էր: Ի՞նչ ազդեցություն թողեցին նրա ազատազրկումն ու սպանությունը Խորհրդային Հայաստանի հասարակության հյուսվածքի վրա:

 

- Ծանր ժամանակներում, որոնց մասնակից էր Զապել Եսայանը, գրականությունը փոփոխության միջոց էր: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այն ազդեցիկ այսօր` տաբուների հաղթահարման, խնդիրների բարձրաձայնման եւ գուցե նաեւ դրանց լուծման համար:

 

- Գրականությունը կարող է պայքարել մարդկային անտեղյակության դեմ, բայց այնքան հզոր զենք չէ, որքան առաջ էր, որովհետեւ մենք «թմբակոծված» ենք մեդիայի բոլոր տեսակներով: Գրականությունը կարող է յուրահատուկ կերպով անդրադառնալ հարցերին ու խնդիրներին, որոնք բարդ է ներկայացնել այլ ձեւաչափերով:

 

- Ձեր կարծիքով, որո՞նք են Զապել Եսայանին մեր ժամանակների հետ կապող համընդհանուր հանգույցները: Ի՞նչ համամարդկային ուղերձներ է թողել նա մեզ:

 

- «Ավերակների մեջ»-ի հիմնական ուղերձը հանուն ճշմարտության եւ մարդու իրավունքների համարձակ գործելն է: Ես հավատում եմ, որ Եսայանի գաղափարները վճռական են Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների համար:

Նա մեզ փոխանցել է կարեկցանքի կարեւորությունը Ցեղասպանության, պատերազմի, զանգվածային բռնության անմեղ զոհերի նկատմամբ: 1912-ին Բալկաններից Ստամբուլ հասած փախստականներին տեսնելով՝ նա գրում է. «Նրանք վտարվել են իրենց հողերից ու վերածվել փախստականների: Ի՞նչ ընդհանուր բան ունենք: Ո՞րն է մեր նմանությունը: Երբ նրանց հայացքներում վախի սարսափելի արտահայտություն տեսա, իմ ցավը, որ սկսել էր մարել, կրկին բոցավառվեց»:

 

Մարիամ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին